Ասում էին, թե ճանապարհը 2 օր բաց կլինի, իսկ հետո կփակվի | Արցախյան բռնագաղթ. վկայություններ #32
01 Դեկտեմբերի 2023, 22:00
«100 000-ից ավելի արցախցի «քաղաքակիրթ» աշխարհի անտարբերության զոհը դարձավ»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Անի Հովհաննիսյանը, որը հարազատների հետ ստիպված է եղել լքել իր տունն ու գաղթել:
Սեպտեմբերի 19-ի՝ Ադրբեջանի հարձակման հետեւանքով հարյուր հազար հայ հարկադրված եղավ դուրս գալ Արցախից: Անին պատմում է, որ մեկ օր տեւած պատերազմից եւ սեպտեմբերի 20-ին հայտարարված հրադադարից հետո էլ Ստեփանակերտի արվարձաններում շարունակվում էին մարտերը:
«Մեր տունը Ստեփանակերտի ծայրամասում էր, Ցորի զորամասի մոտ, մինչեւ Արցախից դուրս գալը մենք չէինք համարձակվում տուն գնալ: Մենք սկզբում մնացել ենք նկուղներում, հետո քեռուս տուն ենք գնացել: Սեպտեմբերի 22-ին, ամուսնուս հորաքույրը փորձել էր գնալ տուն, իրեն զգուշացրել էին, որ վտանգավոր է, քանի որ հրադարարից մի քանի ժամ հետո մեր թաղամասի մոտ բլիժնիյ եւ էր գնացել: Հարաքույրը հասել էր տուն, բայց վախից հետ էր դարձել»,- պատմում է Անին:
Արցախից դուրս գալու մտադրություն չունեին: Ասեկոսեներ էին լսել, թե իրենք մնալու են, հայկական համայնք է լինելու, անգամ հայկական դպրոց է գործելու, բայց շրջանների բնակիչների տեղահանվելուց հասկացել են, որ բոլորն էլ ստիպված են լինելու դուրս գալ: Անին պատմում է իր ականջին հասած շշուկների մասին, որոնք Արցախը լքելու պատճառ են դարձել:
«Տարբեր խոսակցություններ էին պտտվում, թե ընդամենը երկու օր է ճանապարհը բաց լինելու, հետո փակվելու է ու մյուսներն ապրելու են ադրբեջանական դրոշի ներքո: Հետո էդ երկու օրը դարձավ երեք, չորս, հինգ, հետո ինչ-որ թվաքանակ նշվեց, թե էդքանից բացի էլ մարդ չեն թողնելու գնալ: Ժողովուրդը լքված էր, պետական մակարդակով ոչինչ չէր ասվում ժողովրդին, թեկուզ հանգստացնող, կազմակերպչական բնույթի հարցերի շուրջ: Նույնը նաեւ բլոկադայի ժամանակ էր: Հայտարարում էին, որ ժողովրդի հետ են, պետք է շարունակել պայքարը, բայց հիմա ես հասկանում եմ, որ դա ուղղակի խոսքեր էր: Ես իմ ընտանիքի հետ շատ եմ պայքարել, մասնակցել եմ ցույցերի, քայլերթների, մեզնից ինչ հասել է՝ արել ենք: Ես հնարավորության սահմանում օգնել եմ այն մարդկանց, որոնք չունեին ոչ մի հնարավորություն դիմադրելու այդ շրջափակմանը, որովհետեւ հացս կուլ չէր գնա: Ես իմ ձայնը հղել եմ ամբողջ աշխարհին, խուլ ու համր «քաղաքակիրթ» աշխարհին, որի անտարբերության զոհը դարձանք մենք»,- ասում է Անին:
Արցախից դուրս գալուց մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 24-ին, Անին որոշել է երեխաների հետ գնալ տուն, հրաժեշտ տալ ու հաց թխել, որպեսզի ճանապարհին երեխաներն ուտեն, իսկ երեկոյան քրոջ հետ շրջել է Ստեփանակերտում, որն այդ օրերին դարձել էր արցախահայերի ապաստարանը:
«Գիշեր էր, բայց քաղաքն արթուն էր, իրարանցում էր, մարդիկ բենզին էին փնտրում, որ հաջորդ օրը ճանապարհ ընկնեն: Իսկ ես նկարում էի քաղաքը, որ հուշ ունենայի, հետո կիսատ թողեցի նկարելը, զգացի, որ էլ չեմ կարողանում, ծանր էր հրաժեշտ տալը: Մենք շարունակեցինք քայլել, ես մարդկանց հարցուփորձ էի անում, ուզում էի իմանալ, թե ինչ զգացողություններ ունեն ու ինչ են պատրաստվում անել»,- հիշում է Անին:
Գաղթի ճանապարհը սկսվեց սեպտեմբերի 25-ի առավոտյան: Քաղաքից դեռ դուրս չեկած ու քաղաքի արվարձաններում Անիի խոսքով՝ադրբեջանցիներն արդեն ազատ շրջում էին:
«Լսեցինք նաեւ, որ ադրբեջանցիները մեր թաղամասում դուբինկաներով ծեծել են իրենց հակաճառողներին, որոնք ուզեցել էին իրենց տուն գնալ: Շատ չանցած Հայաստանից նամակներ, զանգեր էի ստանում, թե որտեղ ենք մենք, ամեն ինչ կարգին է: Հենց այդ պահին էլ իմացա, որ բենզինի պահեստում պայթյուն է եղել, որի հետեւանքները պատերազմից ավելի վատն էին: Չէի պատկերացնում, որ երանի ենք տալու պատերազմին»,- ասում է Անին:
Հակարիի կամուրջ հասնելուն պես ադրբեջանցիները սկսել են ստուգել մեքենայում ուղեւորների թիվը, քանիսն են նրանցից տղամարդ, ապա զննել են բեռնախցիկը, ինչից հետո էլ Անիի ամուսնուն պարտադրել են ոտքով անցնել կամուրջը:
«Կամուրջի մոտ լրագրողներ կային սպասող, նրանք մոտեցել են ամուսնուս, հարցեր տվել, բայց ամուսինս չի պատասխանել, տեսախցիկները հրելով անցել է»,- պատմում է Անին:
Շուրջ 40 ժամ անց հասել են Հայաստան: Անիի ընտանիքը մի քանի օր մնացել է բարեկամներից մեկի տանը, հետո տեղափոխվել են Արմավիր քաղաք, որտեղ երկու ամիս է՝ վարձով են ապրում: Անին այստեղ ապրում է երկու դուստրերի, ամուսնու, սկեսուրի եւ ամուսնու հորաքրոջ հետ: Նրանցից որեւէ մեկը դեռ աշխատանք չունի, բայց հետաքրքրվում են: Անին հուսով է, որ հաջորդ ամիս արդեն աշխատանք կունենան:
«Մենք չենք ուզում, որ ինչ-որ մեկը մեզ պահի, մենք ուզում ենք աշխատել ու վայելել մեր աշխատածը: Ոչ մեկից ակնկալիք չունեմ, թող միայն մեզ հասնող պետական աջակցությունները տան, որ գոնե վարձն ու կոմունալները վճարենք»,- ասում է Անին:
Արցախ վերադառնալու մասին Անին շատ է մտածում, բայց հայրենիք կվերադառնա այն դեպքում, եթե այնտեղ ադրբեջանցիներ չապրեն, Արցախը հայկական լինի:
«Ադրբեջանցիների հետ մի հարկի տակ չեմ ապրի, որովհետեւ ոչ մի երաշխիք չկա, որ իրենք մեզ չեն մորթի, որ իրենք մեզ չեն բռնանա»,- ընդգծում է Անին:
Մանրամասները՝ տեսանյութում: