Փաստացի, Հայաստանի տնտեսության ակտիվության աճը շարունակում է բարձր մնալ։ Կարևոր է հասկանալ՝ որ ուղղությունների հաշվին է այն ապահովվում։
Հունվար-փետրվարին ամենամեծ աճն արձանագրվել է շինարարության ոլորտում՝ 20,5 տոկոս։ Արդյունաբերության ու արտաքին առևտրի աճը ևս բավական բարձր է, համապատասխանաբար՝ 17,2 և 9,3 տոկոս։ Տասներկումասյա աճի ուսումնասիրությունը վկայում է ավելի բարձր ցուցանիշների մասին․ մասնավորապես՝ արդյունաբերությունը փետրվարին նախորդ տարվա համեմատ աճել է 23,8%-ով, շինարարությունը՝ 21,8%-ով, իսկ արտաքին առևտուրը՝ 30,8%-ով։
Հայաստանի տնտեսական ակտիվության հիմնական շարժիչը շարունակում է մնալ շինարարությունը։ Հայտնի է նաև, որ ժամանակին այդպիսին հանդիսացող արտաքին առևտրաշրջանառությունն ու արդյունաբերական արտադրանքի աճը 2025թ-ի ընթացքում բացասական միտման ներքո էին՝ արտաքին գործոնի ազդեցության չեղարկման արդյունքում։ Այսօր, երբ այդ երկու ուղղությունները կրկին արձանագրում են ակտիվ աճ, հարց է առաջանում՝ արդյոք մենք գործ ունենք ոլորտների վերականգնման հետ։
Այս իմաստով հետաքրքիր պատկեր է ստացվում արդյունաբերության և արտաքին առևտրի տասներկուամսյա աճի դինամիկայի ուսումնասիրությունից՝ սկսած 2025-ի կեսից։ Երկու ուղղությունների աճի դինամիկան արտացոլվում է նույնական միտման ներքո։
Երկուսի պարագայում էլ 2025թ-ի հունիսին արձանագրվել է բացասական աճ, որից հետո սկսվել է աստիճանական վերականգնում՝ պայմանավորված բազային էֆեկտով, իսկ նոյեմբերին գրանցվել է կտրուկ աճ։ Այդպիսի աճը դժվար է դիտարկել որպես բնականոն վերականգնման ընթացք, և պատահական չէ, որ երկու ուղղությունների դեպքում էլ հենց նոյեմբերին է արձանագրվել կտրուկ աճը։ Այն շարունակվել է դեկտեմբերին, ապա հունվարին արձանագրվել է անկում, իսկ փետրվարին՝ նորից աճ։
Ոսկու վերաարտահանման նախադեպը հաշվի առնելով՝ այսօր ևս կարելի է ենթադրել, որ արդյունաբերության և արտաքին առևտրի կտրուկ աճերը պայմանավորված են վերաարտահանման ակտիվացմամբ։ Վիճակագրության բացվածքի հրապարակումից հետո, կարծում ենք, կարող ենք ավելի հստակ պատկեր ունենալ այս իմաստով։ Ամեն դեպքում հիշեցնենք, որ 2025թ-ի նոյեմբերին հիմնային մետաղների արտադրությունը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ գրեթե 50 տոկոսանոց աճ էր ապահովել, ինչը հենց վերաարտահանման գործոնի ակտիվացման մասին է վկայում։
Այս պատկերի համատեքստում, վերադառնալով տնտեսական ակտիվությանը, պետք է նշել, որ ինքնին վատ չէ, եթե հաշվարկված են դրա հնարավոր բացասական հետևանքները։ Բացասական է այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ու տնտեսության աճը շարունակում են մնալ նույն բովանդակային շրջապտույտի մեջ՝ պայմանավորված ժամանակավոր ազդեցություններով, օրինակ՝ շինարարությամբ, կամ արտաքին՝ մեզանից անկախ գործոններով։ Սա էլ է պատճառը, որ տնտեսության աճի կայունությունը մնում է հարցականի ներքո։
Եվ այս իրողությունը դիտարկվում է տնտեսական քաղաքականության և ձեռքբերումների մասին քարոզչության ֆոնին։