Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Էթնիկ կոդ․ Տիգրան Ալթուն

19 Մայիսի 2024, 14:00

Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված եւ պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

Alpha News-ի «Էթնիկ կոդ»-ի հերթական թողարկման հերոսը պոլսահայ գործարար Տիգրան Ալթունն է:

Նա Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է: Հայրական կողմը Կենտրոնական Անատոլիայի Յոզգաթի հայաբնակ Բուրունքըշլա գյուղից էր, իսկ մայրականը՝ Կեսարիայի Թոմարզա շրջանից:

«Հայրս Կեսարիայում է ծնվել, գործի բերումով գնացել` Էրզրում, որտեղ ծնվել եմ ես, եղբայրս ու երկու քույրերս: Մեր ընտանիքը Էրզրումում միակ հայ ընտանիքն էր: Հայրս մինչեւ երրորդ դասարան էր սովորել, բայց իր հայությունը շատ լավ էր պահել: Երբ ես 5 տարեկան դարձա, հայրս որոշեց ինձ հայկական դպրոցում ուսման տալ, որովհետեւ եթե Էրզրումում մնայինք՝ թրքանալու էինք: Հայրս հաջող գործ ուներ, ամեն ինչ թողեց ու տեղափոխվեցինք Ստամբուլ, որ կարողանանք հայկական դպրոց գնալ: Նախակրթարանն ավարտելուց հետո հայրս որոշեց ինձ ավելի լավ հայկական ուսման տալ եւ ես մեկնեցի Կիպրոս՝ Մելքոնյան կրթական հաստատություն, որտեղ 6 տարի սովորեցի: Ես երախտապարտ եմ Մելքոնյանին՝ հայեցի լավ դաստիարակության ու կնոջս հանդիպելու համար: Հայ լինելուս համար պարտավոր եմ Մելքոնյանին, որովհետեւ Ստամբուլում այդ դաստիարակությունը չէինք կարող ստանալ»,- ասում է Տիգրան Ալթունը:

73-ամյա պոլսահայ գործարարը ջերմությամբ, հոգատարությամբ է խոսում հայկական արմատների ու մշակույթի մասին: Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ժառանգներին Թուրքիայում միավորում են կրոնական տոներն ու հայկական դպրոցները:

«Ստամբուլում բավական լավ կազմակերպված հայկական կյանք ունենք: 33 եկեղեցի, 13 դպրոց, 3000 աշակերտ ունենք: Մենք Սուրբ Ծնունդ, Զատիկ ենք նշում, հավկիթներ ներկում, խմորեղեն թխում, պատրաստություն ենք տեսնում: Բոլոր հայերը սա անում են, իրար տուն ենք այցելում: Եկեղեցիները լեցուն են լինում, չեք կարող եկեղեցիներ մտնել այդ օրերին»,- ասում է Տիգրան Ալթունը:

Նա Հայաստան առաջին անգամ այցելել է 1972թ., երբ տնտեսագետի մասնագիտություն էր ստանում Բեյրութում: Հայաստան այցերը հաճախակիացան անկախությունից ի վեր: Հիմա արդեն նրա հետ այստեղ են գալիս նաեւ թոռները: Ու թեեւ այդ այցերը պարբերական բնույթ են կրում, այդուհանդերձ, Տիգրան Ալթունի խոսքերից ու ձայնի տոնից հասկացվում է նրա՝ անվերջ կարոտը Հայաստանի ու հայկական մշակույթի հանդեպ:

«Ամեն ամիս Հայաստան եմ գալիս, ընկերներս հարցնում են, թե ինչու եմ այսքան գնում-գալիս: Հեռախոսները լիցքավորվում են չէ՞, ես էլ Երեւան եմ գալիս, լիցքավորվում, որ հետ դառնամ ու կարողանամ այնտեղ ապրել: Ես երբեք չեմ ցանկացել հաջող գործի մարդ երեւալ կամ լինել, ինձ համար կարեւորը հաջող մարդ ու հաջող հայ լինելն է, կարծում եմ, որ բավական հաջողած եմ որպես հայ: Ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանն ու այս ժողովուրդը բարեկեցիք կյանքով ապրեն, որ մի օր թոռներս ասեն՝ հիմար ենք, որ Ստամբուլում կամ Ամերիկայում ենք ապրում, սքանչելի երկիր ունենք, գնանք այնտեղ ապրենք»,- նշում է Տիգրան Ալթունը: