Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Էլ չէի կարող մեքենան վարել, ոտնակները չէի կարողանում սեղմել |Արցախյան բռնագաղթ. վկայություններ #24

14 Նոյեմբերի 2023, 21:45

«Իմ հայրը կռվել է էդ հողի համար, ինքը կռվել է իր զավակների, թոռների համար, հիմա ես ինչու չպետք է իմ հողում մնամ: Ինձ հարցնում են՝ պատրա՞ստ ես վերադառնալ Արցախ, այո, պատրաստ եմ, բայց պայմանով՝ ապրել առանց թշնամու, որը երբեք չի փոխվելու»,- հավելում է Արցախից բռնի տեղահանված Ալյոնան:

«Մինչեւ վերջին շունչը պայքարեցինք, ուզում էինք ու հույս ունեինք, որ կշարունակենք Արցախում ապրել»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Ալյոնա Հայրապետյանը, որը չնայած Արցախում մնալու ցանկությանը՝ հարկադրված եղավ դուրս գալ այնտեղից:

Ալյոնան դստեր, մոր ու եղբոր ընտանիքի հետ Ստեփանակերտից դուրս է եկել սեպտեմբերի 25-ին, երկու օր անց հասել Հայաստան: Իսկ մինչեւ այդ՝ սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, նրանք ստիպված էին երկու օր պատսպարվել նկուղներում, հրադադարից ժամեր անց միայն կարողացան դուրս գալ այնտեղից:

«Մեր տունը Շուշիի անկյունում էր, հայտնի Կրկժան թաղամասից քիչ հեռու: Մենք շատ պարզ լսում էինք հրթիռակոծության ձայները, որը դադար չուներ: Թշնամին արդեն մեզնից 100 մետր հեռավորության վրա էր, մեր տներից լսվում էր նույնիսկ ավտոմատի կրակոցների ձայները: Իսկ դեպի Հայաստան ճանապարհին ծանոթներից մեկն ինձ պատմեց, որ ադրբեջանցիներն արդեն Կրկժան էին հասել ու իրենք ոչ մի բան չէին կարողացել իրենց հետ վերցնել, ծանոթս փորձել էր մտնել իր տուն, բայց երբ լսել էր ադրբեջանցիների ձայները՝ հետ էր դարձել»,- պատմում է Ալյոնան:

Ալյոնան հպարտությամբ է պատմում շրջափակման պայմաններում Ադրբեջանի՝ Արցախին ուղարկված ցուցադրական մարդասիրական օգնության չընդունումը: Հիշեցնենք, որ Բաքվի իշխանությունները օգոստոսի վերջին Աղդամի ճանապարհով ալյուր էին ուղարկել Արցախ, սակայն արցախցիները փակել էին Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը՝ թույլ չտալով բեռնատարների մուտքը քաղաք:

«Մենք արդեն սովորել էինք շրջափակմանը: Հացը թխում էինք փայտե վառարանի վրա: Հույս ունեինք, որ ալյուր կունենանք, օգնություն կստանանք: Իրենք ինչքան էլ, որ փորձեցին Աղդամի ճանապարհով մեզ ալյուր ուղարկել, մենք վճռականորեն ասացինք՝ սոված կմնանք, բայց ձեր բերածը չենք ուտի ու չկերանք: Ու մենք պատրաստ էինք էդպես ապրել: Էլի կմնայինք Արցախում, բայց Հաթերք գյուղից մեր բարեկամները տեղահանվել էին օդանավակայան, մենք իրենց կանչեցինք Ստեփանակերտ, իրենք եկան, բայց կարճ ժամանակ անց մեզ ասացին, որ իրենց ասվել է լքել Արցախը, որ ավտոբուսներ են եկել, որոնք արցախցիներին կտանեն Հայաստան: Ու ես հասկացա, որ դա մեր վերջն է, այսինքն՝ հերթով գյուղարանքներից հանեցին ժողովորդին, որ հետո էլ անցնեն Ստեփանակերտին, ու էդպես ես էլ որոշեցի դուրս գալ: Վառելիք չունեինք, ուսանող տղաս, որը Հայաստանում էր, էստեղից էնտեղ լուծեց բենզինի հարցը, գնացի լիցքավորեցի ու սեպտեմբերի 25-ին ստիպված բռնեցինք գաղթի ճանապարհը: Տանս բանալին չենք գցել, մինչեւ հիմա մոտս է, երեւի կվերադառնանք, ասում են՝ հույսը վերջում է մահանում, երբ բանալին գցեմ՝ կմահանա նաեւ էդ հույսը»,- արցունքն աչքերին՝ ասում է Ալյոնան:

Բռնագաղթի ճանապարհը երկու օր է տեւել: Դրանք դժոխային օրեր էին Ալյոնայի  համար: Հիշում է՝սոված-ծարավ, մեքենաների հերթի վերջը չէր երեւում: Իսկ Հակարիի կամրջի մոտ արդեն ադրբեջանցիներն ստուգել են Ալյոնայի մեքենան:

«Ռուսերենով մեզ հարցրեցին, թե մեքենայում քանի հոգի կա, իսկ ես մորս հետ էի, ասացի՝ չեք տեսնում, որ երկուսով ենք, հետո պահանջեցին բեռնախցիկը բացել, էդտեղ արդեն վախեցա, բեռնախցիկն, իհարկե, բացեցի ու իրենք փորձեցին ինձ հետ զրուցել: Ես իրենց բանի տեղ չդրեցի, բեռնախցիկում բան չգտան, փակեցի, բայց շարունակեցին փորձել սադրել ինձ: Աչքերս անգամ իրենց կողմը չթեքեցի: Հասանք Կոռնիձոր, մեր հայերը դիմավորեցին մեզ: Աստծուն փառք տվեցի: Մենք էստեղ հաշվառվեցինք, մեզ ասացին՝ ձեզ կզանգենք, երկու ամիս է անցել՝ դեռ չեն զանգել:  Ճանապարհվեցինք դեպի Գորիս, բայց ես էլ չէի կարողանում մեքենան վարել, ոտքս ինձ չէր ենթարկվում, ոտնակները չէի կարողանում սեղմել, տղայիս զանգեցի, եկավ մեր հետեւից» ,- հիշում է Ալյոնան:

Ալյոնան սկզբում եղբոր ընտանիքի հետ ապրել է եղբոր ընկերոջ տանը: Հետո տուն են վարձակալել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, բայց այս տունը փոքր է, ընտանիքի անդամների կեսը ստիպված է եղել առանձնանալ, այլ տեղում վարձով ապրել:

Այս երկու ամիսների ընթացքում Ալյոնային տարբեր անհատներ են օգնել, ով ինչով կարողացել է: Հիմա միայն սառնարանի կարիք ունեն: Նրա ընտանիքի անդամները ստացել են սոցիալական աջակցություն՝ 100 հազար դրամի տեսքով, բայց ոչ բոլորն են կարողացել օգտվել մյուս տեսակ աջակցությունից: Այն արցախցիները, որոնց հաշվին 2 մլն դրամից ավելի գումար կար, զրկվում են 50 հազար դրամական  աջակցությունից:

Ալյոնան այժմ աշխատանք չունի: Արցախում դասավանդում էր վոկալ եւ դաշնամուր: Երեւանում իր ընկերներից մեկն առաջարկել է Ջիվանու անվան աշուղական դպրոց գնալ: Այստեղ շատ լավ են ընդունել նրան, բայց որպեսզի աշխատի, Ալյոնան պետք է աշակերտ ունենա, իսկ աշակերտ գտնել առայժմ չի հաջողվել: Արցախի իր սաները սփռվել են Հայաստանով մեկ:

«15 օր լսում էի Թովմաս Պողոսյանի խմբի կատարումները, կարելի է ասել, որ հենց դա է ինձ դրդել, որ նորից ապրեմ, հույսս չկորցնեմ»,- ասում է Ալյոնան:

Ալյոնան հիմա գեղեցկության սրահում վերապատրաստման դասընթացների է  մասնակցում: Հույս ունի, որ լավ աշխատանք կգտնի ու նորից կսկսի կյանքը դասավորել, բայց Արցախ վերադառնալու հույսն էլ է Ալյոնան դեռ փայփայում:

«Իմ հայրը կռվել է էդ հողի համար, ինքը կռվել է իր զավակների, թոռների համար, հիմա ես ինչու չպետք է իմ հողում մնամ: Ինձ հարցնում են՝ պատրա՞ստ ես վերադառնալ Արցախ, այո, պատրաստ եմ, բայց պայմանով՝ ապրել առանց թշնամու, որը երբեք չի փոխվելու»,- հավելում է Արցախից բռնի տեղահանված Ալյոնան: