ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Ադրբեջանին մեծ պատերազմի են նախապատրաստում
15 Հոկտեմբերի 2025, 19:00
(Ի՞նչ դեր է հատկացված Հայաստանին արյունալի այս ներկայացման մեջ)
«Հարավային Կովկասի տարածաշրջանը շարունակում է փոխակերպվել «online» ռեժիմով։ Փոփոխությունների մեկնարկը տրվել է դեռևս 2018 թվականին, երբ իշխանության բերվեց Նիկոլ Փաշինյանը, ում Ադրբեջանում համարում են «իրենցը»։ Արցախի անկումից, ԼՂՀ-ում էթնիկ զտումներից հետո, իրադարձությունները միայն արագացան։
Հարավային Կովկասի տարածաշրջանի փոխակերպման և այն ապագա լայնածավալ ռազմական գործողությունների թատերաբեմի վերածելու գործընթացում կարևորագույն հանգրվան դարձավ օգոստոսի 8-ը։ Հենց այդ օրը Վաշինգտոնում Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ/ներկայությամբ, ստորագրեցին մի փաստաթուղթ, որը Բաքվին տրամադրում է «Զանգեզուրի միջանցքը»՝ Հայաստանի տարածքով Նախիջևանի և Թուրքիայի հետ կապի համար։ Բացի այդ, պաշտոնական Վաշինգտոնը չեղարկեց «Ազատության ակտի» 907-րդ ուղղումը, որը խոչընդոտ էր Ադրբեջանին ամերիկյան զենքի ուղղակի և լայնածավալ մատակարարումների համար։
Այս քաղաքական ակտը պետք է արդեն իսկ անհանգստություն առաջացներ թե՛ Մոսկվայում, թե՛ Թեհրանում, քանի որ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի բանակների սերտագույն փոխգործակցությունը, հաշվի առնելով ադրբեջանական բանակի փաստացի ինտեգրումը ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներին, ակնհայտ էր, որ Բաքվի ռազմականացման շարունակությունը ինքնանպատակ չէ, այլ նախապատրաստություն է լայնածավալ մարտական գործողությունների։
Իսկ արդեն հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիան նույնպես հանում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման արգելքը։
1992 թվականից գործող էմբարգոն արդեն անտեղի է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած «պատմական գագաթնաժողովից» հետո, — բրիտանական խորհրդարանին ուղղված ուղերձում նշել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին։ «Մեծ Բրիտանիան ամբողջությամբ հանում է Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն։ Սա թույլ կտա զարգացնել համագործակցությունը անվտանգության ոլորտում և օգնել երկրներին պաշտպանել ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ պատասխանելով հիբրիդային սպառնալիքներին», — նշված է փաստաթղթում։
«Հիբրիդային սպառնալիքներ»… Բառակապակցություն, որը վերծանվում է որպես «սպառնալիքներ, որոնք բխում են Ռուսաստանից և աշխարհակարգին սպառնացող այլ «տոտալիտար երկրներից»։ Այնպիսի երկրներից, ինչպիսին, օրինակ, Իրանն է։
Սակայն Բաքուն առավելագույնս ձգձգելու է բաց զինված հակամարտության մեջ մտնելը թե՛ Իրանի, թե՛, առաջին հերթին, Ռուսաստանի հետ։ Դրա վկայությունն է Իլհամ Ալիևի պահվածքը Դուշանբեում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը (զվարճալի էր դիտել, թե ինչպես էր Ալիևը հերթական անգամ շնորհավորում Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ և գրեթե յուրաքանչյուր արտահայտությունից հետո շնորհակալություն հայտնում ՌԴ նախագահին, թեև վերջերս ԽՍՀՄ կազմում գտնվելու ժամանակահատվածն անվանում էր օկուպացիա), ինչպես նաև Բաքվում կայացած եռակողմ բանակցությունները ՌԴ և Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ քննարկման կենտրոնում էր «Հյուսիս-Հարավ» Միջազգային Տրանսպորտային Միջանցքի (ՄՏՄ) նախագիծը։
Ռուսաֆոբիա և իրանաֆոբիա վաճառելով՝ Ալիևը կարդիականացնի իր բանակը, բայց առաջին հարվածը կհասցնի իր շրջապատի ամենաթույլ օղակին՝ Հայաստանին։ Օգոստոսի 8-ի փաստաթուղթը կարող է նրան դա անելու առիթ տալ։
Բրիտանիայի որոշման հետ կապված իրավիճակում կա ևս մեկ կարևոր նրբերանգ՝ փողը։ Շատ փող, ընդ որում՝ նաև կոռուպցիոն փող։ Շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, հնարավոր է, 1 մլն ֆունտ ստերլինգ կաշառք է ընդունել բրիտանական զենք արտադրող QinetiQ ընկերության խոշորագույն բաժնետեր Քրիստոֆեր Հարբորնից, որի ռոբոտներն ու դրոնները մատակարարվում են Կիևին։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով փաստաթղթերի արտահոսքին։
Պարզ ասած, Բրիտանիայի նախկին վարչապետը կաշառք էր վերցնում Ուկրաինայում պատերազմի շարունակման լոբբինգի համար։ Հենց այս մարդն էր 2022 թվականի գարնանը կոչ անում Վլադիմիր Զելենսկուն կռվել մինչև վերջ, «մինչև վերջին ուկրաինացին», թեև ապրիլի 9-ին արդեն նշանակված էր Պուտինի և Զելենսկու հանդիպումը, որը պետք է վերջ դներ պատերազմին և արյունահեղությանը։ Իսկ այժմ բրիտանացիները ցանկանում են յուրացնել նաև ադրբեջանական ու հայկական շուկաները և Հայաստանի ու Ադրբեջանի պատերազմի հերթական փուլից առաջ ցանկանում են գումար վաստակել բարիկադների երկու կողմերում էլ։
Սպասե՛ք Բորիս Ջոնսոնի շուտափույթ այցին Երևան և Բաքու…
Մտածե՛ք այդ մասին․.․»։