«ԵԱՏՄ-ն դուրս է գալիս Հայաստանից»՝ Փաշինյանի ռազմավարական նպատակը
09 Հոկտեմբերի 2025, 12:20
(Ո՞րն է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում եվրոպական ինտեգրման վարչություն ստեղծելու իրական նպատակը)
Պատմությունը և աշխարհագրությունը երևույթներ են, որոնք գործնականում անհնար է չեղարկել։ Երկար տասնամյակների ընթացքում հայկական քաղաքական դիսկուրսում արդարացիորեն ամրապնդվել է այն տեսակետը, որ Հարավային Կովկասի տարածաշրջանն առաջին հերթին Ռուսաստանի և Թուրքիայի դիմակայության դաշտ է։ Հայաստանի դեպքում սա նշանակում էր, որ ՌԴ-ի հետ ինքնիշխան ռազմավարական գործընկերության այլընտրանքը Թուրքիայի կողմից կլանումն է։ Ավելի պարզ ասած՝ Երևանի առջև ծառացած էր երկընտրանք՝ կա՛մ Ռուսաստանը, կա՛մ Թուրքիան։ 2018 թվականից (եթե ոչ ավելի վաղ) Հայաստանին ցանկանում են դնել մի իրավիճակում, երբ երկիրը չի ունենա այլ ընտրություն, բացի թյուրքական աշխարհում ձուլվելուց։
Շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ Եվրոպական ինտեգրման դեպարտամենտ։ Փաշինյանի ստորագրած համապատասխան կարգադրության մեջ նշվում է, որ այն դառնում է «արտաքին գործերի նախարարության հիմնական կառուցվածքային ստորաբաժանումը»։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով այս որոշումը, հայտարարեց, որ եվրոպական ինտեգրման վարչություն կա, բայց բուն եվրոպական ինտեգրումը՝ ոչ։ «Երեկ ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է եվրոպական ինտեգրման վարչություն։ Շատ հետաքրքիր է, որ եվրոպական ինտեգրում չկա, սակայն վարչություն կա։ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկար չի երևում, դա ցանկություն և իմիտացիա է, ընդ որում, փորձեր են արվում հեռանալ Ռուսաստանից։ Այդ մարդկանց գլուխներում տեղի է ունենում մի կենսաքիմիա, որը ոչ մի ընդհանուր բան չունի Հայաստանի շահերի հետ», — հայտարարեց Քոչարյանը։
Պետք չէ ինսայդերական տեղեկատվության տիրապետել՝ հասկանալու համար, որ դեպարտամենտի հիմնական նպատակը չի լինելու եվրոպական ինտեգրումը, այլ ԵԱՏՄ-ից ապաինտեգրման ուղիների մշակումը։ Ռուսաստանից բազմիցս ձայներ են հնչել այն մասին, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցելը տեխնիկապես անհնար է, մատնանշվել է այն, որ հայկական օրենսդրության մեջ արդեն իսկ հայտնվել են Եվրասիական միության նորմերից շեղումներ՝ եվրոպական չափանիշներին հարմարվելու փորձի պատճառով, իսկ հիմա էլ փոփոխություններ են կատարվում Հայաստանի կառավարության կառուցվածքում։
Ավելին, եթե հետևենք վերջին ամիսների իրադարձությունների ամբողջ շղթային, կարող ենք առանձնացնել հետևյալ դեպքերը. 2025թ. մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սկիզբը հայտարարող օրենք, 2025թ. օգոստոսին Հայաստանը Վաշինգտոնում համաձայնեց միջանցք տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային, ինչը հակասում է ԵԱՏՄ ընդհանուր մաքսային տարածքի նորմերին։ 2025թ. սեպտեմբերին Միրզոյանը (դեռևս Արարատը) Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարեց, որ «Հայաստանում մենք Ազգային ժողովում կարող ենք ընդունել օրենք, որը ԵՄ-ին անդամակցությունը դարձնում է կառավարության համար պարտադիր պետական քաղաքականություն»։ Իսկ 2025թ. հոկտեմբերին տեղի են ունենում վերոնշյալ կառուցվածքային փոփոխություններն, փաստացի, Հայաստանի կառավարությունում։
Ռոբերտ Քոչարյանն իր գնահատականներում ճիշտ է. եվրոպական ինտեգրում չկա, կա իմիտացիոն գործընթաց, որը, սակայն, Հայաստանը և ԵԱՏՄ-ն դարձնում է անհամատեղելի։ Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հասնել ոչ միայն ԵԱՏՄ կողմից ինտեգրացիոն միավորման նորմերի խախտման համար պատժամիջոցների, այլև հրահրել երկրի վտարումը Միությունից, որպեսզի, ՀԱՊԿ-ի օրինակով, հայտարարի, որ «մենք չենք դուրս եկել ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ն է դուրս եկել Հայաստանից»։
Ի վերջո մենք կունենանք մի իրավիճակ, երբ ՌԴ-ի հետ տնտեսական կապերը կխզվեն, թուրքական շուկային և ապրանքներին այլընտրանք չի մնա, և «եվրոպական ինտեգրման» արդյունքը կդառնա թյուրքական աշխարհում լուծարումը։ Սակայն այդ մասին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պատմել արդեն ընտրություններից հետո, եթե վերընտրվի։
Մտածե՛ք այդ մասին․․․