Արցախի հանձնումը խրախուսելով՝ Մակրոնը «ճանապարհ էր հարթում ՀՀ-ի բարգավաճման» համար, թե՞ պատժում էր մեզ
22 Մարտի 2024, 12:20
(Մակրոնը պատրա՞ստ է հրաժարվել «Մարսելյեզ»-ից)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է պատժել Հայաստանին:
«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին այն բանի համար, որ նա ընտրել է պայքարն անպատժելիության դեմ՝ միանալով Միջազգային քրեական դատարանին, և նրա համար, որ Հայաստանը պարզապես ընտրել է դեմոկրատիայի և իրավական պետության ճանապարհը»,- ասել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը։
Գաբրիել Ատալը քննադատել է «Ռուսաստանի կոմպլիմենտար վերաբերմունքը, որը չի դատապարտել ուժի կիրառումն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում», որտեղ մինչև անցած տարվա վերջ ապրում էր հայ բնակչության մեծամասնություն, — ասել է նա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ։
Իսկապես արժե ընդունել, որ ֆրանսիացի քաղաքական գործիչները սովորել են շատ նրբանկատորեն խաղալ հայ ժողովրդի զգացմունքների վրա, սովորել են խոսել գրավիչ վերնագրերով։
Ֆրանսիայի վարչապետի այս խոսքերը, ինչպես նաև այն տեղեկությունը, որ Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները, կդառնան իշխանության լրատվամիջոցների և նրանց «փորձագետների» համար լավ վերնագրեր։
Պարոն Ատալը Եվրամիության հիմնասյուներից մեկի վարչապետն է և, անշուշտ, իրավունք ունի խոսելու ոչ միայն Ֆրանսիային վերաբերող թեմաների շուրջ, այլ նաև ունի բոլոր իրավունքները պաշտպանելու պաշտոնական Փարիզի շահերը այն միջոցներով, որ նա անհրաժեշտ է համարում, սակայն, մինչ վերը նշված պնդումներն անելը արդարացի կլիներ պատասխանել մի շարք հարցերի.
1. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «բարեկեցության ճանապարհ էր հարթում» Հայաստանի, Արցախի և ամբողջ հայ ժողովրդի համար, երբ անտեսեց Ֆրանսիայի Սենատի բանաձևը (2020 թվականի նոյեմբեր), որը կոչ էր անում կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Թե՞ Վլադիմիր Պուտինն անուղղակիորեն, Է. Մակրոնի միջոցով ստիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահին պատժել Հայաստանին և հայ ժողովրդին, անտեսել Սենատի դիրքորոշումը , բայց մենք դրա մասին չգիտենք։
2. 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում նախագահ Մակրոնը «բարեկեցության ճանապարհ էր հարթում» Հայաստանի, Արցախի և ամբողջ հայ ժողովրդի համար, երբ դարձավ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու «ճարտարապետներից» մեկը։ Պարոն Ատալը կարող է տեղեկություն ունի, որ Վլադիմիր Պուտինը կամ Սերգեյ Լավրովը 2022 թվականին եղել են Պրահայում և Պրահայի գրասենյակներից մեկից վերահսկել են Արցախի նկատմամբ Բաքվի ինքնիշխանության ճանաչման գործընթացը, և պարոն վարչապետը պատրա՞ստ է մեզ պատմել այս մասին։
Ի դեպ, Փաշինյանի թիմակից Էդմոն Մարուքյանը պնդում է՝ «Պրահայի դավադրությանը» մասնակցելու դիմաց Հայաստանին խոստացել էր, որ Ադրբեջանը ճանաչելում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29 800 քառ. կմ. շրջանակներում: Այս գործարքի երաշխավորներից էր Մակրոնը, և հետաքրքիչ է իմանալ, թե պարոն Ատալն ի՞նչ է մտածում այս գործարքի մասին: Այս գործարքի ու իրենց քաղաքական առաջնորդի պահվածքի մասին…
3. Երբ Էմանուել Մակրոնը հրապարակավ խրախուսում էր Նիկոլ Փաշինյանի՝ հայկական Արցախը հանձնելու քաղաքականությունը՝ վերջինիս դիրքորոշումն անվանելով «համարձակ, խաղաղության հաստատմանը միտված», արդյոք նա «բարեկեցության ճանապարհ էր հարթում» Հայաստանի, Արցախի և ամբողջ հայ ժողովրդի համար։ Մակրոնը չհասկացավ, որ Արցախի նկատմամբ Բաքվի ինքնիշխանության ճանաչման «կնքահայրերից» դառնալուց հետո հետո Ադրբեջանի ձեռքերն ազատվեցին Արցախի դեմ շրջափակման և նույնիսկ պատերազմի համար։ Ի վերջո, եթե «ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս է», ապա այս տարածքում բացի ադրբեջանական բանակից այլ զինված կազմավորումներ չպետք է լինեն, ու հենց ԼՂՀ ՊԲ մարտունակությունը զրոյացնելու համար Բաքուն կազմակերպել էր Արցախի շրջափակումը:
Վերադառնալով մեր երրորդ հարցին ու ասել, որ եթե Արցախը զիջելը, ՀՀ տարածքները Ադրբեջանին հանձնելը, ազգային ինքնությունից հրաժարվելը «խիզախություն» է, «իրավական պետության կայացմանն ուղղված գործողություններ», ապա կարելի է առաջարկել, որ ֆրանսիական կողմը՝ Մակրոնը և Ատալը հրաժարվեն «Մարսելյեզ»-ից, հրաժարվեն Ֆրանսիական մեծ հեղափոխության ձեռքբերումներից, Նապոլեոնին ճանաչեն որպես ազգային դավաճան, Էլզասն ու Լոթարինգիան հանձնեն Գերմանիային, և պաշտոնապես դառնան ԱՄՆ 52-րդ նահանգն Ուկրաինայից հետո։
Եթե ավելի նվազ էմոցիոնալ դատենք, ապա Ատալի հայտարարությունը Հայաստանը «կռվախնձոր» դարձնելու հերթական ցուցադրությունն է՝ պլացդարմ Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության շահերի բախման համար։
Միջազգային քաղաքականության «օբյեկտ» դառնալու Փաշինյանի պատրաստակամության սուբյեկտիվ գործոնով պայմանավորված նման «քաղաքական մթնոլորտային ճնշումը» կարող է ոչնչացնել ոչ միայն Արցախին, այլև հենց Հայաստանին… Եվ սա չի կարող չհասկանալ Ֆրանսիայի վարչապետը։
Մտածե՛ք այդ մասին…»