Բորդյուժան չի կարդում հայկական ԶԼՄ-ները ու չգիտի՞, որ Փաշինյանը «Կրեմլի նախագիծն է»
17 Դեկտեմբերի 2024, 11:00
(Մոսկվայի ու Փաշինյանի հարաբերություններում ճգնաժամն ավելի է սրվում)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Պարբերաբար տպավորություն է ստեղծվում, թե հայ հասարակության, քաղաքական դասի, փորձագետների և առաջին հերթին իշխանությունների ընկալմամբ՝ «Հայաստանն ապրում է վակուումում»։ Եվ քանի որ նրանց ընկալմամբ «Հայաստանն ապրում է վակուումում», կարելի է հայտարարություններ անել և գործողություններ կատարել՝ առանց դրանց հետևանքների մասին մտածելու։ Եվ այստեղ խոսքը 2019 թվականի հայտարարության մասին չէ, երբ Ստեփանակերտում Փաշինյանը հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ»՝ դրանով իսկ ոչնչացնելով Ղարաբաղի բանակցային գործընթացը։ Խոսքը նաև այն մասին չէ, թե ինչպես էն Մարիա Զախարովային անվանում քարտուղարուհի կամ քարոզում, որ «30 տարի մեզ ստիպում էին սիրել այն, ինչ մեզ չի պատկանում (այսինքն՝ Ղարաբաղը)», և ենթատեքստը այն էր, որ «Ռուսաստանն էր ստիպում դա անել»։
Խոսքը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի «ավելի թարմ հայտարարության» մասին է. «Հայաստանը, լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, իրական աջակցություն չի ստացել այս դաշինքից»։
Հիմա չենք խոսի այն մասին, որ դեռ այս տարվա ապրիլին Փաշինյանը խոստովանեց՝ 2021 թվականին ՀԱՊԿ-ը պատրաստակամություն էր հայտնել օգնել ՀՀ-ին, սակայն «հեղափոխական առաջնորդի» քաղաքական որոշմամբ Հայաստանը չի ստացել անհրաժեշտ օգնություն։
«Նրանց տրամաբանությամբ առանց ռազմական գործողությունների ՀԱՊԿ-ը չէր կարող նման բան անել (չէր կարող օգնել — խմբ.), չնայած ՀԱՊԿ-ի դե յուրե ձևակերպած պարտավորությունները բոլորովին այլ բան մասին էին վկայում: Հետո պետք է պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ ՀՀ, այլ որպես խաղաղապահ, ինչով, փաստացի, Հայաստանին դուրս էր դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից: Ինչևէ, եթե Կառավարությունն այն ժամանակ տուրք տար էմոցիաներին ու նման շեշտադրություններին, իրադրությունը կգնար հետևյալ սցենարով․ ռազմական գործողությունների ծավալում ՀՀ ինքնիշխան տարածքների խորքում, ԱԺ ընտրությունների չկայացում ակնհայտորեն այդ պատճառով, ընտրված իշխանության բացակայություն, ՀԱՊԿ ոչ թե դաշնակիցների, այլ խաղաղապահների ծավալում, ապա դրածո իշխանության ձևավորում և Հայաստանի Հանրապետության պետականության փաստացի լուծարում», — հայտարարել է Նիկոլ Փաշինյանը գարնանը։
Նա նաև խոստովանել է, որ ՀԱՊԿ խաղաղապահներ մտցնելու հնարավորություն կար (այսինքն՝ ստանալ կազմակերպությունից այն, ինչ նա կարող էր և պարտավոր էր տալ), բայց անձամբ հրաժարվել է դրանից։
Եվ կանգ առնենք այն բանի վրա, որ Արարատ Միրզոյանի հայտարարություններն օպերատիվ պատասխան են ստացել։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլա Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելը Հայաստանի կողմից հսկայական սխալ է համարում, ինչպես նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված օգնության թեմային։
«Եվ երբ Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը հայտարարում է, թե իրենք ոչ մի օգնություն չեն ստացել Ռուսաստանից, որ Ռուսաստանը գրեթե այնտեղ էր նախապատրաստում այդ բոլոր հեղաշրջումները, ՀԱՊԿ-ից օգնություն չկար, դա բացարձակապես ճիշտ չէ: Երբ և՛ Հայաստանի զինված ուժերը, և՛ ամբողջ Հայաստանի ուժային կառույցները Ռուսաստանի Դաշնությունից վիթխարի՝ կազմակերպչական, գիտական և տեխնիկական օգնություն են ստացել: Գիտեք, սա ուղղակի փակ տվյալներ են, եթե հաշվեք, թե Ռուսաստանը որքան ներդրումներ է կատարել Հայաստանի զինված ուժերում և ընդհանրապես Հայաստանում, կարծում եմ, որ դա շատ, շատ լուրջ գումար կլինի, — նշել է Բորդյուժան։
Ավելորդ չի լինի ասել, որ Բորդյուժայի և Միրզոյանի հեռակա «հրաձգությունը» 2024 թվականի շատ խոսուն ավարտն է հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։ Հարաբերությունները ոչ միայն ճգնաժամի մեջ են, այլև ակնհայտորեն դեգրադացվում են։ Դա կարող էր լինել անձամբ Միրզոյանի կամ անձամբ Փաշինյանի խնդիրը, սակայն նրանք պաշտոնապես ներկայացնում են Հայաստանին, և նրանց ու Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքական շփումների մակարդակի անկումը սպառնում է ՀՀ-ի և երկրի քաղաքացիների անվտանգությանը։
Եվ այս ամենն, ի դեպ, տեղի է ունենում մի շարք հայ «փորձագետների» և քաղաքական գործիչների հայտարարությունների ֆոնին, որոնք շարունակում են հայտարարել, որ «Փաշինյանը Կրեմլի նախագիծն է»։ Հավանաբար Բորդյուժան չի կարդում հայկական մամուլն ու «վերլուծությունները», և այդ իսկ պատճառով էլ «համաշխարհային դավադրության գաղտնիքներին» չի տիրապետում։
Կրկին ավելորդ չի լինի ասել, որ նման հայտարարություններ անողներն իրենց համար առաջնային թիրախային լսարան են համարում ոչ թե ՀՀ բնակչությանը, ոչ թե Հայաստանի քաղաքացիներին, որոնք իրենց քվեով պետք է ձևավորեն իշխանությունն, այլ արևմտյան դեսպանատները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանատները։ Նման հայտարարություններ արվում են ԱՄՆ և ԵՄ դեսպաններին ցույց տալու համար, որ «իմաստ չունի շարունակել խաղադրույք կատարել Փաշինյանի վրա», քանի որ նա «Կրեմլի գործակալն է», և պետք է նոր գործընկերներ գտնել ներքաղաքական դաշտում…
Մտածե՛ք այդ մասին…»։