Հայաստանը համապատասխան պատրաստվածություն չունի այլ երկրների դեմ դիմակայելու․ «Ժողովուրդն է խոսում»
12 Հուլիսի 2025, 11:00
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում մենք հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում ու ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։
Հարցին՝ կարող են արդյոք հայերն ու թուրքերը բարեկամություն անել և հաշտ ապրել, քաղաքացիներից մեկը նշել է․ «Ցեղասպանություն է եղել, և դա մենք չենք կարող մոռանալ, աչք փակել ու ջնջել մեր կյանքից։ Դրա համար էլ ոչ մի կերպ չենք կարող թուրքի հետ ընկերանալ ու բարեկամանալ»։
Մեկ այլ քաղաքացի էլ իր խոսքում ընդգծել է․ «Մենք նույն տարածքում ենք ապրում, և չենք կարող Թուրքիային պարտադրել, որ ինքը տեղափոխվի Անտարկտիդա, կամ Ադրբեջանը գնա Հյուսիսային բևեռ։ Մենք պետք է ապրենք այս տարածքում ուզենք թե չուզենք։ Հետևաբար շատ ցանկալի է, որ բարիդրացիական հարաբերություններ հաստատենք թուրքերի հետ։ Անհրաժեշտություն է դա»։
Քաղաքացիները նաև նշել են՝ հայ ազգը չի մոռանում իր վիշտը, բայց պետք չէ նաև թշնամանքով ապրել։