«Հարազատս հյուսիսից». Իգոր Տեր-Հովհաննիսյան
21 Ապրիլի 2024, 14:00
Alpha News-ի «Հարազատս հյուսիսից» նախագիծն իր հերթական թողարկման մեջ ներկայացնում է Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Կոլչուգինո քաղաքի հայ համայնքի կյանքը։
Հենց այս քաղաքի պատկերասրահում բացվել է լեգենդար հեռացատկորդ, աշխարհի բազմակի ռեկորդակիր, 1960 և 1964 թվականների օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Իգոր Տեր-Հովհաննիսյանի ցուցահանդեսը։
Առանց չափազանցության՝ կարելի է ասել, որ այս թողարկման հերոսը դարի մարզիկն է։ Վերջին 100 տարվա ընթացքում միայն հինգ հեռացատկորդ է կարողացել համաշխարհային ռեկորդ սահմանել․ նրանցից մեկը մեր հայրենակից Իգոր Տեր-Հովհաննիսյանն է։
Ներկայացնելով իր նկարները՝ լեգենդար մարզիկը պատմել է, որ սկսել է նկարել ինսուլտ ստանալուց հետո։
Երկու տասնամյակ՝ սկսած 1950-ականներից, աշխարհում հեռացատկի երկրպագուների համար երկու կուռք կար՝ Իգոր Տեր-Հովհաննիսյանը և ամերիկացի Ռոբերտ Բիմոնը։ Այս երկու մարզիկների ամենադրամատիկ պայքարը տեղի է ունեցել 1968 թվականի Օլիմպիական խաղերում։ Ամերիկացու ցատկը անսպասելի է եղել հայ հեռացատկորդի համար:
«Ես ամաչում էի ցատկել: Ես ցատկում էի 8.30 մ, նա՝ 8.90 մ: Բայց ես գնում էի հաղթելու…»,- ասել է նա:
Տարիներ անց Բիմոնը խոստովանել է, որ Տեր-Հովհաննիսյանի հանդեպ ունեցած վախն է ստիպել իրեն հաղթել մրցույթում։
Հայ մարզիկը Օլիմպիական խաղերին մասնակցել է 5 անգամ և օլիմպիական չեմպիոն չի դարձել միայն «սխալ տեխնիկայի» պատճառով։
«Տեխնիկապես ես շատ վատ էի ցատկում, ինձ ոչ ոք չէր սովորեցնում։ Եթե խելամիտ մարզիչ լիներ, ինձ կսովորեցնեին ճիշտ ցատկել»,- նշել է նա՝ հավելելով, որ այժմ «բոլորովին այլ պարամետրեր են»։
Այժմ Իգոր Տեր-Հովհաննիսյանը պատրաստվում է հեռացատկի վետերանների աշխարհի առաջնությանը։ Նա ցանկանում է ոչ միայն մասնակցել դրան, այլև սահմանել իր հերթական համաշխարհային ռեկորդը։
Մարզիկին ճանաչողներն այսպես են բնութագրում նրան․ «Մեծ հոգու տեր մարդ, որ սիրում է մարդկանց, աշխարհը և բնությունը»։
Տարոն Կոխլիկյանի հեղինակային շարքը պատմում է Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների մասին։
Բացառիկ նախագծում ներկայացնում ենք հայերի կենցաղն ու առօրյան, ինչպես է ապրում հայ համայնքը, ինչպես են պահպանում հայի ինքնությունը, հայկական ավանդույթներն ընտանիքում և այլն։