Եթե Իրանը չպարտվի պատերազմում, TRIPP-ն իմաստ չի ունենա
19 Մարտի 2026, 12:00
(Հարավային Կովկասի տարօրինակ աշխարհաքաղաքական իրականությունները)
«TRIPP նախագիծն իրենից ներկայացնում է ոչ այնքան տնտեսական նախաձեռնություն, որքան Իրանի և Չինաստանի ռազմավարական զսպման կոշտ գործիք. մի նախագիծ, որի կենսունակությունն ուղղակիորեն կախված է Իրանի շուրջ ընթացող ներկայիս դիմակայության ելքից: Իր էությամբ այս նախագիծը նպատակաուղղված է տարածաշրջանային ազդեցության քարտեզի արմատական վերաձևմանը՝ Հարավային Կովկասից ռուսական ներկայության դուրսմղմանը և Իրանի շուրջ յուրատեսակ «սանիտարական կորդոնի» ստեղծմանը, որը հենվում է «թյուրքական աշխարհի» ենթակառուցվածքների վրա:
Այս տեսանկյունից նախագիծը ոչ միայն տրանսպորտային միջանցք է, այլև հետախուզական գործունեության հարթակ, որը վերահսկողության համակարգը ինտեգրում է արևմտյան և մերձավորարևելյան հատուկ ծառայությունների գլոբալ ցանցին:
Սակայն նման հավակնոտ կառուցվածքը չափազանց խոցելի է Իրանի քաղաքական համակարգի ներքին կայունության համար: Եթե իրանական պետականությունը դիմակայի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բացահայտ հակամարտության պայմաններում, TRIPP-ի ռազմավարական արժեքը կենթարկվի կրիտիկական վերանայման: Արևմուտքի գլխավոր խնդիրը՝ Թեհրանի լիակատար մեկուսացումը և Չինաստանի հետ տեխնոլոգիական ու լոգիստիկ կապերի խզումը, չի լուծվի, ինչը նախագիծը զրկում է իր սկզբնական քաղաքական իմաստից: Ավելին, Իրանում ներկայիս իշխանական ուղղահայացի պահպանման դեպքում նախագիծը ճնշման գործիքից վերածվում է պոտենցիալ թիրախի: Ընթացող պատերազմի պայմաններում կորցնելով զսպող գործոններն ու «կարմիր գծերը»՝ Իսլամական Հանրապետությունը քարտ-բլանշ է ստանում ուղղակիորեն հակազդելու TRIPP-ի ենթակառուցվածքներին, ինչը ցանկացած ներդրում այս երթուղու մեջ դարձնում է չափազանց ռիսկային:
Պարադոքսալ է, բայց նույնիսկ Թեհրանում վարչակարգի հիպոթետիկ փոփոխությունը արևմտամետով TRIPP-ը դարձնում է երկրորդական, քանի որ Իրանի նկատմամբ ուղղակի վերահսկողության հաստատումը կվերացնի մեկուսացման բարդ շրջանցիկ ուղիների կառուցման անհրաժեշտությունը: Իսրայելի և նրա դաշնակիցների ներկայիս ռազմավարությունը, որն ուղղված է Իրանում կենտրոնացված կառավարման կազմաքանդմանը՝ առանցքային համակարգողների վերացման միջոցով (այդպիսի դեմք էր նաև սպանված Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին), որոնք հավասարակշռում էին պահպանողականների և բարեփոխիչների միջև, նպատակ ունի հրահրել համակարգային քաոս: Ակնկալվում է, որ իշխանության կաթվածը և կառավարման անցումը ուժային կառույցների միջին օղակին կհանգեցնի պետության դեգրադացիային:
Սակայն եթե այս ծրագիրը չաշխատի, և իրանական համակարգը ցուցադրի ղեկավար կադրերի «ռեգեներացիայի» ունակություն, Վաշինգտոնը ռիսկի է դիմում ներքաշվել տևական հակամարտության մեջ, որն իր հետևանքներով համադրելի կլինի Վիետնամի կամ Աֆղանստանի հետ: Ժամանակակից իրողություններում նման սցենարը անխուսափելիորեն կհրահրի համաշխարհային էներգետիկ ճգնաժամ և նավթի գների կտրուկ թռիչք, ինչը քաղաքական ֆիասկո կլինի ամերիկյան վարչակազմի համար: Այսպիսով, TRIPP նախագծի ճակատագիրը անխզելիորեն կապված է իրանական քաղաքական մոդելի կայունության հետ. կա՛մ նախագիծը կորցնում է իմաստը՝ պահպանված վարչակարգի զսպման հարցում անարդյունավետության պատճառով, կա՛մ այն դառնում է ավելորդ, եթե Իրանն ամբողջությամբ կլանվի արևմտյան ազդեցության ոլորտի կողմից:
Ամեն դեպքում, առանց Իրանի քաղաքական համակարգի նկատմամբ արագ և վերջնական հաղթանակի, TRIPP-ը մնում է լոկ տեսական մոդել՝ զուրկ իրական աշխարհաքաղաքական հիմքից: Հասկանո՞ւմ են արդյոք այս ամենը Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը:
Մտածե՛ք այդ մասին…»։