Հայաստանի տնտեսական աճը կայուն չէ
30 Հունվարի 2026, 19:30
Աճող տնտեսության և ավելացող, բայց արդյունավետ ու միաժամանակ «վտանգ» չներկայացնող պետական պարտքի մասին պնդումների համատեքստում կարևոր է հասկանալ, թե որոնք են այն որակական բնութագրիչները, որոնք կարող են հաստատել կամ հերքել այդ պնդումները։ Տնտեսության աճի և դրա կառուցվածքի՝ պայմանականորեն ասած, որակի գնահատման հիմնական ուղղություններից առանցքայինը համարվում է արդյունաբերությունը։
Իսկ ինչպիսի՞ զարգացումներ է այն դրսևորում։ 2025 թվականի հունվար-նոյեմբերին արդյունաբերությունն աճել է 0.5%-ով՝ հանքարդյունաբերության 4.1% աճի և մշակող արդյունաբերության 1.9% անկման պարագայում: Փաստացի, նշված ժամանակահատվածում մշակող արդյունաբերությունը շարունակում է անկումային լինել։ Ինչո՞ւ և չկա՞ն արդյոք վերականգնման նախադրյալներ։
Անկման պատճառը արտաքին ազդեցությունն է, մասնավորապես՝ ոսկու վերաարտահանման գործոնի ազդեցության չեզոքացումը, որն արտահայտվել է հիմնական մետաղների արտադրության 28.2% նվազմամբ։ Վերջին տարիներին մեր արդյունաբերության վրա դրական ազդեցություն ունեցող արտաքին գործոնի՝ ոսկու վերաարտահանման ազդեցության չեղարկման հետևանքով արդյունաբերության համախառն ցուցանիշն արձանագրում է բացասական միտում։ Բայց արդյոք ներկայումս լրիվ վերացել են այդ ազդեցությունները։
Նշենք, որ չնայած 2024 թվականի հունվար- նոյեմբերի կուտակային ցուցանիշի նկատմամբ արձանագրված անկմանը, տվյալ ոլորտի արտադրության ծավալները նախորդ ամսվա համեմատ աճել են 30.3%-ով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 2.9 անգամ։