Արցախը հանձնեց, ռուսներին հեռացրեց, բայց բաց սահմաններ չստացավ
05 Մարտի 2025, 11:00
(Հայաստանին անհրաժեշտ է առանձին «Փաշինյանի ձախողումների վիճակագրության կոմիտե»)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Նիկոլ Փաշինյանը դժգոհում է։ Իր հերթական հոդվածում Փաշինյանը դժգոհում է այն բանի, որ Բաքուն հրաժարվում է ընդունել Երևանի կառուցողական առաջարկությունները։
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այն նույն իրավական պայմաններով արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անցում տրամադրել, ինչ պայմաններով Իրանն է առաջարկում: Ադրբեջանը սրան ի պատասխան ասում է, թե անցումը անխոչընդոտ պետք է լինի: Այսինքն՝ Իրանով անցումը խոչընդոտվա՞ծ է, չէ՞ որ մենք ասում ենք նույն իրավական պայմաններով պատրաստ ենք տրամադրել նույն անցումը»,-գրում է Փաշինյանը։
Փաշինյանական լեզվից ավելի հասկանալի լեզվի թարգմանելով կարելի է փաստել, որ եթե անգամ Փաշինյանի բոլոր զիջումներից հետո, պարզեցված երթևեկություն տրամադրելու պատրաստակամության մասին հավաստիացումներից հետո,Ադրբեջանը չի ընդունում Հայաստանի առաջարկները, ապա դա նշանակում է, որ Իլհամ Ալիևը հենց միջանցք է ուզում։ Ավելին, նա նաև շանտաժի է ենթարկում Փաշինյանին, որ եթե միջանցքը չտրվի, ապա Հայաստանը կմնա շրջափակման մեջ, կամ «Խաղաղության խաչմերուկը» պաշտոնապես կդառնա «Փաշինյանական տուպիկ»։
Փաշինյանի հոդվածը նաև վկայում է այն մասին, որ փետրվարի վերջին ռուս սահմանապահներին հեռացրել են Մարգարայի անցակետից հենց այն բանի համար, որ Փաշինյանի կառավարությունը կարողանա տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային միջանցք։ «Բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով Կոռնիձոր անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր ճանապարհներով երթևեկել մինչև Հայաստան-Թուրքիա սահման և Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա: Նույնը և հակառակ ուղղությամբ: Նման տարանցիկ բեռնափոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը հիմա էլ պատրաստ է, մնում է դե յուրե որոշում կայացնել: Մենք պատրաստ ենք նման որոշում կայացնել, եթե Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կա հետաքրքրվածություն», -գրում է 2018 թվականին իշխանության բարված «թավշյա առաջնորդը»։
Պարզվում է, որ Մոսկվան չէր ցանկանում միջանցք, այլ հակառակը՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ներկայությունը երկար ժամանակ խանգարում էր Փաշինյանին Հայաստանի Հանրապետությունը վերածել մեկ մեծ միջանցքի՝ հույս ունենալով միջանցքի դիմաց ստանալ քաղաքական աջակցություն Անկարայում և Բաքվում։
Նշենք նաև հետևյալը՝ Արցախը հանձնվել է թշնամուն, ռուս սահմանապահները դուրս են բերվել հայ-ադրբեջանական սահմանի բոլոր հատվածներից, ռուս սահմանապահները նաև դուրս են բերվել Մարգարայի անցակետից, սակայն ոչ Բաքուն, ոչ Անկարան չեն շտապում բացել սահմանը, ապաշրջափակել հաղորդակցությունները։
Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագծի շարժառիթները բացատրող տարբերակները շատ չեն. կամ նրանք ցանկանում են ստանալ հենց արտատարածքային միջանցք իրենց անհրաժեշտ երթուղով, որտեղ ամբողջ ենթակառուցվածքը պետք է կառուցի Հայաստանն իր հաշվին, և ցանկանում են, որ ամրագրվի՝ դա կլինի հենց արտատարածքային միջանցք։
Կամ սպասում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների ավարտին Եվրասիայի անվտանգության ճարտարապետության վերաբերյալ, և արդեն հետո կգործեն՝ չբացառելով նաև ռազմական սցենարով խնդիրների լուծումը, եթե Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցությունները բացասական ավարտ ունենան։
Ամեն դեպքում փաստն ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Ղարաբաղը, հեռացրել ռուսներին, բայց բաց սահմաններ չի ստացել։ Ադրբեջանցիների և թուրքերի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ նույնպես չի փոխվել, նպատակադրումը չի փոխվել. հայկական պետականության և հայերի՝ որպես քաղաքական գործոնի, ոչնչացումը Հարավային Կովկասում։ Այս համատեքստում պետք էր հասկանալ, որ հանձնելով Արցախը, դու չես փոխի Բաքվի և Անկարայի ռազմավարական նպատակը։
Մտածե՛ք այդ մասին․․․»։