Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

ԵՄ անդամակցությունից մինչև ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերություն. Փաշինյանի քարոզչության առասպելները

10 Հունվարի 2025, 12:00

 

(Հայաստանում իրավիճակը փոխելու ինստիտուցիոնալ շանս է առաջացել)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններն արագ զարգանում են: Նոր տարվա 9 օրում այնքան շատ իրադարձություններ տեղի ունեցան, որքան նախկինում կարող էր տեղի ունենալ մեկ տարվա ընթացքում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, Փաշինյանի կողմից, հավանաբար, Ալիևի հետ համակարգված պատասխանը, որից պարզ դարձավ, որ Երևանը պատրաստ է լուծարել Մինսկի խումբը, քննարկել «ադրբեջանական փախստականների հարցը» և առհասարակ ամեն ինչ՝ «միայն թե պատերազմ չլինի» տրամաբանության շրջանակներում: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հաստատեց, որ Թուրքիան ունի նախապայմաններ ՀՀ-ի հետ «կարգավորման» հարցում, որոնք վերաբերում են Երևանի և Բաքվի հարաբերությունների «կարգավորմանը», և հայտնեց հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ազդարարեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, ինչը ենթադրում է Հայաստանում այս հարցով հանրաքվեի անցկացում (հանրաքվե, որը Բրյուսելի համար որևէ իրավական ու պարտավորեցնող ուժ չունի): Ռուսաստանից հայտարարեցին, որ Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵՄ-ին և Եվրասիական տնտեսական միությանը հնարավոր չէ, ինչպես նաև չբացառեցին, որ Ալիևի նոր սպառնալիքների ֆոնին Փաշինյանը կարող է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը: Նկատելի է նաև, որ Ալիևի նույն սպառնալիքների ֆոնին Հայաստանում ակտիվացել են տարբեր դերակատարները, որոնք հայտարարում են, որ «հաջորդ շաբաթ Երևանի և Վաշինգտոնի միջև» կստորագրվի ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ, և «դրանից վախենալով է որ, Ալիևը շտապում է «վախեցնել Հայաստանին»:

Այդ նույն փորձագետները չեն պատմի հայկական հասարակությանը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես պատրաստ է բարձրացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ ռազմավարական մակարդակի՝ ինչպես նա փաստացի ասել է իր վերջին հարցազրույցի ընթացքում: Stratfor-ի վերջին գնահատականներից էլ, որը լեգալիզացնում է հետախուզական տվյալներ, ըստ որոնց Թամփի վարչակազմի առաջնահերթությունը տարածաշրջանում կլինի Բաքվի հետ հարաբերությունների խորացումը, պարզ է դառնում, որ ԱՄՆ-ին հավատարիմ «հայ փորձագետները և քաղաքական գործիչները» հերթական անգամ կարող են սխալվել իրենց գնահատականներում: Բայց դե ինչո՞ւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին կարելի էր 2024 թվականի վերջին խոսել «Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու 4 շաբաթվա մասին», իսկ հայ «փորձագետներին և ԱԳՆ ղեկավարին» չի կարելի ասել, որ Ջո Բայդենի վարչակազմի օրոք՝ առաջիկա 11 օրում, Երևանի և Վաշինգտոնի միջև կարող է ստորագրվել ինչ-որ փաստաթուղթ:

Ամբողջ հարցը միայն այն է, թե ինչո՞ւ ԱՄՆ-ի դեսպանությունը չի ազդում իրեն հավատարիմ փորձագետների վրա, որպեսզի նրանք հայ հասարակությունում չափազանցված ակնկալիքներ չստեղծեն:

Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության հնարավոր հանրաքվեին, եթե ՀՀ իշխանությունները «չշեղվեն ճանապարհից», ապա այս ընտրական գործընթացը Հայաստանում քաղաքական փոփոխություններ կատարելու լեգիտիմ, ինստիտուցիոնալ ակտ կարող է դառնալ: Եթե Նիկոլ Փաշինյանը պարտվի հանրաքվեի արդյունքում, ապա դա կարող է սկիզբ լինել քաղաքական գործընթացների մի ամբողջ շարքի, որոնց տրամաբանական ավարտը կլինի ՀՀ-ում նոր կառավարության ձևավորումը: Իսկ եթե Փաշինյանը հաղթի, ապա հայկական պետականության պահպանումն իր ներկայիս սահմանների կոնֆիգուրացիայում կդառնա էլ ավելի ավելի խնդրահարույց:

Մտածե՛ք այդ մասին…»։