Հայաստանը միջանցքը կտրամադրի նաև Ռուսաստանի՞ն
13 Օգոստոսի 2025, 19:00
(Ի՞նչ է լինելու 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների հետ)
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ առկա է չորրորդ կետը, որտեղ բառացիորեն ասված է հետևյալը. «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»: Ոչ Երևանը, ոչ Բաքուն ժամկետի ավարտից կես տարի առաջ Մոսկվային չեն դիմել՝ պահանջելով դադարեցնել տվյալ դրույթի կիրառումը, ավելի ճիշտ՝չեն հետ կանչել իրենց ստորագրությունները նոյեմբերի 9-ի հայտարարությունից։
2020-2022 թվականների ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տեղի են ունեցել մի շարք բանակցություններ՝ նվիրված բազմաթիվ թեմաների՝ պետական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերից մինչև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մեխանիզմներին վերաբերող թեմաներ։ Ոչ Երևանը, ոչ Բաքուն չեն հայտարարել, որ նշված ժամանակահատվածում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները չեղարկվել են։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի նաև իններորդ կետ, որտեղ նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։
Այսօր մենք ունենք ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ վաշինգտոնյան հայտարարությունը։ Հայտարարության երրորդ և չորրորդ կետերը հետևյալն են.« (…) Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ (…) Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («TrumpRoute for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։
Հայտարարության իններորդ կետը (և 2020 թվականի հայտարարության ողջ տրամաբանությունը) ուղիղ հակասության մեջ է մտնում վաշինգտոնյան փաստաթղթի հետ։ Ինչպե՞ս կկարգավորվի այս միջազգային իրավական կազուսը։ Արդյոք սա casus belli չի՞ դառնա նոր պատերազմի համար, սակայն արդեն տարածաշրջանային պատերազմի, քանի որ վաշինգտոնյան գործընթացները կարող են անդրադառնալ ոչ միայն Հարավային Կովկասի ճարտարապետության, այլև ողջ Կասպից ծովի կարգավիճակի վրա։
Փաստաթղթի ստորագրումից հետո ամենակոշտ արձագանքները հնչեցինԻրանի ԻՀՊԿ-ի և Իրանի հոգևոր առաջնորդի գրասենյակի ներկայացուցիչների կողմից։ Հատկապես ուշագրավ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաղաքական հարցերով հրամանատարի տեղակալ, գեներալ Յադոլլա Ջավանիի գնահատականը. «Իլհամ Ալիևը և սխալն են գործել, ինչ ուկրաինացի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին՝ վստահելով ԱՄՆ-ին»,-հայտարարել է իրանցի գեներալը։
Բայց ի՞նչ սխալ է գործել Զելենսկին։ Նա (ինչպես Ուկրաինայի նախկին առաջնորդները) փորձել է՝ հենվելով մի շարք ուժերի աջակցության վրա, կառուցել անվտանգության այնպիսի ճարտարապետություն, որը հաշվի չէր առնում ՌԴ-ի շահերը։
Փաշինյանն ու Ալիևն անում են հենց դա։ Նրանք դա անում են՝ հաշվի չառնելով Հայաստանի (չկա ոչ մի փաստարկ՝ ի նպաստ Հայաստանի այս կամ այն տարածքի նկատմամբ սուվերենիտետը տասնյակ տարիներով սահմանափակելու), Իրանի և Ռուսաստանի շահերը։
Ինչպե՞ս կկարգավորվեն այս հարցերը, ինչպե՞ս կպահպանվի Հայաստանի անվտանգությունն ու նրա սուվերենիտետը։ Արդյոք իշխանությունն ունի՞ այս հարցերի պատասխանները։
Մտածե՛ք այդ մասին․․․»։