Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Անթալիայում տեղի է ունեցել Հայաստանի անվերապահ կապիտուլյացիայի «փորձը»

15 Ապրիլի 2025, 19:00

(Փաշինյանն ունակ չէ Հայաստանը դուրս բերել իր իսկ կողմից ստեղծած իրավիճակից)

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված Անթալիայի դիվանագիտական 4-րդ ֆորումը տեղի ունեցավ ապրիլի 11-13-ը։ Ցավով պետք է նշել, որ ֆորումում Հայաստանը ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ էր, այլ՝ «սեղանին»։Այս եզրակացության կարելի է գալ՝ ծանոթանալով ինչպես ֆորումի մյուս մասնակիցների օրակարգին, այնպես էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ֆորումի շրջանակներում արած հայտարարություններին։

Այսպես, Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը վստահություն է հայտնել, որ Հայաստանը կկատարի իր Սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխությունները։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն էլ որոշել է Հարավային Կովկասի տարածաշրջանում վստահության ամրապնդումն իրականացնել Հայաստանի հաշվին։

««Զանգեզուրի միջանցքը» կարելի է դիտարկել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում վստահության ամրապնդման կարևոր միջոց», — նշել է նա։

Իր հերթին Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ առաջարկելով Բաքվին ստորագրել «խաղաղության պայմանագիր» և Մինսկի խմբի լուծարման փաստաթուղթը՝ 10 րոպե տարբերությամբ։ Նա նաև նշել է, որ Երևանն առաջարկ է արել Ադրբեջանին հաղորդակցությունների վերաբերյալ, համաձայն որի՝ ադրբեջանցիները հնարավորություն կունենան օգտվել հայկական երկաթուղային ենթակառուցվածքներից, իսկ հայկական կողմը՝ ադրբեջականից։ «Մենք առաջարկել ենք օգտագործել էլեկտրոնային սարքեր, որոնք թույլ կտան խուսափել բեռների ֆիզիկական ստուգումից, ինչպես նաև ներդնել էլեկտրոնային հայտարարագրեր, որոնց միջոցով անհրաժեշտ տեղեկատվությունը կփոխանցվի համապատասխան մարմիններին, որպեսզի տարանցումը հնարավոր լինի իրականացնել առավել արագ», — նշել է Միրզոյանը։ «Միրզոյանականից» ավելի հասկանալի լեզվով ասած՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին տրամադրել միջանցք՝ Հայաստանի տարածքով անխոչընդոտ երթևեկություն՝ սահմանային հսկողությունն ու զննությունը փոխարինելով սկաներներով։

Այլ կերպ ասած, Անթալիայում տեղի ունեցավ Հայաստանի անվերապահ կապիտուլյացիաի «փորձը», որին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը շրջում էր գյուղերով և համոզում ՀՀ քաղաքացիներին, որ երկաթուղու բացումից Հայաստանը միլիարդների շահույթ կստանա։ Այսինքն՝ Փաշինյանը ակտիվորեն քարոզում էր միջանցքի օգտին։ «Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել: Այս երկաթուղին մեզ վնաս չի բերի, այլ կբերի միլիարդավոր շահույթներ, անվտանգություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավասություն և փոխադարձություն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Հետաքրքրական է, սակայն, որ նույնիսկ այս կապիտուլյացիան Բաքվին բավարար չէ։ Նրանք, նույնիսկ Սահմանադրության վերջնական փոփոխությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո, նոր պահանջներ կներկայացնեն Հայաստանին՝ «օկուպացիայի տարիների» համար «վնասի փոխհատուցումից» մինչև «ադրբեջանցի փախստականների» վերաբնակեցում Հայաստանում։ Կարդացեք ադրբեջանցի տարբեր պաշտոնյաների՝ Հիքմեթ Հաջիևից մինչև Մեջլիսի պատգամավորների հայտարարությունները։ Նրանք անկեղծ են Հայաստանի ժողովրդի հետ և իրենց հայտարարություններն անում են ոչ միայն «ներքին օգտագործման» համար։

Տրամաբանությունն ու առողջ բանականությունը հուշում են, որ Փաշինյանի ստեղծած իրավիճակից նա ինքը Հայաստանը դուրս բերել չի կարող։ Չի կարող դուրս բերել՝ պահպանելով ներկայիս տարածքներն ու ինքնիշխանության մակարդակը։ Կարևոր է, որ այս պարզ ճշմարտության գիտակցումը հասնի ինչպես քաղաքական, այնպես էլ հայկական բիզնես էլիտային։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հիմա եթերում