Հայաստանի տնտեսության բարձր վիճակագրական աճը
24 Փետրվարի 2026, 20:30
2025 թվականի նախնական ամփոփ տվյալների համաձայն՝ Հայաստանի տնտեսությունը 2024թ․-ի համեմատ աճել է 7,2 %-ով։ Տնտեսական աճի այս ցուցանիշը բավական բարձր է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այն բարձր է կանխատեսված ցուցանիշներից։
ՀՆԱ-ի կուտակային աճը կազմել է 7,2 %, իսկ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 5,3 % աճ, ինչը կարևոր զարգացում է։ Նշենք, որ 2024 թ-ին գյուղատնտեսության աճը 1 տոկոս էր, 2023թ-ին՝ 0,2 տոկոս, 2022թ-ին՝ -0,7 տոկոս: Բնական է, որ մեր տնտեսության համար առանցքային նշանակության ոլորտի վերականգնումն առավել քան ուրախալի է:
Միևնույն ժամանակ, զգուշավոր պետք է մոտենալ «վերականգնում» ասվածին։ Գյուղատնտեսության աճն, օրինակ, 2025թ-ի երրորդ եռամսյակում բավական արագացել էր, իսկ արդեն չորրորդում՝ աճի տեմպը դանդաղել: Հետևաբար դեռևս հստակ չենք կարող պնդել, որ վերականգնումը ժամանակավոր՝ օրինակ սեզոնային ազդեցության հետևանք է, թե երկարաժամկետ վերականգնման հետ գործ ունենք։
Մնացած ուղղությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2025թ-ին ամենամեծ աճ արձանագրած ոլորտներն են՝ շինարարությունը՝ 21%-ով, տեղեկատվություն և կապը՝ 18,6%, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը՝ 14,7%:
Այս իմաստով նոր ասելիք չկա. Հայաստանի տնտեսական աճը բարձր է, սակայն այն պայմանավորված է առավելապես այնպիսի գործոններով կամ ուղղությունների զարգացմամբ, որոնք չեն ապահովում հետագա կայուն աճի լիարժեք երաշխիքներ։ Շինարարության աճն, օրինակ, դրական է, բայց անգամ թողնելով շուկայի հնարավոր տաքացման ռիսկերը, բոլորին է հասկանալի, որ այսօրինակ աճն այդ ոլորտում ժամանակավոր է, ուստի ինչպիսի՞ն կլինի մեր տնտեսության աճը, եթե այսօրվա պայմաններով, շինարարության ոլորտի այդ աճը չլիներ: Նույն կերպ, գյուղատնտեսության աճը, որն իսկապես կարևոր ու ուրախալի է. արդյոք ոլորտի ինստիտուցիոնալ խնդիրներն են լուծվել, արտադրողականությունն է աճել, թե՞ որևէ ժամանակավոր ազդեցության արդյունք ենք տեսնում: Սա կարևոր է երկարաժամկետ աճի համատեքստում:
Մեկ այլ օրինակ՝ մշակող արդյունաբերությունը։ Այն ապահովել է 2 տոկոսանոց աճ՝ գտնվելով տարեվերջին վերաարտահանման կրկին ակտիվացման էական ազդեցության ներքո: Այս ամենն, ի վերջո, պայմանավորում են նաև տնտեսական աճի ոչ լիարժեք ներառական լինելը, ինչից առաջանում է պարզ հարցադրում, թե արդյոք գրանցված տնտեսական աճին համարժեք է ավելանում մարդկանց գնողունակությունը, թե՞ հակառակը՝ ունենք գնողունակության անկում: Ամենապարզ օրինակով. ի՞նչ և որքա՞ ն կկարողանար ձեռք բերել միջին վիճակագրական քաղաքացին պայմանանական 50 000 դրամով տարիներ առաջ, և ի՞նչ է կարողանում գնել այսօր: Դա, թերևս, վիճակագրորեն ապացուցելու կամ հաշվարկների կարիք անգամ չունի՝ ունենալով յուրաքանչյուրիս հստակ գնահատականը:
Եվ ի վերջո, չշրջանցենք նաև միջազգային կառույցների գնահատականները, որոնք Հայաստանի տնտեսության վերաբերյալ բավական դրական են: Օրինակ, S&P գործակալությունը, որը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ «կայունից» դարձնելով «դրական»: Գործընկերների այսպիսի գնահատականները կարևոր են, անշուշտ: Բայց նման կառույցների գնահատականները հիմնված են վիճակագրական տվյալների վրա, որոնց վերլուծությունը տնտեսական աճով ուրախանալու հարցում զգուշավորություն է առաջացնում: Մյուս կողմից, գնահատականների և կանխատեսումների վերանայման հիմքում դիտարկվում է հայ-ադրբեջանական այսպես կոչված «խաղաղության գործընթացը», որի նկատմամբ վստահությունը կամ դրա իրական լինելը ևս յուրաքանչյուրի գնահատման դաշտում է: