Այն, ինչ կարելի է «France 24»-ին, չի կարելի ռուսական «Առաջին ալիք»-ին. հեռուստաեթերի նոր կանոնները․«Ուշադրությունից դուրս»
22 Փետրվարի 2026, 14:00
Ազգային ժողովը փետրվարի 13-ին առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել 58, դեմ՝ 26, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ներկայացնելով կառավարության հեղինակած նախագիծը, շեշտել է, որ փոփոխությունների նպատակն է ամրապնդել Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը և նվազեցնել քաղաքացիներին հասնող բացասական տեղեկատվության ծավալը: Նոր փոփոխություններով, մասնավորապես, ներդրվելու են մեխանիզմներ ապատեղեկատվության, բռնության ու ատելության քարոզի տարածումը կանխելու համար։ Նպատակն, ըստ գործադիրի, հասարակության բարոյական, հոգեկան և տեղեկատվական պաշտպանվածությունն է:
Բացի նշված փոփոխություններից, նոր կարգավորումների ցանկում կա մի կետ, որն ամենից անհասկանալին է. արգելվելու է ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող օտարերկրյա հաղորդումների սփռումը։ Շատերը դժվարանում են բացատրել, թե հատկապես ինչ է նշանակում «ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստաբովանդակություն»։ Մտավախություն կա, որ իշխանությունը հատուկ է ընտրել այդ ընդգրկուն ձևակերպումը, որպեսզի առաջիկա նախընտրական շրջանում իշխանության հասցեին ուղղված ցանկացած քննադատական խոսք պարունակող հաղորդում հեռացվի հեռուստաեթերից։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Հայաստանում կաբելային հեռուստաալիքների թիվը մեծ է, և Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) չունի բավարար ռեսուրս՝ օտարերկրյա բոլոր ալիքների բովանդակությունը պատշաճ վերահսկելու համար։ Հետևաբար իշխանության նպատակն այլ է.
«Եթե «CNN»-ով, «»Euronews»-ով կամ «France 24»-ով ինչ-որ բան հեռարձակվի, դա որևէ բան չի նշանակելու, իսկ պայմանականորեն ռուսական կամ վրացական հեռուստաալիքների պարագայում կարող են խնդիրներ առաջանալ հեռարձակողների համար»։
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ խնդիրը նոր կարգավորումների փաստը չէ, այլ դրանցում առկա այն ձևակերպումները, որոնք լայն ու հայեցողական մեկնաբանությունների տեղ են թողնում։ Ըստ Հովհաննիսյանի՝ եթե նպատակը մեդիա դաշտի կարգավորումն էր, ապա նախագծի հեղինակները չպետք է ընդունեին օրենքը հենց այսպիսի ձևակերպումներով։