«Աշխարհակարգ 2.0»․ Ֆյոդոր Վոյտոլովսկի
11 Հոկտեմբերի 2025, 21:00
Alpha News-ը շարունակում է «Աշխարհակարգ 2.0» նոր նախագիծը։ Հայկ Խալաթյանը Ռուսաստանի գլխավոր ուղեղային կենտրոնների ղեկավարների և առաջատար փորձագետների հետ կքննարկի հնարավոր (ծնվող) նոր աշխարհակարգը և դրանում Հայաստանի տեղը։
«Աշխարհակարգ 2.0» նախագծի նոր հյուրն է քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԳԱ անդամ-թղթակից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ֆյոդոր Վոյտոլովսկին։
Նոր թողարկմանը Ֆյոդոր Վոյտոլովսկին անդրադառնում է միջազգային հարաբերությունների համակարգի փոխակերպմանը և աշխարհի՝ միաբևեռությունից բազմաբևեռության անցմանը։ Ինչու՞ է ԱՄՆ-ը, չնայած Չինաստանի հետ առճակատման համար ուժերը կենտրոնացնելու ցանկությանը, շարունակում ակտիվորեն մասնակցել Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտություններին։ Ինչը՞ հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզմանը։ Որո՞նք են եվրոպական էլիտաների կոշտ հակառուսական դիրքորոշման պատճառները, չնայած իրենց երկրների տնտեսություններին հասցված ամբողջ վնասին, և գիտակցո՞ւմ են արդյոք Եվրոպայում ուղիղ ռազմական բախման վտանգը ներկայիս հակառուսական հռետորաբանության և քաղաքականության շարունակության դեպքում։ Ինչու՞ է Ճապոնիան «հեռացող տերություն»՝ քաղաքական ազդեցության տեսանկյունից։ Որքանո՞վ է իրական Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը, և հնարավո՞ր է արդյոք ռազմական բախում նրանց միջև։ Ի՞նչ դեր կունենան Հայաստանը և Հարավային Կովկասի երկրները նոր աշխարհակարգում, և կարո՞ղ են արդյոք նրանք պահպանել իրենց ավանդական բազմավեկտոր քաղաքականությունը։ Վոյտոլովսկին վերլուծում է նաև, թե Հայաստանի եվրաինտեգրման ուղղությունը ինչպես կարող է անդրադառնալ Մոսկվայի հետ հարաբերությունների վրա։
«Մենք գտնվում ենք բարձր տուրբուլենտության վիճակում, որը կապված է միջազգային հարաբերությունների համակարգի փոխակերպման հետ։ Աշխարհակարգ հիմա, որպես այդպիսին, չկա։
Ծնվում և դինամիկ զարգանում են նոր կառույցներ։ Մենք ապրելու ենք մի աշխարհում, որտեղ բոլոր այդ ինստիտուտները, կառույցները, կարգավորման սկզբունքներն ու նորմերը՝ քաղաքական, իրավական, որոնք ամրագրված են միջազգային իրավունքի մակարդակով, գոյություն կունենան միաժամանակ»,- հայտարարել է Վոյտոլովսկին։
«Միաբևեռ աշխարհը հիմա իր տեղը զիջում է բազմաբևեռ համակարգին։ Դա ուղեկցվում է սուր մրցակցությամբ, առճակատմամբ տնտեսության մեջ, սպառազինությունների մրցավազքով, տեխնոլոգիական մրցակցությամբ, բայց առայժմ առանց ուղիղ պատերազմի։
Կարծում եմ, որ բոլոր մեծ տերությունները՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, ԵՄ երկրները, Հնդկաստանը, չափազանց շահագրգռված չեն միմյանց հետ ուղիղ ռազմական բախման հարցում։ Ամենակարևոր գործոնը, որը զսպում է առաջատար տերություններին նոր համաշխարհային պատերազմից, միջուկային զենքն է՝ փոխադարձ երաշխավորված ոչնչացման հնարավորությունը։ Հենց դրա վրա է հիմնված ռազմավարական կայունությունը։ Ես կարծում եմ, որ դա աշխարհում խաղաղության պահպանման կարևորագույն բանալին է»,- հավելել է նա։
«Ես կարծում եմ, որ Հարավային Կովկասը, ցավոք, դադարում է լինել սուր մրցակցության գոտի և ընդհանրապես կարևոր տարածաշրջան համաշխարհային տնտեսության և քաղաքականության համար։
Ինչ վերաբերում է Մոսկվայի հետ հարաբերությունների վրա Երևանի եվրոպական ընտրության ազդեցությանը, Վոյտոլովսկին ասել է․ «Եթե Հայաստանը ընտրի ԵՄ-ն, նա կկորցնի մուտքը ռուսական շուկա, կկորցնի ռուսական ներդրումների և ապրանքաշրջանառության զգալի մասը։ Որքան էլ տխուր հնչի, Հայաստանը կդառնա ևս մեկ դոտացիոն երկիր, որտեղ կլինեն ԵՄ միջոցները, և որը մշտապես կախված կլինի օգնության ծրագրերից»։