Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Հարազատս հյուսիսից». Քաղաք Յարոսլավլ

07 Ապրիլի 2024, 14:00

Alpha News-ի «Հարազատս հյուսիսից» նախագիծն իր հերթական թողարկմանը ներկայացնում է ՌԴ Յարոսլավլի մարզի համանուն քաղաքը:
Համերաշխության երկիր. Ռուսաստանում այդպես են անվանում Յարոսլավլի մարզը:

Յարոսլավլ քաղաքի բնակիչներ Մանասյանները Ջավախքից են, բայց արդեն երեք տասնամյակ է բնակվում են այստեղ: Նրանց տանից դուրս Ռուսաստան է, ներսում ամեն ինչ արել են հայկական միջավայրը պահելու համար: Այդ ամենը լրացնում է նրանց լիքը մառանը, որի մի անկյունում փոքր տակառների մեջ հնեցնում են տնական կոնյակը:

«Երկու անգամ փորձ ենք արել տեղափոխվել Հայաստան, բայց ինչ-որ մի բան խանգարել է: Մի անգամ 2010-ին ենք փորձել, մի անգամ՝ 2020-ին: Հույսը վերջում է մահանում, ամեն ինչ անելու ենք, որ հայրենիքում ապրենք: Իմ ունեցածն էլ կտայի, միայն թե հայրենիքում լինեի, Հայաստանում կարողանայի ստեղծել, ապրել, արարել», — ասում է Յարոսլավլի բնակիչ  Վարդան Մանասյանը:

Մեր նկարահանող խումբը այցելել է նաև Բադեյանների տուն: Նրանք Վարդենիսից են, տան մեծը՝ Լեվիկ Բադեյանը, շինարար է, նախագծել է Յարոսլավլի Սուրբ Գևորգ եկեղեցին:

«Օտար հողում, օտար ազգի մեջ կա հայկական դպրոց, ուսումնասիրում եմ հայոց պատմությունը, լեզուն: Երբ գնում եմ հայկական դպրոց, կարծես ինձ հարազատ մարդիկ լինեն: Ես նրանցից ջերմություն եմ ստանում ու կարծես Հայաստանում լինեմ», — ոգևորությամբ նշում է Տիգրան Բադեյանը:

Յարոսլվլի հայկական կիրակնօրյա դպրոցը 25 տարվա պատմություն ունի: Չորսամյա դպրոցը 2020 թվականից հետո դարձել է ութամյա:

«Երեխաներն ավարտում էին դպրոցը ու մեկ-երկու տարի հետո մոռանում: Եկանք այն  եզրահանգման, որ 8-ամյա պետք է դարձնենք կիրակնօրյա դպրոցը, որ մեր երեխաներն այստեղ երկար մնան: 6-9 տարեկանների խումբ ենք բացում, նույնիսկ որոշել ենք 4-6 տարեկանների խումբ ստեղծել, հետագայում այդ բազայի վրա մանկապարտեզ ունենալ, որ հայ երեխաները հայկական մանկապարտեզ գնան, հայկական միջավայրում լինեն, ռուսերեն դեռ կհասցնեն սովորել»,- պատմում է Յարոսլավլի հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Վիտալի Առուստամյանը:

Կիրակնօրյա դպրոցի սաների ծնողները նույնպես հնարավորություն ունեն դասերին ներկա գտնվելու, սովորելու իրենց երեխաների հետ: Նրանցից ոմանք ուսանել են ռուսական դպրոցներում և չգիտեն Հայոց պատմություն: Այդ պատճառով հենց իրենք են ցանկություն հայտնել սովորել երեխաների հետ: