Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ե՛վ Հայաստանը, և՛ Ռուսաստանը Թուրքիայի համար թշնամիներ են

20 Մարտի 2025, 11:15

(Թուրքական լրատվամիջոցները դա հաստատում են)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Այսօր հայտնի դարձավ, որ վերջերս մեդիատուրով Հայաստան այցելած թուրք լրագրողների տեղափոխման, կեցության և սննդի ընդհանուր ծախսերը կազմել են ավելի քան 7,5 մլն դրամ (ավելի քան 18 հազար ԱՄՆ դոլար):

Մեդիատուրերը ժամանակակից աշխարհում տարածված պրակտիկա են: Սակայն Հայաստանի դեպքում առաջանում են առնվազն երկու հարց. Ինչո՞ւ Փաշինյանը, «Բաքվի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցման» հայտարարությունից անմիջապես առաջ, հրավիրեց հենց թուրք լրագրողներին (թուրքական կողմին յուրօրինակ հաշվետվություն ներկայացնելու համա՞ր), և ինչո՞ւ ո՛չ կառավարական աշխատակազմը, ո՛չ «Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնը» նախապես չհամաձայնեցին Հայաստանից արված ռեպորտաժների բովանդակությունը։ Ոչ ոք չի առաջարկում տոտալ գրաքննել լրագրողների աշխատանքը, բայց Հայաստանին հասցեագրված ակնհայտ վիրավորանքները նույնպես թույլատրելի չէին։

Մեդիատուրից հետո հակահայկական ռեպորտաժ է հեռարձակվել CNN Turk ալիքով: Իր ռեպորտաժում լրագրողը պնդում է, որ Երևանի պարսկական Կապույտ մզկիթը իրականում թուրքական է և քաղաքի ութ թուրքական մզկիթներից միակ պահպանվածը: Ու նմանատիպ կոնտենտ Հայաստանից քիչ չէր…

Նշանակալից է նաև այն, որ մինչ մենք կենտրոնացած էինք թուրք լրագրողների այցի մանրամասների ուսումնասիրման, Բաքվի ու Երևանի «խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցման» հայտարարությունների վերլուծման վրա, Թուրքիայում տեղական ԶԼՄ-ներից կարելի էր հասկանալ, որ Անկարայի ընկալմամբ Հայաստանը, ինչպես նախկինում, հիմա էլ մնում է թշնամի, ավելին՝ Ռուսաստանը նույնպես թշնամի է Թուրքիայի համար։

Խոսքն այն հայտարարությունների մասին է, որոնք առնչվում են Ղրիմին։ Թուրքական ԱԳՆ-ն հերթական անգամ հայտարարել է, որ «Ղրիմը՝ ուկրաինական է», և Անկարան չի ճանաչում նրա «բռնակցումը»: Թուրքական ԶԼՄ-ները, սկսած «Անադոլու»-ից և մինչև TRT ու «Ենի Շաֆակ», ոչ միայն տարածեցին Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, այլև լրատվական հոսքը «հարստացրին վերլուծություններով» այն մասին, թե որքան կարևոր է Անկարայի համար «Ղրիմի վերադարձը Ուկրաինայի վերահսկողության տակ»։ Եվ դա այն դեպքում, երբ արդեն նույնիսկ արևմտյան աղբյուրները նշում են, որ ԱՄՆ-ը կարող է ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունների շրջանակում: Այլ կերպ ասած՝ Մոսկվային ավելի արագ հաջողվեց պայմանավորվել ամերիկացիների հետ, քան թուրքերի։ Իսկ արդյոք Թուրքիան ընդհանրապես ուզում է որևէ բանի շուրջ պայմանավորվել և հետևել պայմանավորվածություններին նրանց հետ, ում համարում է իր թշնամին: Սա, ի դեպ, վերաբերում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին։

Այլ հավասար պայմաններում, Հայաստանում այլ ղեկավարության դեպքում թուրքական այս ռուսաֆոբիան (ինչպես և վերջերս Ադրբեջանում ի հայտ եկած խորքային ռուսաֆոբիայի բռնկումները) կարող էր դառնալ պատմական հնարավորություն։ Երկար տարիներ հենց Ռուսաստանի հետ դաշինքի, ռազմական-քաղաքական համագործակցության շնորհիվ Երևանին հաջողվում էր զսպել Թուրքիային, ինչն, իր հերթին, զսպում էր նաև Ադրբեջանին։ Իսկ եթե այսօր՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական միտումները, վերականգնվի Երևան-Մոսկվա այս կապը, ապա առնվազն 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի կյանքի կոչելը կարող է դառնալ իրատեսական։ Իսկ դա, ի թիվս այլնի, նշանակում է 120 հազար հայերի վերադարձ Արցախ, ինչպես նաև տարածաշրջանի հաղորդակցությունների իրական ապաշրջափակման վերաբերյալ բովանդակային բանակցություններ, այլ ոչ թե ամեն ինչ կամովին հանձնել Ադրբեջանին ՝ Հայաստանը թյուրքական աշխարհում տեղավորելու հույսով։ Ի վերջո, միայն թյուրքական աշխարհում Փաշինյանն ունի նվազագույն շանսեր իշխանությունը պահպանելու և անձնական անվտանգությունն ապահովելու համար։
Մտածե՛ք այդ մասին․․․»։