Անկարա՞ն է ընտրում Հայաստանի վարչապետին
20 Հունվարի 2026, 19:30
(Հայաստանի քաղաքացիական հասարակությունը աջակցո՞ւմ է Թուրքիայի միջամտությանը ՀՀ ներքին գործերին)
«Հայաստանի քաղաքական խճանկարը 2026 թվականի ընտրություններից առաջ սկսում է ձեռք բերել դիմագծեր, որոնք դժվար է զուտ ներքին անվանել: Եթե նախկինում հանրապետության ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցությունը փորձում էին քողարկել «ժողովրդավարական ինստիտուտների աջակցության» ներքո, ապա այսօր դիմակները վերջնականապես պատռված են՝ ի ցույց դնելով բացահայտ և ցինիկ օտարերկրյա ներգործության մեխանիզմները: Մենք ականատես ենք լինում աննախադեպ մի գործընթացի. տարածաշրջանային և արտատարածաշրջանային առանցքային խաղացողները, որոնց շահերը պատմականորեն հակասում են ուժեղ և ինքնիշխան Հայաստանի գոյության փաստին, իրականում հանդես են գալիս որպես գործող իշխանության գլխավոր «քաղտեխնոլոգներ» և կայունության երաշխավորներ:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունը գալիք ընտրությունների համատեքստում Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին՝ սոսկ դիվանագիտական ռևերանս չէ, այլ ուղղակի «ինտերվենցիա ինքնիշխան պետության քաղաքական դաշտ»: «…Հայաստանում 2026 թվականի հունիսին անցկացվելու են ընտրություններ, այդ գործընթացը կարևոր փուլ է լինելու և մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայում առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերակատարմանը, որը նա ցուցաբերում է այս հարցում։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվի…»,- բառացի հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Ֆիդանը բացահայտ փաստել է, որ Անկարան կողմնորոշվել է իր ֆավորիտի հարցում՝ ընդգծելով այն «կառուցողական դերը», որը խաղում է ներկայիս վարչապետը: Թուրքիայի համար Փաշինյանը վերածվել է իդեալական «տարածաշրջանային մենեջերի», որի օրոք 7,5 տարվա ընթացքում ձեռք են բերվել նպատակներ, որոնք տասնամյակներ շարունակ անհասանելի էին թվում. Արցախի սուբյեկտայնության լիակատար վերացում, փաստացի համաձայնություն թուրքական պայմաններով սահմանի բացմանը և «Զանգեզուրի միջանցքի» հայեցակարգի առաջմղում, որն ունակ է վերջնականապես երկու մասի պատռել Հայաստանը:
Նման դասավորության պայմաններում տարօրինակ կլիներ չնկատել Երևանի, Բաքվի և Անկարայի միջև «համաձայնեցված քաղաքական խաղի» վերաբերյալ կասկածների աճը։ Երբ անտագոնիստ երկրի ԱԳ նախարարը հղում է անում հայաստանյան սոցհարցումներին և հաջողություն մաղթում կոնկրետ թեկնածուի, նա հստակ ազդակ է հղում՝ ներկայիս կուրսի շարունակականությունը ձեռնտու է Թուրքիային, քանի որ այն երաշխավորում է Հայաստանի կողմից հետագա միակողմանի զիջումները:
Այս գործընթացը լրացվում է Իլհամ Ալիևի «նախընտրական բոնուսներով», ինչպիսիք են էժան բենզինի մատակարարումները, ինչը հանրագումարում Հայաստանը վերածում է մի օբյեկտի, որի ճակատագիրը ցանկանում են որոշել արտաքին դերակատարները: Սրան զուգահեռ՝ Բաքուն շարունակում է ակտիվորեն առաջ մղել «Արևմտյան Ադրբեջանի» կործանարար թեզը՝ փաստացի տարածքային հավակնություններ ներկայացնելով Հայաստանի ողջ մնացած տարածքի նկատմամբ: Ստացվում է մի չարագուշակ դուետ. մի ձեռքով Ալիևը վառելիք է ուղարկում Փաշինյանի վարկանիշը պահելու համար, իսկ մյուսով՝ գաղափարական հող է նախապատրաստում հանրապետության ապագա կլանման համար:
Սակայն այս իրավիճակի ոչ պակաս մտահոգիչ կողմը Հայաստանի այսպես կոչված քաղաքացիական հասարակության արձագանքն էր: Փոխանակ հանդես գալու որպես ազգային անվտանգության վահան և վճռականորեն դատապարտելու ցանկացած միջամտություն ներքին գործերին, խոշորագույն ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք տասնամյակներ շարունակ գոյատևում են արտասահմանյան դրամաշնորհների հաշվին, նետվեցին պաշտպանելու Հաքան Ֆիդանին: Իշխանամետ ակտիվիստները սկսեցին շրջանառել թեզեր այն մասին, թե իբր թուրք նախարարի խոսքերը «սխալ են մեկնաբանվել» ընդդիմության կողմից, կամ էլ ընդհանրապես Թուրքիայի նուրբ փորձն է՝ «վնասելու» Փաշինյանին «արջի ծառայության» միջոցով: Դրամաշնորհային ակտիվիստների նման «մտավոր մարմնամարզությունը» ակնառու կերպով ցույց է տալիս, որ քաղաքացիական հատվածի զգալի մասը վերածվել է իշխանության «պահեստային անվադողի» և արտաքին ներգործության լեգիտիմացման գործիքի:
Երբ պետական ինստիտուտները չեն կարողանում ուղղակիորեն արդարացնել Անկարայից հնչող հիացական արձագանքները, ասպարեզ են իջնում ՀԿ-ները՝ օտարերկրյա օրակարգը քողարկելով «անկախ վերլուծության» քողի տակ: Սա ապացուցում է խորը համակարգային ճգնաժամը. Հայաստանում քաղաքացիական հասարակության ներկայիս համակարգը ֆինանսապես և գաղափարապես կապված է արտաքին ուժային կենտրոնների հետ, որոնց նպատակներն այսօր պարադոքսալ կերպով համընկնում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի հետ՝ տարածաշրջանից ցանկացած այլ ազդեցություն դուրս մղելու և թուրքական մենաշնորհ հաստատելու հարցում:
Ստեղծված իրավիճակը թելադրում է քաղաքացիական հատվածի արմատական բարեփոխման խիստ անհրաժեշտություն: Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հանդուրժել մի կառույց, որը ժողովրդավարության պաշտպանության անվան տակ սպասարկում է օտարերկրյա պետությունների շահերը՝ ի վնաս ազգային շահերի: Անվերահսկելի արտասահմանյան դրամաշնորհներին պետք է փոխարինեն հասարակական նախաձեռնությունների աջակցության թափանցիկ պետական ծրագրերը: Ցանկացած ՀԿ պետք է ֆինանսապես կապված լինի Հայաստանի հետ և հաշվետու լինի նրա շահերին, որպեսզի հասարակական կազմակերպությունները աշխատեն պետության հզորացման, այլ ոչ թե նրա կապիտուլյացիայի տեղեկատվական ուղեկցման համար:
Առանց քաղաքացիական հասարակության «ազգայնացման»՝ ինքնիշխանության մասին ցանկացած խոսակցություն մնում է դատարկ հռչակագիր: 2026 թվականի ընտրությունները երկրի համար կդառնան ճշմարտության պահը: Կա՛մ Հայաստանը ուժ կգտնի վերականգնելու իր սուբյեկտայնությունը և ստիպելու հարգել իր ներքին գործընթացները, կա՛մ վերջնականապես կամրագրի իր կարգավիճակը որպես մի տարածք, որտեղ իշխանությունը նշանակվում և պահպանվում է Անկարայի ու Բաքվի հավանությամբ՝ դրսից վճարվող ակտիվիստների ծափահարությունների ներքո:
Թուրքիան այսօր գտնվում է ավելի լավ վիճակում, քան երբևէ. նա ի դեմսՀայաստանի ներկայիս ղեկավարության գտել է իր տարածաշրջանային հավակնությունների կարգապահ կատարողին: Գլխավոր հարցը մնում է բաց. ի վերջո ո՞վ է շնորհավորելու հաղթողին 2026-ի հունիսին՝ հայ ժողովո՞ւրդը՝ իր երկրին արժանապատվության վերագտման առթիվ, թե՞ Անկարան՝ իր «լավագույն մենեջերին»՝ հանրապետության հետագա ապամոնտաժման մանդատի երկարաձգման համար:
Մտածե՛ք այդ մասին․․․»։