Եվրոպական տրանշն ազգային դավաճանության համար. ո՞վ է վճարում ՀԱԵ-ի լուծարման համար
19 Դեկտեմբերի 2025, 16:00
(Միաժամանակյա հարված. ինչու Կայա Կալլասը և Փաշազադեն խոսեցին միաձայն)
«Դեկտեմբերի 18-ը Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առճակատման գործընթացի հերթական կարևոր օրն էր։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սուրբ Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Ի սկզբանե արարողությունը նախատեսված էր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում, սակայն հետագայում տեղափոխվեց ՀԱԵ հոգևոր կենտրոն՝ Էջմիածին, ինչի մասին հայտնեցին ՀԱԵ Արագածոտնի թեմից։ Հավատացյալներին կոչ էր արվել մասնակցել պատարագին՝ հանուն ազատագրման և Հայ Առաքելական Եկեղեցու անսասանության։
Միևնույն ժամանակ, պատարագի նախաշեմին ՀԱԵ 10 տիրադավ եպիսկոպոսներից բաղկացած խումբը հանդես եկավ ուղերձով՝ կոչ անելով հավաքվել Էջմիածնում և միանալ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջին։ Արդյունքում, այդ 10 տիրադավ եպիսկոպոսները միայն կարողացան բարձրախոսով ընթերցել հրաժարականի պահանջը, որից հետո նամակը հանձնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն և շտապ հեռացան դեպքի վայրից։
Սակայն սրանք միայն մեկ օրվա իրադարձություններ են։ Ակնհայտ է նաև, որ իշխանությունները շարունակելու են հարձակումները ՀԱԵ-ի վրա, ուստի ժամանակն է հիշել, թե ինչից է ամեն ինչ սկսվել և ովքեր են կանգնած եկեղեցու դեմ ուղղված հարձակումների հետևում։
2025 թվականի մայիսից ի վեր բուռն զարգացող իրադարձությունները բացահայտեցին Հայաստանի նկատմամբ արտաքին ճնշումների և ազգային կառույցների վարկաբեկման ներքին գործընթացների խորը փոխկապակցվածությունը։ «Կայծ հանդիսացավ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Շվեյցարիայում կազմակերպված համաժողովը, որտեղ Գարեգին Բ Կաթողիկոսի գլխավորությամբ բարձրացվեցին արցախցիների վերադարձի իրավունքի և հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը։ Էջմիածնի այս դիվանագիտական նախաձեռնությունը հարված հասցրեց Բաքվի ռազմավարությանը, որը ձգտում է վերջնականապես ջնջել Արցախի թեման միջազգային օրակարգից։
Ադրբեջանի արձագանքն արագ էր և վերածվեց համակարգված հիբրիդային հարձակման։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն ոչ միայն մեղադրեց եկեղեցուն «ռևանշիզմի» մեջ, այլև փաստացի հրահրեց «կրոնական ներխուժում». Երևանում ադրբեջանցի «ղազիի» նշանակումը՝ փորձ էր ինստիտուցիոնալ մակարդակով ամրագրել հավակնությունները այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» նկատմամբ։
Իրավիճակին առանձնակի սրություն է հաղորդում այն, թե ինչպես այս արտաքին մարտահրավերը սինքրոնացվեց Հայաստանի ներքին քաղաքականության հետ։ 2025 թվականի դեկտեմբերին ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հանդես եկավ ծրագրային հայտարարությամբ՝ հաստատելով Հայաստանին 15 միլիոն եվրոյի հատկացումը։ Նրա խոսքով՝ այդ միջոցներն ուղղված են «դիմակայունության ամրապնդմանը» և 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «վնասակար ազդեցության» ու հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին։
Այս համատեքստում ՀԱԵ-ի և ՊԱԿ-ի (ԿԳԲ) կապի մասին հին լեգենդների վերակենդանացումը պատահականություն չի թվում, այլ գիտակցված ռազմավարություն։ Հող է նախապատրաստվում ազգային եկեղեցին ոչ թե որպես հայ ժողովրդի հոգևոր հենարան, այլ որպես օտարերկրյա միջամտության գործիք ներկայացնելու համար։ Այսպիսով, Հայաստանի կառավարությունը հնարավորություն է ստանում Կալլասի խոստացած Եվրամիության ֆինանսական աջակցությունն օգտագործել ներքին ընդդիմախոսների դեմ պայքարելու համար՝ ժողովրդավարության պաշտպանության պատրվակով։
Այս կործանարար տրամաբանության արդյունքը տխուր է. քանի դեռ ադրբեջանցի «ղազիները» խորհրդանշականորեն հավակնում են Երևանին, Հայաստանի ներսում եվրոպական փողերով իրականացվում է եկեղեցու կազմաքանդման Բաքվի աշխարհաքաղաքական պատվերը։ ՀԱԵ-ի՝ որպես «գործակալական ցանցի» վարկաբեկումը հայ հասարակությանը զրկում է վերջին անկախ կառույցից, որն ի վիճակի է դիմակայել երկրի լիակատար կլանմանը «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի շրջանակներում։
Մտածե՛ք այդ մասին․․․»։