Եկամուտների ինդեքսացիան կմեղմի գնաճը
22 Հոկտեմբերի 2025, 21:30
Հայաստանում սպառողական ապրանքները վերջին շրջանում նորից թանկացել են: Թանկացումների հետևանքները մեղմելու մեխանիզմներից է բնակչության եկամուտների ինդեքսացիան:
Ինդեքսացիան եկամուտների աճն է՝ գնաճով պայմանավորված: Սա մեխանիզմ է, որը հանրության եկամուտների և սպառողական գների միջև կապ է ստեղծում: Նպատակն է՝ թույլ չտալ, որ գնաճը նվազեցնի մարդկանց գնողունակությունը:
Ինդեքսացիայի տեսակները տարբեր են՝ ըստ որոշակի դասակարգումների: Վերջիններս ենթարկվում են թե՛ ժամկետների, թե՛ բնակչության ընգրկվածության, թե՛ գործելու մեխանիզմների տարանջատմանը:
Եվ այսպես, եկամուտների ինդեքսացիան կարող է լինել ավտոմատ, ընտրովի կամ պայմանական, պայմանագրային: Ավտոմատ ինդեքսացիան որոշակի պարբերությամբ եկամուտների անընդատ վերանայումն է: Ընտրովի կամ պայմանականի դեպքում ինդեքսացիայի են ենթարկվում բնակչության որոշակի խմբերի եկամուտները: Պայմանագրայինը ենթադրում է աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատավարձի վերանայում՝ գնաճի դեպքում:
Ինդեքսացիայի կիրառումն աշխարհում լայն պրակտիկա ունի:
Այդ փորձի ուսումնասիրությունն իր հերթին վեր է հանում ինդեքսացիայի տեսակներ: Օրինակ, եվրոպական մի շարք երկրներում՝ Բելգիա, Դանիա, Իսլանդիա, Իտալիա և այլն, գործում է համընդհանուր ինդեքսացիա, երբ վերանայվում են ամբողջ բնակչության եկամուտները:
Սոցիալական որոշ խմբերի համար ինդեքսացիա գործում է Կանադայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում:
Հայաստանում կարող ենք նշել, որ նվազագույն աշխատավարձերի և նվազագույն թոշակների ոչ հաճախակի իրականացվող վերանայումները ևս ինդեքսացիայի տեսակ են, սակայն չկա ինստիտուցիոնալացված մեխանիզմ: