Հայաստանն աջակցո՞ւմ է Էմանուել Մակրոնին
07 Մարտի 2025, 11:00
(Ո՞ր աշխարհաքաղաքական ճամբարում է այժմ Նիկոլ Փաշինյանը)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Ինչպես ասել է դասականը․ «Աշխարհը փոխվել է։ Ես զգում եմ դա ջրի մեջ։ Ես զգում եմ դա երկրի մեջ։ Ես առնում եմ դրա հոտն օդում»։ Մեր դեպքում փոխվում է գլոբալ աշխարհաքաղաքական ճարտարապետությունը։
Գործընթացը սկսվել է ոչ երեկ, այլ դեռ 2000-ականներին, սակայն ավելի լայն լսարանի համար փոփոխություններն ակնհայտ դարձան Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի և Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը հարող մամուլը հայտարարեց, որ փետրվարի 28-ից (նշված վիճաբանության օրվանից հետո) աշխարհը բաժանվեց երկու ճամբարի՝ Ուկրաինայում պատերազմի և արյունահեղության շարունակության և ռազմական գործողությունների դադարեցման կողմնակիցների։
Եւ ուրեմն, որ ճամբարում է Նիկոլ Փաշինյանը: Նա կողմ է, թե՞ դեմ պատերազմի շարունակությանը:
Հիշեցնենք, որ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի պետական հեռուստատեսությանը (IRIB), որտեղ, փորձելով համոզել իրանցի մեր ընկերներին, որ Հայաստանի տարածքով հնարավոր միջանցքը չի հակասի պաշտոնական Թեհրանի շահերին, հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի Իրանի դեմ որևէ գործողությունների։
Իսկ ի՞նչ կասի Ռուսաստանի մասին: Կարո՞ղ է Փաշինյանը հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի Ռուսաստանի Դաշնության դեմ որևէ գործողությունների։
Հարցը ոչ թե զուտ հետաքրքրասիրությունից է առաջացել, այլ որովհետև նախօրեին «հայ ժողովրդի մեծ բարեկամը», թվիթերում (X-ում) հայալեզու գրառումների սիրահար Էմանուել Մակրոնը ուղերձ է հղել ժողովրդին, որում վախեցրել է իր քաղաքացիներին ռուսական սպառնալիքով։ Նա նաև հստակ ցույց է տվել, որ Փարիզը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայի պատերազմը շարունակվի «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»։
Ակնհայտ է, որ Մակրոնը նման հայտարարությունների քոնին քննարկելու է Վաշինգտոնի հետ Ֆրանսիայի համար անվտանգության երաշխիքները, իսկ նրա մարտական հռետորաբանությունը ընդամենը ծխածածկույթ է։
Սակայն, այն ինչ եղել է Թրամփ-Զելենսկի վիճաբանությունից առաջ, նույնպես շատ դեպքերում ընդամենը ծխածածկույթ էր։ Սակայն Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ դա չհասկացավ, և, հետևաբար, չկա երաշխիք, որ հիմա կհասկանա։
Հիմնական հարցն այն է, որ եթե այս անգամ ևս Փաշինյանն ընտրի սխալ ճամբար, ապա, ի տարբերություն Զելենսկու, նրան կարող է և չառաջարկեն «համաներում և ապահով ծերություն չեզոք երկրում»:
Իլոն Մասկը միայն Զելենսկու համար է՝ Փաշինյանի համար նման Իլոն կարող է և չգտնվել։
Մտածե՛ք այդ մասին․․․»։