Նախագծի հերթական հյուրը Ազգային Հետազոտական Համալսարան «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց»-ի Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ, Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ալեքսանդր Կորոլյովն է։
Հարցազրույցում Ալեքսանդր Կորոլյովը վերլուծել է համաշխարհային քաղաքականությունում Հարավարևելյան Ասիայի երկրների միավորման՝ ASEAN-ի, աճող դերը, դրանց արտաքին քաղաքական առաջնահերթությունները և ձևավորվող աշխարհակարգում զբաղեցրած տեղը։ Մասնավորապես, նա անդրադարձել է միջազգային լարվածության պայմաններում ASEAN-ի շրջանակում ինտեգրացիոն գործընթացներին, այն հարցին, թե ինչ դիրքորոշում են զբաղեցնում ASEAN-ի երկրները Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցության պայմաններում, ինչպես նաև՝ տեխնոլոգիական զարգացման ոլորտում ում հետ են պատրաստվում խորացնել համագործակցությունը։
Հարցազրույցի ընթացքում Կորոլյովը ներկայացրել է իր տեսակետը, թե ինչ նշանակություն ունի Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) Ռուսաստանի համար, ինչպես նաև խոսել է այն մասին՝ արդյոք ԵԱՏՄ-ն կգնա ինտեգրման հետագա խորացման ճանապարհով, թե արդեն հասել է իր ինտեգրացիոն զարգացման առավելագույն սահմանին։
Նա անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչ է սպասվում Հարավային Կովկասի երկրներին նոր աշխարհակարգի պայմաններում և արդյոք տարածաշրջանը ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում ԱՄՆ-ի համար, թե Վաշինգտոնն այն դիտարկում է հիմնականում որպես ազդեցության և ճնշման գործիք Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի նկատմամբ։