Արարատ Միրզոյանը վախենո՞ւմ է ուղիղ մատնանշել Ադրբեջանին
05 Հունիսի 2024, 13:00
(Իշխանությունները մի քանի տարի ստում էին, թե «բանակցությունները Բաքվի և Անկարայի հետ փոխկապակցված չեն»)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Արդեն բավական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունները փորձում են հասարակությանը համոզել, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցային գործընթացները կապված չեն միմյանց հետ։ Եվ դա անում են այն դեպքում, երբ պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների հետ բանակցություններին մշտապես ներկա է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև բանակցությունների գլխավոր պատասխանատու Ռուբեն Ռուբինյանը։
Սակայն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը կարելի է մեկնաբանել որպես բանակցային գործընթացներիի տարամջատման մասին այս թեզի ուղղակի հերքում։ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններում շատ առողջ երկխոսություն կա։ Կան նաև պայմանավորվածություններ, հիմնականները, ցավոք սրտի, դեռ չեն իրականացվել երրորդ գործոնի պատճառով»,- ՀՀ ԱԺ-ում ասել է Միրզոյանը։
Ի թիվս այլ բաների, լավ կլիներ հասկանալ, թե երբ Արարատ Միրզոյանը սկսեց խուսափել հրապարակայնորեն նշել, որ «Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը» խոչընդոտող «երրորդ գործոնը» Ադրբեջանն է։ Ավելին, սա հատկապես ծիծաղելի է թվում, եթե հաշվի առնենք՝ ընդամենը 2 տարի առաջ Միրզոյանը համարձակություն ունեցավ հայտարարելու, որ Անկարան հայ-թուրքական գործընթացը սինխրոնիզացնելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։
Այս «սինխրոնիզացիայի» մանրամասները 2022 թվականի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը հանձնեց Ադրբեջանին, բացահայտեց Թուրքիայի արտգործնախարարության նախկին ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, ով հայտարարեց, որ սկզբունքորեն սխալ է կարծել, թե Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունը տարանջատված է Ադրբեջանից։
«Մենք Ադրբեջանից անկախ չենք գործելու, 2009-ին կային որոշակի անհամապատասխանություններ, բայց այսօր Թուրքիայի նախագահն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն մշտական կապի մեջ են։ Այս գործընթացն ուղղված չէ Բաքվի դեմ։ Այս գործընթացը նրանց օգուտ կտա»,- ասել է նա։
Չավուշօղլուն պատահական չի հիշել 2009 թվականը՝ ֆուտբոլային դիվանագիտության շրջանը, երբ այդ թվում Ադրբեջանի գործընթացին ուղղակի միջամտությունն անհնարին դարձրեց «Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը»։ Այսօր իրավիճակը ճիշտ նույնն է, ինչ 15 տարի առաջ. առանց Բաքվի պահանջների լիարժեք բավարարման՝ Ադրբեջանը կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Երևանի և Անկարայի հարաբերությունները զարգանան։ Անշուշտ, Թուրքիան պահանջներ ունի Հայաստանից նույնիսկ առանց Ադրբեջանի (Սահմանադրության, Հայաստանի զինանշանի, Արարատ լեռան հետ կապված սիմվոլիկայի և այլն) հարցի, սակայն փաստացի այս հարցում իր դերն ունի նաև պաշտոնական Բաքվի գործոնը, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերություններ չեն հաստատվում: Ու որքան էլ ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը եվրոպացի պաշտոնյաներին Մարգարայի մաքսատուն տանի, դրանից սահմանն ավելի շուտ չի բացվի։
Խոսելով հայկական սիմվոլների մասին… Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրավելով Ֆրանսիան և հանրապետության տարածքների մի մասում ստեղծելով խամաճիկային կառավարություն՝ ֆաշիստները վերահսկողության տակ վերցրեցին Ֆրանսիայի Հանրապետությունը փոխարինելու եկած Վիշիի ռեժիմը։ Ֆրանսիայի Հանրապետության կարգախոսը՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն», փոխարինվեց «Աշխատանք, Ընտանիք, Հայրենիք» կարգախոով։ «La Marseillaise»-ը պաշտոնապես մնաց Վիշիի օրհներգը, բայց գերմանացիների պահանջով այն արգելվեց, և բուն օրհներգը դարձավ մարշալ Պետենի «Մարշալ, մենք այստեղ ենք» երգը, որը ղեկավարում էր ֆաշիստներին հավատարիմ Վիշիի ռեժիմը …:
Մտածե՛ք այդ մասին…»։