«ԱՄՆ-ը հեռանում է Ուկրաինայից». ինչ են մտածում այս մասին Հայաստանի իշխանությունները
24 Ապրիլի 2025, 19:00
(Հայաստանի իշխանությունները պատրա՞ստ են ուկրաինական ճգնաժամից ազատված Ռուսաստանին)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Կատարվում է այն, ինչը կարելի էր կանխատեսել դեռ 2024 թվականի վերջին՝ Վաշինգտոնը դուրս է գալիս ուկրաինական ճգնաժամից։ Եվ եթե դեռ փետրվարին Փիթ Հեգսեթի՝ «ԱՄՆ առաջնահերթությունների թվում Եվրոպայի թեման չկա, կա միայն Չինաստանի զսպումն ու սեփական սահմանների ապահովումը» բովանդակությամբ հայտարարություններից հետո շատերը չէին հասկանում, որ «ԱՄՆ-ն ավարտում է իր ակտիվությունն Ուկրաինայում», ապա ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի վերջին հայտարարություններից հետո այս հարցում այլևս կասկած չկա։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց, որ ԱՄՆ-ը կդադարի միջնորդությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում, եթե իր առաջարկներին դրական պատասխան չստանա։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի կտրուկ էր իր հայտարարություններում՝ նշելով, որ եթե ԱՄՆ-ի առաջնորդությամբ բանակցությունները ձախողվեն, Ուկրաինան կարող է Ռուսաստանից ստանալ ավելի խիստ պայմաններ։ Այս ամենը հայտարարվեց Լոնդոնում սպասվող բազմակողմ բանակցություններից առաջ, որտեղ ներկայացված էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի բարձրաստիճան ներկայացուցիչները՝ պատերազմի խաղաղ կարգավորման հնարավորության շուրջ։
ԱՄՆ-ը ոչ միայն դուրս է գալիս Ուկրաինայից, այլև պատերազմի ամենավճռորոշ փուլից առաջ միանում է հաղթողների ճամբարին և հայտարարում Ռուսաստանի հետ գործարար հարաբերություններ ունենալու ցանկության մասին՝ սկսած Դոնբասից մինչև Արկտիկա։
Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ՀՀ իշխանություններն ինչ են մտածում այս իրավիճակի մասին։ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Գրիգորյանը չեն ցանկանում հայտարարել, որ «դա Ուկրաինան չէ, որ մեջքով թեքվեց ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին, այլ հենց Վաշինգտոնն է դուրս գալիս Ուկրաինայից»։
Բայց այս իրավիճակում կա ավելի կարևոր հարց. արդյոք ՀՀ իշխանությունները պատրաստ են «նոր Ռուսաստանին»։ Պատրա՞ստ են համագործակցել Ռուսաստանի հետ, որն այլևս ազատ է պատերազմից և որն ԱՄՆ-ի կարևորագույն տնտեսական գործընկերներից մեկն է դառնում Եվրասիայում։
Մտածե՛ք այդ մասին․․․»։