ԲՐԻԿՍ-ը ներկայացրել է իր զարգացման ճանապարհային քարտեզը
25 Հոկտեմբերի 2024, 16:45
Ավելի արդար ու ժողովրդավար աշխարհակարգ, բազմակենտրոն աշխարհ, բոլոր երկրների և տարածաշրջանների ավելի մեծ ներկայացվածություն և պատժամիջոցների քննադատություն, այդ թվում՝ ածանցյալ։ Կազանում հոկտեմբերի 22-24-ին ԲՐԻԿՍ գագաթնաժողովը, որը ներառեց ԲՐԻԿՍ+ ձևաչափը, այս սկզբունքների առանցքում էր։ Գագաթնաժողովի առանցքային ձեռքբերումը Կազանի հռչակագիրն է, որը 143 կետերով ամփոփել է քաղաքական, տնտեսական և անվտանգային հարցեր։
Տնտեսական տեսանկյունից իրավիճակը բավական հետաքրիքր է․ առնվազն կարող ենք բանաձևել, որ ԲՐԻԿՍ երկրները համաշխարհային տնտեսակարգում ևս մեկ անգամ ընդգծեցին մեծ հավակնություններ՝ուրվագծելով հետագա զարգացման ճանապարհային քարտեզը։
Տնտեսական բաղադրիչի մի քանի կարևոր կետեր առանձնացված են ստորև՝
— Դյուրացնել երկրների միջև առևտրի պայմանները։ Կարևորել ստանդարտացման գործիքակազմը, երկրների միջև հարկային համագործակցության խորացումն ու ԲՐԻԿՍ միասնական վիճակագրության ստեղծումը։
— Բարեփոխել Բրետոն-Վուդսի ինստիտուները՝ ԱՄՀ կենտրոնական դերակատարությամբ, սակայն՝ համաշխարհային տնտեսությունում զարգացող երկրների մասնակցության ընդլայնմամբ։
— Նշվել է միակողմանի պատժամիջոցների բացասական ազդեցությունների մասին։
— Անդրադարձել են ԲՐԻԿՍ զարգացման նոր բանկի (ԶՆԲ) նոր ներդրումային հարթակին․ ԲՐԻԿՍ-ը ողջունել է բանկի նոր բաժնետերերին, որոնց թվում է նաև բարեկամ Իրանը։
— Բազմակողմ առևտրի բաց համակարգի ներքո նշվում է ԱՀԿ կենտրոնական դերակատարությամբ միասնական պայքարն՝ ընդդեմ ԱՀԿ կանոնները խախտող միակողմանի հովանավորչության։
— Թանկարժեք մետաղների շրջանառության աճ։
— Սոցիալ-տնտեսական զարգացման և աճի համատեքստում թվայնացման գործընթացներ։
— Միասնական տրանսպորտային համակարգ։ Նշվում է, որ կքննարկվի այդպիսի համակարգի ստեղծումն անդամների միջև մուլտիմոդալ կապ ապահովելու համար։
— Ստեղծել ցորենի բորսա, ինչը ՌԴ-ի նախաձեռնությունն է։ ԲՐԻԿՍ-ն աջակցում է այս և այլ ապրանքային հարթակների ստեղծմանը։
— Ֆինանսական փոխգործակցության ակտիվացում։-
— Միասնական վճարային համակարգ։
Վերջինս շատ կարևոր է և միաժամանակ բարդ, ուստի այս գագաթնաժողովից կարծես հանգեցին ազգային արժույթներով հարաբերվելու համար հարթակների ստեղծման որոշմանը։
Այսպիսով, ԲՐԻԿՍ-ն իրապես գլոբալ տնտեսությունում լուրջ դիրքավորման հայտ է ներկայացրել, որի իրատեսականությունն ընդգծվում է որոշ վիճակագրությամբ․ այս երկրների խմբին է բաժին ընկնում համաշխարային առևտրի 22 %-ը, համաշխարհային ՀՆԱ-ի՝ գրեթե 36 %-ը, բնակչության կեսից ավելին և այլն։
ԲՐԻԿՍ-ի ուղղությունը կարևոր է նաև Հայաստանի համար, ոչ միայն ինքնին մեծ ներուժ ունեցող ուղղություն, այլև՝ անդամ երկրներից որոշների հետ շատ տնտեսական մեծ առնչություններ ունենալու համատեքստում։
Հայաստան-ԲՐԻԿՍ առնչություններին ու հնարավորություններին կանդրադառնանք առաջիկայում։