Անասնակե՞ր, թե՞ էժան հաց․ ինչ բերեց Բաքու-Երևան «խաղաղության գնացքը»․ «Ուշադրությունից դուրս»
16 Նոյեմբերի 2025, 13:00
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից երեք ամիս անց, Հայաստանի վարչապետն՝ իբրև հայ-ադրբեջանական երկար սպասված խաղաղության առաջին պտուղ, »ներկայացրեց նոր լոգիստիկ երթուղով՝ Ղազախստանով, Ռուսաստանով, Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան տեղափոխվող 1000 տոննա ղազախական ցորենը։
Նոյեմբերի 6-ին տասնհինգ վագոն ցորենով բեռնված գնացքը ժամանեց. պարզվեց՝ ի հեճուկս իշխանությունների, ցորենը ռուսական էր։
Միայն երկու օր անց՝ նոյեմբերի 8-ին, Հայաստան ժամանեց նաև ղազախական ցորենով բեռնված գնացքը։ Այս անգամ էլ պարզվեց, որ չակերտավոր խաղաղության սիմվոլը՝ ղազախական ցորենը, չորրորդ կարգի է, որն, ըստ մասնագետների, պիտանի է անասնակերի պատրաստման համար։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը բացատրում է՝ չորրորդ կարգի ցորենը կարող է կիրառվել և՛ սննդարդյունաբերության մեջ, այդ թվում՝ դրանով կարելի է և՛ հաց պատրաստել, բայց միայն համապատասխան վերամշակումից հետո։ Մասնագետի խոսքով՝ Կառավարության ներկայացուցիչները շտապել են իրենց գնահատականներում՝ առանց ցորենի համապատասխան փորձաքննության ընդունելով այն հանրային կարծիքը, թե Ղազախստանից բերված հացահատիկն ընդամենը անասնակեր է։ Պիպոյանի գնահատմամբ՝ իշխանության կողմից հարցին ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն ավելի է շփոթեցրել հանրությանը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն համոզմանը, թե ցորենի այլընտրանքային ճանապարհի շնորհիվ (Բաքու-Թբիլիսի-Երևան) նվազելու է հացի գինը, համաձայն չէ տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։ Նա վստահեցնում է, որ քաղաքացիներն առաջիկա մեկ-երկու ամսում սեփական աչքերով կհամոզվեն, որ խանութներում հացի գինը մնացել է նույնը։
Այս շաբաթ «AlphaNews»-ի ուշադրությունից դուրս չի մնացել Բաքվի ճանապարհով Հայաստան բերված հացահատիկը։