H3N2-ի բումը. «Հոնկոնգյան գրիպը» ՝ Հայաստանում. «Ուշադրությունից դուրս»
21 Դեկտեմբերի 2025, 14:25
Հայաստանում սուր շնչառական վիրուսային վարակների (ՍՇՎ) աճ է նկատվում ։ Հոկտեմբերից ի վեր, 15 հազարից ավելի մարդ արդեն դիմել է պետական բուժհաստատություններ։ Ըստ մասնագետների՝ այս պահին գերակշռում են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի՝ այսպես կոչված «Հոնկոնգյան գրիպի» հարուցիչները։ Գրանցված դեպքերի 80 տոկոսը երեխաների շրջանում է։
Առաջին անգամ «Հոնկոնգյան գրիպը» գրանցվել է Հոնկոնգում 1968 թվականին։ Ենթադրվում է, որ վիրուսը փոխանցվում է չվող թռչունների միջոցով։ Գրիպի այս շտամը կարող է ծանր ընթացք ունենալ հատկապես երեխաների, տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար։ Հիվանդությունն ուղեկցվում է բազմաթիվ ախտանիշներով՝ բարձր ջերմություն (մոտ 38.5–40°C), դող, ուժեղ գլխացավ, մկանների և հոդերի ցավ, թուլություն, «հյուծվածության» զգացողություն և չոր հազ։
Չնայած այն հանգամանքին, որ հիվանդացության դեպքերը երեխաների շրջանում ավելի շատ են, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ դպրոցներում և մանկապարտեզներում դասապրոցեսը կանգնեցնելու վտանգ չկա:Անվճար պատվաստում առաջարկելուց բացի՝ ի՞նչ է անում պետությունը երկրում համաճարակային իրավիճակը վերահսկելու համար:
Համաճարակաբան Գրիգոր Գրիգորյանը նախարարության ներկայացրած վիճակագրությանը չի վստահում, իսկ պատվաստման հարցին մոտենում է վերապահումներով. «Պատվաստումն այսօր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է, բայց երբ այդ գործիքը հայտնվում է հայրենադավ և սրբապիղծ ձեռքերում, այն կարող է ծառայել իբրև ցեղասպանության գործիք»:
Այս անգամ AlphaNews-ի ուշադրությունից դուրս չի մնացել նաև երկրում սուր շնչառական վարակների թեման: