Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Հայաստանը՝ աշխարհաքաղաքական աճուրդում

25 Սեպտեմբերի 2023, 22:00

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանություններն ընտրեցին պատասխանատվությունը քաղաքական այլ դերակատարների վրա դնելու ճանապարհը։ 2020-ի արյունոտ աշնան իրադարձությունների համար պատասխանատու էին նշանակվել նախկին իշխանությունները՝ Արցախի ժողովուրդը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչներ հասան նրան, որ կատարվածի մեջ մեղադրեցին Տիգրան Մեծին, որը դարեր առաջ չկարողացավ պահել իր ստեղծած կայսրությունը:

Այս ամենը խոսում էր այն մասին, որ նոր աղետի դեպքում ՀՀ իշխանությունները ոչ միայն քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնելու, այլև փորձելու են «ողբերգության նոր մեղավորներ նշանակել»։ Հաշվի առնելով, և՛ մինչև 2018 թվականը Նիկոլ Փաշինյանի անցած քաղաքական ուղին (ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություններով, և՛ 2000-ականների սկզբի հոդվածներով, որոնցում նա գրում էր թե «և՛ ԱՄՆ-ը, և՛ Թուրքիան կարող են օգտագործել Հայաստանի տարածքը տնտեսական նպատակներով»), և՛ հաշվի առնելով 2018 թվականից հետո ներքաղաքական գործընթացների առանձնահատկությունները, տեղեկատվական և կադրային քաղաքականությունը՝ առավել քան ակնհայտ էր, որ «նոր աղետի» պատասխանատու է նշանակվելու պաշտոնական Մոսկվան։

Ավելին, այս թեզը տրամաբանորեն տեղավորվում է 2018 թվականին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից հնչեցրած թեզերի մեջ, ով Հայաստանին կոչ էր անում «հրաժարվել պատմական կարծրատիպերից»։

Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 24-ին ժողովրդին ուղղված կոչը, որում Ռուսաստանին մեղադրում էին ոչ միայն Արցախի կորստի, այլև Հայաստանին «ինքնիշխանությունից զրկելու» փորձի մեջ, տեղավորվում է հենց այս տրամաբանության մեջ՝ «պատմական կարծրատիպերից հրաժարվելու» (դաշնակցին պետք է ներկայացնել՝ որպես թշնամի, իսկ թշնամուն՝ որպես դաշնակից) և վերանայել երկրի արտաքին քաղաքականության ուղենիշները։ Իր ուղերձում Փաշինյանը նաև կոչ է արել քաղաքացիներին՝ պայքարել «Հայաստանի ինքնիշխանության համար»։

Եթե հետ նայեք, 2018 թվականից ի վեր, կարող եք արձանագրել բազմաթիվ դեպքեր, երբ Փաշինյանի հայտարարություններն ու գործողությունները ուղղակիորեն հակասում էին միմյանց, ուստի, եթե 2019 թվականի օգոստոսին Փաշինյանը հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է, վերջակետ», ապա 2022 թվականի Պրահայի հանդիպումից հետո, փաստացի հայտարարում է, որ «Արցախը»՝ Ադրբեջանն է, և բացականչության նշան»՝ միաժամանակ 2020 թվականին Արցախին չտրամադրելով պաշտպանվելու համար անհրաժեշտ օգնությունը։

Եթե 2020 թվականի պատերազմից հետո Փաշինյանը և ամբողջ իշխանությունը հայտարարում էին, որ «Հայաստանի իշխանության համար «կարմիր գիծը» հենց Հայաստանի տարածքն է, ապա Սև լճի իրադարձությունները և Փաշինյանի հետագա մեկնաբանությունները, որ «լճի 30 տոկոսի համար ոչ ոք պատերազմ չի սկսում» ապացուցեց հակառակը։ Այս առումով պետք է ասել, որ հիմնավոր մտավախություններ ու անհանգստություն չեն կարող չառաջացնել ներկայիս հայտարարությունների ֆոնին, թե իշխանությունների համար «կարմիր գիծը Սյունիքն է», կամ որ «մինչև վերջ պայքարելու են Հայաստանի ինքնիշխանության համար»։

Այս հայտարարությունները չեն կարող անհանգստություն չառաջացնել այն համատեքստում, որ Հայաստանի ղեկավարության վարած քաղաքականությունը վերջին տարիներին հստակ ցույց է տալիս, որ Փաշինյանը համաձայնել է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը աշխարհաքաղաքական աճուրդների հանել։ Կան նաև «գնորդներ»՝ Արևմուտքը՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի։

Այս երեք դերակատարներին միավորում է Արցախում, Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում ռուսական գործոնը զրոյացնելու ցանկությունը։ Ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, Արևմուտքը ոչինչ չունի Հայաստանի դեմ, բայց, Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարի համատեքստում, կարող է աչք փակել հայերի թուրք-ադրբեջանական ճիրաններում ընկնելու հեռանկարի վրա։

Նիկոլ Փաշինյանի շահագրգռվածությունն այս ամենում անձնական է. Հայաստանը աշխարհաքաղաքական աճուրդի հանելու դիմաց Փաշինյանը կարող է հույս ունենալ «հայ Սվետլանա Տիխանովսկայայի» կարգավիճակի վրա, որը, «աշխարհաքաղաքական աճուրդով Բելառուսը վաճառելու» փորձից հետո, այսօր հանգիստ ապրում է Լիտվայում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ, ինչպես Պրահայի 2022-ի հանդիպումից հետո, հիմա է՛լ , կրկին փորձում է արագացնել գործընթացը՝ Ռուսաստանին մեղադրելով Հայաստանին դավաճանելու մեջ։ Մակրոնը դա անում է հայերի ականջին հաճելի բառապաշարով և ձևով՝ խոստանալով նաև «տեղում լինել», երբ Հայաստանի դեմ սկսվի որևէ գործողություն, որը կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը։
Մակրոնը լավ գիտի, որ ո՛չ ինքը, ո՛չ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ոչինչ չեն անելու Հայաստանի անվտանգության համար, բայց կարող են նպաստել հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների խզմանը։ Մակրոնը և Բայդենը ցանկանում են, որ Պուտինը և Ռուսաստանը տուժեն, որպեսզի մեր տարածաշրջանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ։

Սակայն սրանք Ֆրանսիայի շահերն են, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի շահերը, իսկ որտե՞ղ են Հայաստանի շահերը, որին Նիկոլ Փաշինյանը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի։