Հայաստանը չունի՞ փողի խնդիր
01 Օգոստոսի 2025, 18:00
Չունենք փողի խնդիր, 50 տոկոսով ավելի լավ ենք ապրում և այլ նմանօրինակ արտահայտություններ, հատկապես վերջին շրջանում շատ ենք լսում։ Երկրի՝ ֆինանսական հնարավորություններն արտացոլվում են բյուջեի ցուցանիշներում։ Նաև շատ կարևոր է հասկանալ՝ ինչ գումարներ ունենք և ինչի՞ արդյունքում կարող է լինել այսպես կոչված «փողի խնդիր չունենալը»։
Վերլուծենք միասին։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս տարվա հունվար-հունիսին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 մլրդ 433 մլն դրամ։ Եկամուտների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15,2 տոկոս։
Ծախսերն ավելացել են 19,4 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 472 մլն դրամ, պակասուրդը 39,2 մլրդ դրամ է՝ պլանավորված 325,3 մլրդ դրամի փոխարեն։ Կարևոր է այն հանգամանքը, որ 2024թ -ի նույն ժամանակահատվածին բյուջեի կատարումը հավելուրդով էր՝ 11 մլրդ դրամի չափով։
Հետաքրքիր է բյուջեի եկամուտների ուսումնասիրությունը, համաձայն որի՝ այդ 15,2 տոկոսանոց աճը ապահովել է ավելի շատ այլ՝ ոչ հարկային եկամուտների հաշվին։ Հարկային եկամուտների աճը շատ ավելի փոքր է եղել, քան այլ եկամուտներից ստացվածը։ Նշենք, որ հարկային եկամուտները գերակատարվել են 0,2 տոկոսով, սակայն այլ՝ ոչ հարկային եկամուտները՝ 62,1 տոկոսով։
Ի դեպ այլ կամ ոչ հարկային եկամուտներ են, օրինակ, պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտներ, պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց վճարներ, իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքեր և այլն։ Նորից ֆիքսենք, բյուջեի եկամուտների աճն առավելապես ապահովվել է ոչ հարկային եկամուտների հաշվին։
Ծախսերի մասով նշենք, որ թեև աճ կա, բայց ի տարբերություն եկամուտների, ծախսերի գծով ունենք թերակատարումներ։ Մասնավորապես, թե՛ ընթացիկ (-10,9%), թե՛ կապիտալ ծախսերն են թերակատարվել (-25.6 %): Կապիտալ ծախսերի թերակատարումն, իր հերթին, տնտեսության իրական հատվածում զարգացումների ցուցիչ է մի կողմից, մյուս կողմից տնտեսության՝ երկարաժամկետ, կայուն հեռանկարային աճի համատեքստում, մտահոգություններ առաջացնող։
Ի դեպ, ծախսերի մասով հավելենք, որ այս տավա հունվար-հունիսին 2024թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ կառավարության պարտքի սպասարկման ծախսերն ավելացել են 10,4 տոկոսով։
Խոսենք պարտքի մասին։
Հայաստանի պետական պարտքը հունիսի դրությամբ կազմում է 13,85 մլրդ դոլար։ Դրա զգալի մասը բաժին է ընկնում կառավարությանը։ Միայն այս տարվա վեց ամիսների ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է շուրջ 1 մլրդ դոլարով, և դրան զուգահեռ՝ պարտքի սպասարկման ծախսերն են ավելացել՝ 10,4 տոկոսով։
Վերադառնալով երկրի՝ փողի խնդիր ունենալու հարցադրմանը։ Տեսեք, ստացվում է, որ Հայաստանն այս պահին փողի խնդիր կարող է չունենալ՝ ոչ ի հաշիվ հարկային եկամուտների աճի, այլ՝ օրինակ, պլանավորված ծախսերի չկատարման, կամ՝ կուտակվող ներգրավող պարտքային բեռի։
Փաստորեն իսկապես կա բովանդակային հարցադրում․ ինչի՞ արդյունքում չունենք փողի խնդիր, և հաշվի առնելով վերոնշյալն՝ արդյոք այդ պատճառով փողի խնդիր չունենալը խոսում է դրականի մասին։