Եկեղեցու մանդատը 1700 տարվա է, իսկ Փաշինյանի մանդատը սպառվո՞ւմ է
10 Ապրիլի 2026, 12:30
(Բաժանումը «սև» և «սպիտակ» սկզբունքով չէ, այլ հիմնարար արժեքների)
«Այսօրվա դիմակայությունը Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև վերջնականապես դուրս է եկել հուզական վեճերի հարթությունից և տեղափոխվել բացահայտ քաղաքական ագրեսիայի դաշտ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու բարեփոխման, նրա ներքին Կանոնադրության փոփոխության և, որ ամենազարմանալին է, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման մասին կետերի ներառումը պարզապես քաղաքական սխալ չէ, այլ հոգևոր ինստիտուտի ներսում պետական հեղաշրջման փորձ։
Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, կարծես, լրջորեն որոշել են, թե հետհեղափոխական էյֆորիայի կամ պատերազմի վախի ալիքի վրա ստացված ընտրողների ձայները նրանց իրավունք են տալիս տնօրինել մի կառույց, որն ավելի քան մեկուկես հազարամյակով մեծ է հենց հայկական պետականությունից:
Իշխանությունների գլխավոր փաստարկը միշտ կառուցվում է «ժողովրդական մանդատի» հասկացության վրա։ Սակայն այս տրամաբանության մեջ թաքնված է հիմնարար մոլորություն։ Քաղաքական մանդատը ժամանակավոր երևույթ է՝ սահմանափակված լիազորությունների ժամկետով և էլեկտորատի տրամադրություններով, որոնք Հայաստանում փոխվում են յուրաքանչյուր նոր ճգնաժամի հետ։ Իսկ Եկեղեցու մանդատը չափվում է ոչ թե ընտրական փուլերով, այլ պետականության բացակայության պայմաններում ազգի գոյատևման դարերով։ Երբ քաղաքական ուժը փորձում է թելադրել հոգևորականությանը, թե ինչպես ընտրել իր առաջնորդին կամ ինչպես մեկնաբանել իր կանոնները, նա փաստացի պատերազմ է հայտարարում ազգային ինքնությանը։
Ցանկացած ժողովրդավարական երկրում կրոնի անջատումը պետությունից նշանակում է իշխանության չմիջամտելը դավանաբանական գործերին։ Հայկական իրականության մեջ մենք տեսնում ենք խորհրդային մեթոդների հայելային արտացոլումը, երբ «կուսակցական գիծը» վեր էր դասվում եկեղեցական գահից։
Առանձնակի մտահոգություն է առաջացնում այն, թե որքան սինքրոն են պաշտոնական Երևանի գործողությունները համընկնում Բաքվից հնչող հռետորաբանության հետ։ Ադրբեջանական քարոզչությունը վաղուց է նպատակաուղղված արշավ վարում ՀԱԵ-ն վարկաբեկելու ուղղությամբ՝ այն անվանելով «ռևանշիզմի կենտրոն» և «պատերազմի գաղափարական շարժիչ»։ Իլհամ Ալիևը բազմիցս ակնարկել է, որ «իսկական խաղաղության» հասնելու համար Հայաստանը պետք է ձերբազատվի ոչ միայն Սահմանադրության մեջ Արցախի մասին հիշատակումներից, այլև Եկեղեցու ազդեցությունից, որը պահպանում է պատմական հիշողությունը։ Եվ ահա հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես են նույն թեզերը՝ Եկեղեցու «բարեփոխման» և «զտման» անհրաժեշտության մասին, հայտնվում Հայաստանի իշխող կուսակցության ծրագրային փաստաթղթերում։ Դժվար է ազատվել այն զգացողությունից, որ իշխանությունը փորձում է ապամոնտաժել վերջին ինստիտուտը, որն ունակ է ձևակերպել ազգային շահերը՝ առանց հաշվի առնելու արտաքին ճնշումները։
Կաթողիկոսին կուսակցական ծրագրով «աշխատանքից ազատելու» փորձը քաղաքական տկարության նշան է, այլ ոչ թե ուժի։ Իշխանությունը, որը վստահ է ժողովրդի աջակցության վրա, չի վախենում հոգևորականների հեղինակությունից։ Ընդհակառակը, ներկայիս կաբինետը Էջմիածնում տեսնում է վտանգավոր մրցակից, որովհետև Եկեղեցին մնում է միակ կառույցը, որն ունի ազդեցության ճյուղավորված ցանց ոչ միայն երկրի ներսում, այլև հսկայական Սփյուռքում։ Բագրատ Սրբազանի հետ հակամարտությունը Փաշինյանի համար թրիգեր դարձավ. նա գիտակցեց, որ հոգևոր հեղինակությունը կարող է հաշված օրերի ընթացքում մարդկանց մոբիլիզացնել շատ ավելի արդյունավետ, քան ցանկացած քաղաքական կուսակցություն։ Պատասխան ռեակցիան եղավ ՀԱԵ-ն իրավաբանորեն խեղդելու փորձը, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել հասարակության մեջ ծանրագույն պառակտման։
Այս պառակտումն այլևս չի անցնում «սևերի» և «սպիտակների» գծով, այլ հիմնարար արժեքների գծով։ Իշխանությունն առաջարկում է «նոր Հայաստանի» մոդել, որտեղ տեղ չկա ավանդական ինստիտուտների համար, եթե դրանք հավատարիմ չեն անձամբ վարչապետին։ Բայց խնդիրն այն է, որ քաղաքական գործիչները գալիս ու գնում են, իսկ Էջմիածնի նման ինստիտուտները վերապրել են և՛ թագավորությունների անկումը, և՛ կայսրությունների ներխուժումը, և՛ անաստված բոլշևիզմի տասնամյակները։ Եկեղեցին վերաձևել՝ ելնելով ընթացիկ քաղաքական պահի կարիքներից, նույնն է, ինչ փորձել վերակառուցել այն շենքի հիմքը, որտեղ դու ինքդ ես ապրում։ Վերջնարդյունքում, Եկեղեցին պետությանը ենթարկեցնելու փորձը շրջվելու է հենց պետության դեմ՝ զրկելով նրան վերջին բարոյական հենարանից խորագույն ազգային ճգնաժամի պայմաններում։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական մանդատն արդեն մոտենում է իր տրամաբանական ավարտին, իսկ Եկեղեցու 1700-ամյա մանդատը կմնա անփոփոխ, ով էլ որ նստած լինի կառավարության ղեկավարի աթոռին։
Մտածե՛ք այդ մասին…»։