Հայաստանում սպառողական ոլորտն ամենաշատն է վարկավորվում
25 Հուլիսի 2025, 21:33
Ավելի լավ տնտեսություն ունենալու ու ավելի լավ ապրելու քարոզչությունն իրականության հետ հակառակ պատկերի մեջ է, որը վիճակագրորեն պարբերաբար դրսևորվում է։ Թե ինչպիսի իրական զարգացումներ են տեղի ունեցել մեր տնտեսությունում վերջին տարիներին, բավական խոսուն պատկեր է հաղորդում բանկերի կողմից վարկավորումների ուսումնասիրությունն՝ ըստ ոլորտների։
Եվ այսպես, եթե օրինակ համեմատելու լինենք արդյունաբերական ոլորտի վարկավորումների ծավալները 2018թ-ի համեմատ, ապա 2024թ-ին այն նվազել է։ Մասնավորապես, 2018թ-ին վարկավորման ծավալը կազմել է մոտ 6,2 տրլն դրամ է, 2024-ին՝ 5,7։ Անկումը մոտ 7,5 % է կազմել։ Փոխարենը, 2018թ-ի համեմատ շուրջ 2 անգամ ավելացել են սպառողական վարկերի ծավալները՝ 7,2 տրլն-ից հասնելով 14,8 տրլն-ի։ Ավելի բարեկեցիկ կյանքի փոխարեն, հասարակությունը ստացել է անգամներով ավելացած պարտք։
Շուրջ 6 անգամ ավելացել է նաև հիպոթեքային վարկավորման ծավալները՝ 2,7 տրլն-ից հասնելով 14,6 տրլն դրամի։ Հասկանալի է՝ պատճառի հիմքում եկամտահարկի վերադարձի ծրագիրն էր, որը խտացրեց բնակարանների պահաջարկը, բայց էստեղից էլ ֆինանսական ռիսկի մտավախություն կա․ մարդիկ երկարաժամկետ վարկավորման ներքո են՝ չունենալով կայուն եկամտի հստակ երաշխիքներ, որոնք կբխեն տնտեսական աճի կայունությունից։
Սրա ֆինանսական ու սոցիալական բաղադրիչից զատ, կա նաև այլ հանգամանք։
Բանկերը ֆինանսավորում են այն ոլորտները, որտեղ պահանջարկ կա։ Փաստորեն մեր տնտեսությունում պահանջարկը սպառման մեջ է։ Արդյունաբերության վարկավորումը կրճատվել է, գյուղատնտեսության վարկավորման աճը 2018թ-ից հետո համեստ աճ է արձանագրել՝ ի տարբերություն սպառողական և հիպոթեքային վարկավորումների։
Սա հենց տնտեսության կառուցվածքի վատթարացումն մեջ է, որի մասին ահազանգում ենք պարբերաբար։