Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ամբոխի մեջ քրոջս տեսա, մտածում էի՝ մեր վերջին հանդիպումն է | Արցախյան բռնագաղթ. վկայություններ #37

16 Դեկտեմբերի 2023, 21:00

Արցախից բռնի տեղահանված Անգելինա Գրիգորյանն ու նրա սկեսուրը Երեւան տեղափոխվելուց հետո վերսկսել են քաղցրավենիքի եւ մակարոնի բիզնեսով զբաղվել: Այստեղ ցուցահանդեսների են մասնակցում, ներկայացնում իրենց ապրանքը, փորձում են նաեւ խոշոր սուպերմարկետների հետ գործակցել:

Արցախում այս բիզնեսները բացել էին 2020թ. պատերազմից մեկ ամիս առաջ, հետո փակեցին այն, վերաբացվեցին երկու տարի անց՝ 2022թ. դեկտեմբերին: Մեկ շաբաթ հետո սկսվեց շրջափակումը ու չնայած ծանր պայմաններին՝ շարունակեցին արտադրությունն, իհարկե, քիչ քանակով:

Alpha News-ը զրուցել է 22-ամյա Անգելինայի հետ, որը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, հրադադարից հետո Արցախում ստեղծված իրավիճակի եւ հայրենիքից բռնագաղթելու մասին:

Պատերազմն անակնկալ չէր Անգելինայի ու նրա ընտանիքի համար: Արցախում տիրող հումանիտար աղետը տեսանելի ապագա էր կանխորոշել:

«Պատերազմից մի քանի օր առաջ ես ասացի, որ չեմ ուզում քույրերս ու եղբայրներս դպրոց գնան, բայց հենց պատերազմի օրը, երբ արթնացա, խստությանս համաձայն ասացի, որ պետք է դպրոց գնան, առանց այդ էլ քովիդի, պատրերազմի ու շրջափակման պայմաններում երեխաները շատ էին տուժել: Երեխաները գնացին դպրոց, հետո ինձնից մեծ քրոջս խնդրեցի, որ հեռախոսս լիցքավորի, երբ տնից դուրս եկավ, որ տերմինալով վճարումը կատարի, ուժեղ պայթյունի ձայն լսեցի, հասկացա, որ պատերազմը սկսվել է:

Ծանր ապրումներով օր էր, երեք ամսվա ծառայող եղբորիցս լուր չունեինք, կապ չկար, անհանգիստ էինք: Այդ ամենի ֆոնին լսվում էր ամեն պայթյունի ձայնը, ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտի արվարձաններում էին: Տնից դուրս եկա, որ եղբորս զանգեմ, մեր տնից մի քանի տուն այն կողմ սնարյադն ընկավ: Մութն ընկնելուն պես ադրբեջանցիներն արդեն ինքնաթիռներով էին հրթիռակոծում, ավիրում շենքեր, տներ, մեքենաներ: Մեր տանը չէինք կարող մնալ, որովհետեւ վտանգավոր էր, գնացինք մեր հարազատների տուն»,- հիշում է 22-ամյա Անգելինան:

Խուճապի, անորոշության պայմաններում Անգելինայի ընտանիքը հարկադրված դուրս է եկել Արցախից:

«Հրադադարից հետո, երբ որոշեցինք տուն գնալ ու մի քանի իր վերցնել, ադրբեջանցիները սկսեցին խփել, ձայնը մոտիկից էր գալիս: Մարդկանց կեսը խուճապից դրդված գնում էր օդանավակայան, մյուս կեսը, որը մեքենա կամ բենզին չուներ, քարացած կանգնած էր: Էդ ամբոխի մեջ տեսա ամուսնացած քրոջս, վազեցինք դեպի իրար, ես անգամ մտածում էի, որ էլ քրոջս չեմ տեսնելու, մեր վերջին հանդիպումն է: Էդ պատկերը մինչեւ հիմա հիշողությունիցս դուրս չի գալիս: Մենք չգնացինք օդանավակայան: Հետո տեղի ունեցավ Հայկազովի տարածքի բենզինի պահեստի պայթյունը: Մենք ստիպված եղանք դուրս գալ Արցախից, մտածում էինք, որ ձմռանը կմեռնենք, որովհետեւ ոչ մի բան չունեինք:

Խոսակցություններ էին տարածվում, որ նախագահական նստավայրի առաջ ադրբեջանական դրոշ է տեղադրվելու: Անհավանական էր, որ մեր աչքի առաջ կարող են ադրբեջանցիներն իրենց դրոշը տեղադրել: Անգամ տեղեկություններ կային, որ մինչեւ հինգ օրվա ընթացքում դուրս չեկողը մնալու է Արցախում՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո ապրի: Մենք նաեւ էդ պատճառով դուրս եկանք Արցախից, մենք էլի կմնայինք, բայց երեխաները մեղավոր չեն, որ տեսնում են էդքանը»,-  ասում է Անգելինան:

Անգելինան սեպտեմբերի 27-ին է Ստեփանակերտից դուրս եկել: Իր հետ բերել է նաեւ երկու կատուներին ու շանը, առանց որոնց իր խոսքով՝ չէր կարող մնալ: Շուրջ երկու օր անց արդեն Հայաստան է հասել:

Անգելինան Արցախով է ապրում, կարոտում ծննդավայրը, Արցախի հետ կապված ամեն ինչը ու հույս փայփայում, որ մի օր վերադառնալու է, բայց հայկական Արցախ:

Մանրամասները՝ տեսանյութում: