Գայթակղության գինը, կամ՝ հինգ հերքված եվրաառասպել
21 Օգոստոսի 2025, 17:30
Հետխորհրդային տարածքի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար Եվրամիությանն անդամակցությունը ներկայացվում է իբրև դրախտ ընկնելու պես մի բան. ձեզ հա՛մ բուռն տնտեսական աճ է սպասվում, հա՛մ եվրոպական չափանիշներով բարձր կենսամակարդակ, հա՛մ ֆինանսական օգնություն միլիարդավոր եվրոների չափով, հա՛մ բաց եվրոպական աշխատաշուկա, հա՛մ իրական ժողովրդավարություն:
Այս հինգ առասպելը գովազդային վահանակների պես վառ պսպղում են ԵՄ մուտքին՝ մուտք գործողներին հմայելով դրախտային ապագայի հեռանկարներով:
Սակայն հասնելով եվրոպական ընտանիքի բաղձալի անդամի կարգավիճակին՝ նախկին խորհրդային հանրապետությունները հայտնվում են ո՛չ թե բարեկեցության դրախտում, այլ՝ Եվրոպայի գաղութատիրական հի՜ն ու բարի քաղաքականության ճիրաններում։ Արդյունքում՝ ավելի խորն են սողոսկում սեփական քաղաքացիների գրպանները, որպեսզի վճարեն անհամաչափ թանկ, բայց Բրյուսելի կարծիքով «ճիշտ» էներգակիրների, սննդամթերքի ու արդյունաբերական ապրանքների դիմաց:
Ինչո՞ւ են բոլոր հինգ եվրոպական առասպելները գործնականում ոչ այլ ինչ, քան՝ գովազդային հնարքներ, ու ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ եվրոպական անուրջները Հայաստանի համար. հասկանանք կայացած եվրաինտերգրացումների օրինակով:
Առասպել առաջին. տնտեսական աճ
Եվրոպական միության հիմքում դրված գաղութատիրական մոդելն ըստ սահմանման չի՛ ենթադրում իրական տնտեսական աճ պրոտեկտորատի համար: Այդ խնդրի լուծմանն են ուղղված եվրոպական բյուրոկրատիայի բոլոր ջանքերը՝ բազմաթիվ սահմանափակումներով, անիրագործելի կանոնակարգերով, արգելքներով ու տուգանքներով հանդերձ։ Ուժեղ ու անկախ հպատակներ չեն լինում․ գաղութային միությունում դա շատ լավ են հասկանում։
Օրինակ, Մերձբալթյան երկրներում եվրոպական բարեփոխումների քողի տակ սկսեցին ա՛յն արտադրությունների վերացումից, որոնք թեկուզ ինչ-որ չափով կարող էին մրցակցել եվրոպացիների հետ ու այդպիսով Բալթյան երկրներն սեփական ռեսուրսներով ապահովել։
Լիտվայում արտադրում են իրենց շաքա՞րը: Արգելվա՛ծ է, գործարանները փակում ենք, ճակնդեղաբույծներին դուրս շպրտում: Ֆերմերները վաճառակետերին էժան կա՞թ են մատակարարում: Գերարտադրություն թույլ չե՛նք տա, կաթնատու նախիրը մորթե՛լ: Լիտվայի ԱԷԿ-ն էլեկտրաէներգիա է արտադրում ու տնային տնտեսություններին մատակարարում գրեթե ինքնարժեքո՞վ: Կայանը խորհրդային մնացուկ ենք կարգում ու հանում շահագործումից: Ձկնորսական նավատորմը ներքին շուկան ապահովո՞ւմ է թարմ ու մատչելի ձկնով։ Ձկնորսության քվոտաները հասցնում ենք նվազագույնի, իսկ նավատորմն ուտիլիզացնում իբրև մետաղաջարդոն։
Արդյունքում՝ շա՜տ կարճ ժամանակահատվածում Լատվիայում արտադրությունը նվազեց 77 տոկոսով, Լիտվայում՝ 44 տոկոսով, Էստոնիայում՝ 43 տոկոսով։ Իսկ Բալթիկ ծովի ջրորով ողողովող այս երկրներում ձուկն արժե առնվազն 15 տոկոսով ավելի թանկ, քան ԵՄ անդամ մյուս պետություններում:
Եվրաինտեգրացումից անգամ 20 տարի անց խոստացված տնտեսական հրաշքը տեղի չի ունենում. Մերձբալթիկան մշտապես քարշ է գալիս Եվրամիության անվանական ՀՆԱ-ի վարկանիշի ստորին հորիզոնականներում: Լիտվան զբաղեցնում է 23-րդ տեղը, Լատվիան՝ 24-րդ, իսկ Էստոնիան՝ 25-րդ։ Գործերն ավելի վատ են միայն փոքրիկ Կիպրոսում ու Մալթայում։
Տնտեսական աճի օրինակները, իհարկե՝ բացասական, կարելի է շարունակել: Բերրի հողեր ունեցող Բուլղարիան ԵՄ-ին անդամակցելուց հետո սկսեց ներմուծել իր մրգերի ու բանջարեղենի մոտ 90 տոկոսը։ Հունաստանը զրկվեց ողջ նավաշինական ոլորտից, իսկ եվրոյի ներդրումից հետո ընդհանրապես հայտնվեց դեֆոլտի եզրին։
Արտադրելու ու վաստակելու, շուկաները կարգավորելու ու անկախ քաղաքականություն վարելու հնարավորություններից զրկված՝ եվրոպական ծայրամասային գաղութները վերածվում են մուրացկանների, որոնց կենսագործունեությունն ապահովվում է նպաստներով ու դոտացիաներով: Բայց նույնիսկ դրանք ծայրը ծայրին հասցնելու համար սարսափելի քիչ են:
Առասպել երկրորդ. ֆինանսական օգնություն
Հաշվարկները ցույց են տալիս, որ ԵՄ թույլ տնտեսություն ունեցող երկրները յուրաքանչյուր ստացված եվրոյի դիմաց հարկադրված են կրկնակի ավելին վերադարձնել։ Օրինակ՝ Հունգարիան, Լեհաստանը, Չեխիան ու Սլովակիան 2010-2016 թթ․-ին ԵՄ հիմնադրամներից ստացել են իրենց ՀՆԱ-ի ընդամենը 2-4 տոկոսի համարժեք աջակցություն։ Այդ նույն ժամանակահատվածում այդ երկրներից կապիտալի արտահոսքը կազմել է ՀՆԱ-ի 4-8 տոկոս։
Բացի այդ՝ այն առասպելական եվրոպական ներդրումները, որոնց մասին այդքա՜ն խոսվում էր, իրականում նույնպես չկան: Եվրոպական Միության բյուջեն իր ծավալով հասնում է անդամ երկրների համախառն ՀՆԱ-ի մոտավորապես 1 տոկոսին։ Այսինքն՝ Եվրամիությունը ոչ թե ծախսում է իր անդամների վրա, այլ հակառակը՝ վաստակում է նրանց հաշվին։
Օրինակ՝ չնայած ԵՄ-ի դոտացիաներին, Լեհաստանի ու Հունգարիայի պետական բյուջեները 24 տարի անընդմեջ դեֆիցիտային են մնում․ պետական գանձարանի ծախսերը մշտապես գերազանցում են նրա եկամուտները։
Ավարտին է մոտենում նաև ազատ փողի դարաշրջանը, որով ԵՄ-ն այդքա՜ն գայթակղում է իր նոր վասալներին։ Եվրոպացի պաշտոնյաները բացահայտորեն հայտարարում են Համախմբման ֆինանսավորման մոդելի վերափոխման ու միջոցները միայն նպատակային բարեփոխումների համար տրամադրելու մտադրության մասին:
Financial Times-ը հաշվարկել է, որ բոլոր գործող թեկնածուներին ԵՄ ընդունելու համար (բացառությամբ հավերժական թեկնածու Թուրքիայի) Բրյուսելին առաջին երեք տարիների ընթացքում անհրաժեշտ կլինի 257 միլիարդ եվրո: ԵՄ բյուջեում պարզապես այդքան գումար չկա:
Բացի այդ, Եվրամիության ընդլայնումը անխուսափելիորեն կհանգեցնի գյուղատնտեսության սուբսիդիաների կրճատմանը։ Դրանց բաշխման թափանցիկությանը հարցը թերևս միայն ծույլերը չեն քննադատել։ Իսկ քննադատելու առիթները շատ էին։ Վերջերս բացահայտվեց մի շահախարդախություն․ գյուղատնտեսական սուբսիդիաների շահառու է դարձել Forbes-ի ցուցակում ընդգրկված 17 միլիարդատեր, մինչդեռ Եվրոպայում աջակցության կարիք ունեցող հազարավոր ֆերմաներ պարզապես փակվել են։
Սա՜ էլ ձեզ ֆինանսական օգնություն:
Առասպել երրորդ. բարձր կենսամակարդակ
Տնտեսության լճացման պայմաններում կեղծ է նաև այն հեքիաթը, թե Եվրամիության շեմը հատողին սպասում է անսահման բարձր կենսամակարդակ։ Առհասարակ Եվրոպան պարբերաբար գլխավորում է աշխարհի ամենաինֆլյացիոն տարածաշրջանների ցանկը։ Ինչը նշանակում է, որ այստեղ փողն ավելի արագ է կորցնում իր գնողունակությունը. նույն գումարի դիմաց կարելի է գնել ավելի ու ավելի քիչ ապրանք։ Եվրոպական գները հայկականի համեմատ ընդհանրապես շոկ են առաջացնում։ Այսպես, միջին վիճակագրական եվրոպական խանութից գնված հացը կարժենա 2,69 եվրո կամ գրեթե 1200 դրամ։ 2022 թվականից ի վեր Եվրոպայում պարենային զամբյուղի ընդհանուր արժեքը աճել է 30%-ով։ Ռեկորդներ է սահմանել կարագի գինը՝ 80 տոկոսանոց աճ այն գնի համեմատ, որն առկա էր մինչև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը։ Ռուսական էժան էներգակիրներից և այլ հումքից հրաժարվելու համար ստիպված են Եվրամիության քաղաքացիները վճարել։
Շարունակելով Մերձբալթիկայի օրինակը՝ պարզում ենք, որ ըստ փորձագիտական գնահատականների, ամենավատն ապրում են Բալթյան երկրների թոշակառուները: Կենսաթոշակային տարիքի մարդկանց գրեթե կեսը «հարաբերական աղքատության» մեջ է ապրում։ Իսկ եթե խոսենք ընդհանուր առմամբ բնակչության մասին, ապա Լիտվայում այսօր բնակչության յուրաքանչյուր հինգերորդը ապրում է աղքատության սահմանագծից անդին։
Մերձբալթիկայում կյանքի գեղեցիկ եվրոպական պատկերը փչացնում են աշխատատեղերի կրճատումը, եկամուտների անկումը, սննդի, բնակարանների ու ծառայությունների գների բարձրացումը: Օրինակ, Լիտվայի քաղաքացիները մինչև Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումն էլեկտրաէներգիայի համար գրեթե կրկնակի քիչ էին վճարում, մեկ երրորդով ավելի քիչ էին ծախսում բազային ապրանքների վրա։
ԵՄ-ում էլեկտրաէներգիայի միջին արժեքը 1 կՎտ/ժ-ի համար կազմում է 25,5 եվրոցենտ: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում տնային տնտեսությունների համար օրական սակագները 1 կՎտ/ժ-ի համար կազմում են 12-ից 13,8 ցենտ, անապահով խավի համար՝ 7,8 ցենտ:
Բրյուսելի պահանաջած «գոտիների ձգումը» հանգեցնում է Եվրոպայով մեկ սոցիալական ծրագրերի կրճատմանը, հարկերի ու առօրյա ծառայությունների սակագների աճին:
Անգամ Եվրահանձնաժողովն է ընդունում, որ Եվրամիության նախագիծը չի կարող քաղաքացիներին ապահովել խոստացված բարձր կենսամակարդակը։
Առասպել չորրորդ. աշխատանքի ազատություն
Եվրամիության քաղաքացիներն իսկապես ստանում են ազատ աշխատանքի ու հեշտացված աշխատանքային միգրացիայի իրավունք։ Սակայն ներկայիս պայմաններում նրանք այդ իրավունքն իրացնելու որևէ հնարավորություն գրեթե չունեն:
Ներգաղթյալների համար բարձր աշխատավարձերով որակավորված աշխատանքի եվրոպական շուկան իրականում կողպեքով փակ է. աշխատատեղերը քիչ են, դրանք զբաղեցված են տեղացիների կողմից, իսկ խոչընդոտները շատ են: Դրանց թվում են թե՛ դիպլոմների ճանաչումը, թե՛ կրթական համակարգերի տարբերություններն ու թե՛ լեզվական խոչընդոտները: Արդյունքում անգամ բարձր որակավորում ունեցող միգրանտները զբաղվում են այգեպանների, բերքահավաքների ու բակապանների աշխատանքով, որտեղ էլ մրցակցում են Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներից ներգաղթյալների հետ, որոնք գործատուների համար ավելի ձեռնտու են:
Եվրոպական աշխատաշուկայի հեռանկարները այնքան էլ հուսալի չեն։ ԱՄՆ-ի առևտրային տուրքերի ավելացումը, չինական դեմբինգն ու արհեստական բանականության արագ զարգացումն արդեն իսկ կրճատումների ալիք են առաջացրել։ Օրինակ, բոլորովին վերջերս ամենախոշոր գործատուներից մեկը՝ գերմանական ավտոարտադրությունը, կրճատել է գրեթե 40 հազար աշխատակից:
Առանց այն էլ անկայուն իրավիճակը բարդացել է Ուկրաինային աջակցության ու փախստականներին ընդունելու անհրաժեշտության պատճառով: Հաշվի առնելով գների մակարդակն ու կենսապահովման արժեքը՝ Եվրոպայում միգրանտների միջին աշխատավարձը բավական համեստ է՝ ամսական 500-1000 դոլար: Այս միջոցներից էլ դեռ անհրաժեշտ է հարկեր վճարել ու սոցիալական վճարներ կատարել:
Անգամ ԵՄ – Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման մասին քննարկումների ժամանակ (այս բանակցությունները մեկնարկեցին 2024 թվականի ավարտին) եվրոպական պաշտոնյաներն ուղղակիորեն հայտարարում էին. եկվորների ներհոսքը կսահմանափակվի, եվրոպական աշխատաշուկան հայերին չի կերակրի։ Տակն ի՞նչ է մնում: Վճարել ուղեգրի համար, հյուր գալ ու հետ վերադառնալ:
Առասպել հինգերորդ. ժողովրդավարական ազատություններ
Եվրոպական ժողովրդավարության արտահանումը գործնականում վերածվում է խիստ կանոնակարգման ու ԵՄ անդամ-պետությունների ներքին գործերին միջամտության: Հիշենք, թեկուզ, Telegram մեսսենջերի հանդեպ եվրոպական անորոշ բողոքները, որոնց արդյունքում դատական հետապնդման ենթարկվեց դրա ստեղծող Պավել Դուրովը, կամ, օրինակ, «ծայրահեղականության» պատրվակով երկրում ամենահայտնի՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» ընդդիմադիր կուսակցության արգելքը։ Սակայն, Բալթյան երկրներից ռուսախոս քաղաքացիների անմարդկային արտաքսման ժամանակ ժողովրդավարական ինստիտուտները ինչ-ինչ պատճառներով բերանները ջուր առան։
Ժողովրդավարության քողի տակ շարունակվում են քաղաքական զտումները ասոցացված, այսինքն ԵՄ մուտք գործելուն ամենամոտ Մոլդովայում: Հունգարիայում ու Սերբիայում նմանօրինակ հարմար պատրվակներով նոր գունավոր հեղափոխություններ ու կառավարությունների ուժային փոփոխություններ են պատրաստվում դեպի այն կազմը, որն ավելի հարմար է Եվրամիությանը: Իսկ թե ի՞նչ են այդ մասին մտածում տվյալ երկրների քաղաքացիները, առանձնապես էական չէ:
Անգամ իրենք՝ եվրոպացիներն էլ արդեն չեն հավատում ժողովրդավարությանը: Հանրային կարծիքի հարցումները ցույց են տվել, որ մայրցամաքի բնակչության կեսից ավելին ժողովրդավարության ինստիտուտներին չի վստահում։
Խնդիրը միայն քաղաքական բռնատիրությունը չէ: Խնդիրն այն է, որ պրոտեկտորատներին ամբողջությամբ և յուրաքանչյուր ընտանիքին մասնավորապես պարտադրվում են բացարձակ օտար արժեքներ։ Միասեռ ամուսնությունների օրինականացումը, ԼԳԲՏ քարոզչությունը, յուվենալ արդարադատությունը, բուն կրոնը դավանելու ու որոշակի ծեսեր կատարելու արգելքները ԵՄ-ի «ժողովրդավարական» պահանջների միայն մի փոքր մասն են։
Արդյունքներն ու հայկական հեռանկարները
Մերձբալթիկայի երկրները երբեմնի ծաղկող տարածաշրջանից վերածվել են եվրոպական օժանդակ շինության։ Ռուսաստանի ու Բելառուսի հետ հարաբերությունների վերջնական խզումից հետո նրանք կորցրին տնտեսությունը պահպանելու մնացած հնարավորությունները:
Մոլդովան, ամենայն հավանականությամբ, պատրաստում են Ռումինայի կողմից կլանվելուն:
Մեծ Բրիտանիան իր տնտեսությունը փրկելու համար շրխկացրեց Եվրամիության դռները:
Եվրոպական ամենաբարձր կենսամակարդակն ունեցող երկիրը՝ Նորվեգիան, կտրականապես հրաժարվում է միությանը անդամակցելուց։
Վրաստանը դադարեցրել է ԵՄ-ին անդամակցության գործընթացը՝ հրաժարվելով ընդունել հակաքրիստոնեական արժեքների պարտադրումն ու չհամաձայնելով Ռուսաստանի հետ գործընկերության կորստին:
Ի՞նչ մտադրություններով է տնտեսական, միգրացիոն ու քաղաքական ճգնաժամի մեջ հայտնված Եվրոպական Միության նախագիծը մոտենում Հայաստանին գայթակղելուն:
Եվրոպական Միության համար Հայաստանի ձեռքբերումն ընդամենը աշխարհաքաղաքական դրոշ է. մենք Անդրկովկասում ենք, մենք Ռուսաստանին դուրս ենք մղել այնտեղից:
Ռուսաստանի հետ առևտրի ու էժան էներգակիրների հետ կապված հայկական տնտեսության հետագա կլինիկական մահը միայն հայկական կողմնակի ազդեցություն կլինի: Եվրոպական շահերի օգտին ազգային շահերից հրաժարումն էլ կաղքատացնի ոչ թե գերմանացիներին կամ լեհերին, այլ հայերին: