ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ | 2025. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ
16 Հունվարի 2025, 20:00
«2025. Ի՞նչ է լինելու. Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ» նախագծի շրջանակում Alpha News-ը զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ:
Նա նախադրյալներ չի տեսնում, որ 2025 թվականի ընթացքում Երևանն ու Բաքուն կկնքեն այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որի շուրջ բանակցում են 4 տարի: Նրա համոզմամբ, այդ փաստաթուղթը չի ստորագրվում ոչ միայն այն պատճառով, որ Բաքուն չի ցանկանում, այլև չկա աշխարհաքաղաքական այն միջավայրը, որը թույլ կտա իրատեսական դիտարկել այդ պայմանագրի ստորագրումը:
«Խաղաղության պայմանագիրը պետք է լինի ամբողջական ու հավասարակշռված, որը կարտացոլի նաև Հայաստանի շահերը, ոչ թե միայն ադրբեջանական միակողմանի պահանջները: Որովհետև եթե այդ միակողմանի պահանջների տրամաբանությամբ շարժվենք, ապա հնարավոր է հասնել մի կետի, որտեղ Բաքուն կստանա այն՝ ինչ ուզում է ու կստորագրի որևէ փաստաթուղթ: Հետևաբար այդպիսի հավասարակշռված պայմանագրի համար անհրաժեշտ մակրոմիջավայր չկա: Մենք, իհարկե, չենք կարող բացառել որևէ փոփոխություն, որովհետև աշխարհում օրերի ընթացքում կարող են հիմնավոր փոփոխություններ տեղի ունենալ առանձին ռեգիոններում, բայց շեշտում եմ, որ այսօր նախադրյալներ չեն նշմարվում»,- ասում է Հակոբ Բադալյանը:
Նա չի բացառում, որ թուրքադրբեջանական տանդեմը կփորձի ռազմական ճանապարհով ստանալ Սյունիքով անցնող ճանապարհը, որն իրենք անվանում են «Զանգեզուրի միջանցք»:
«Ակնհայտ է, որ իրենք դրան պատրաստվում են, բայց կարծում եմ, որ այդպիսի քայլի չեն գնա, առնվազն չունենալով համոզում, որ դա միջազգայնորեն մարսելի կլինի: Իսկ այստեղ վիճակը բարդ է. մի կողմից ռիսկեր կան, որ այդ հարցը կարող է ստանալ արևմտյան ՆԱՏՕ-ի աջակցությունն ընդդեմ Ռուսաստանի ու Իրանի, մյուս կողմից Մոսկվան ու Թեհրանը չգտնելով ավելի էական հակազդման մեխանիզմներ՝ կարող են գնալ Անկարայի ու Բաքվի հետ քաղաքական բանաձև մշակելու ճանապարհով, որը կենթադրի նաև այն պատկերացումների բավարարումը, որն ունեն Թուրքիան ու Ադրբեջանը»,- ասում է քաղաքագետը:
Արտաքին քաղաքականության հարցում ըստ Հակոբ Բադալյանի, Հայաստանն այսօր հստակ ուղղվածություն չունի:
«Փաշինյանը հասկանում է, որ ի վիճակի չէ ոչ մի տեղ տանել Հայաստանը:
Փաշինյանը փորձում է արտաքին հնարավոր բազմազանությամբ նախ ապահովել իր իշխանության ամրությունը և ըստ այդմ ապահովել նաև Հայաստանի շուրջ անվտանգության կայուն միջավայր, որպեսզի հենց այդ նույն իշխանությանը չսպառնան ապակայունացումից բխող խնդիրներ: Քանի որ Փաշինյանը տեսնում է, որ չկա մեկ մեխանիզմ, որն ի վիճակի է աշխատել, օրինակ, Հարավային Կովկասում և ապահովել անվտանգություն, նա փորձում է տարբեր ուղղություններից ստանալ առավելագույնը թե՛ իր իշխանության, թե՛ անվտանգության միջավայրի առումով, իսկ թե ինչպես է դա ստացվում նրա մոտ, բավական բարդ է գնահատել, որովհետև մենք օրինակ, տեսնում ենք հարաբերական կայունություն, բայց շատ դժվար է գնահատել, թե ինչ գնով է այդ կայունությունը ձեռք բերվում»,- ասում է Հակոբ Բադալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: