Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Հայաստանը՝ որպես Լաչինի մեծ արգելափակված միջանցք

16 Փետրվարի 2024, 15:10

 

(Ի՞նչի անոնսն արեց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

««Այս ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ էլ ասվում է․ «Մենք ընդգծում ենք հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար միջազգային մեխանիզմների ներգրավման անհրաժեշտությունը և այդ նպատակով շուտով կսկսենք խորհրդակցությունները միջազգային գործընկերների հետ»։
Փաշինյանը նաև հայտարարել է «Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ»։ ։

«Ադրբեջանը պատրաստվում է էթնիկ զտումներ իրականացնել»,- կրկին մեջբերում Նիկոլ Փաշինյանից:
Ձեզ կարող է թվալ, որ այս հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳՆ-ի կողմից արվել են փետրվարի 13-ին հայկական Ներքին Հանդ գյուղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, որոնց արդյունքում 4 հայ զինծառայող է զոհվել։

Սակայն սրանք պաշտոնական Երևանի հայտարարություններն են այն բանից հետո, երբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանն արգելափակեց Լաչինի միջանցքով անցումը։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների արձագանքին Սյունիքի մարզում տեղի ունեցած վերոնշյալ դրվագին, երբ Հայաստանի օկուպացված տարածքում տեղակայված ադրբեջանական զինուժն օգտագործելով անօդաչու թռչող սարքեր գնդակոծել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետը, ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հետևյալը.

«Ադրբեջանը, կարծես թե, խուսափում է նաև այս տարբերակից (սահմանը մասերի բաժանել և մաս-մաս սահմանազատում անել-խմբ․), և մեր վերլուծությունը ցույց է տալիս, թե սրա համար կարող է լինել մեկ պատճառ, և այդ պատճառը կարող է լինել, օրինակ՝ ռազմական գործողությունները սկսելը սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով: Այս մտադրությունն ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում:
Ինչպես տեսնում եք, սցենարը մնում է անփոփոխ։ Փաշինյանը 2022 և 2023 թվականներին Լաչինի միջանցքի շրջափակումը մեկնաբանելիս նույն հայտարարություններն է անում, իսկ ահա հիմա Փաշինյանի մեկնաբանությունների թեման ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը։

Իմիջիայլոց, մեկնաբանելով Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակը, Փաշինյանը նաև հայտարարել էր, թե ճիշտ է համարում Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունների ձևաչափը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության շուրջ։ Արդեն Արցախից հայերի բռնի տեղահանումից հետո ՀՀ իշխանությունները թե՛ անձամբ, թե՛ իրենց սպասարկող լրատվամիջոցների ու փորձագետների միջոցով հայտարարեցին, որ «Արցախի ողբերգության պատճառն այն էր, որ Արցախի իշխանությունները հրաժարվեցին ուղիղ բանակցություններից Ադրբեջանի հետ»։

Նկատեցի՞ք, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի հասարակությանը, ՀՀ քաղաքացիներին առաջարկում են նաև ուղիղ երկխոսության մեջ մտնել պաշտոնական Բաքվի հետ։ Ընդ որում՝ դրանով նրանք ական են դնում հայկական պետականության տակ։

ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար արդեն ակնհայտ պետք է դառնար, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեի նախաձեռնողը Իլհամ Ալիևն է։ Այս հանրաքվեն ուղիղ երկխոսություն է հայ ժողովրդի և Ալիևի միջև։ Փաշինյանն այս դեպքում պարզապես միջնորդ է, կամ ինչպես ինքն է սիրում իրեն անվանել՝ մոդերատոր։

Մոդերատոր, որը հիանալի հասկանում է, որ հանրաքվեի անցկացման փաստը Հայաստանի համար հետհաշվարկ է…. Եթե հանրաքվեի դրված նոր Սահմանադրության նախագիծը հավանության արժանանա (իսկ դատելով նրանից, թե ինչ է ասում այս Սահմանադրության նախագծի մասին իշխանական քարոզչությունը, ապա Հայաստանին նոր Սահմանադրությամբ կտրվի ապադաշինքային պետության կարգավիճակ, որը կոչնչացնի այդ «ռազմաքաղաքական հովանոցը», որը տասնամյակներ շարունակ ապահովում էր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և լեգիտիմացրել է Հայաստանի սահմանները), Հայաստանը, վերածվելով «աշխարհաքաղաքական որբի», հեշտ ռազմական ավար կդառնա Անկարայի և Բաքվի համար։

Եթե նախագիծը մերժվի, ապա արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանում դա կմեկնաբանվի որպես Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների դրսևորում, և իրենք կփորձեն հայկական պետականության հարցն արագ լուծել այնպես, ինչպես արեցին Արցախի հետ 2023 թվականին։

Այս ամենը հասկանում է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում առկա խնդիրների վերաբերյալ նրա հետագա տեքստերը չեն տարբերվի նրանից, ինչ նա ասել էր Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ․․․։ Եւ հետևանքները նույնն են լինելու:

Թե՞ դրա վերաբերյալ այլ կարծիք ունեք:
Մտածե՛ք այդ մասին…»։

Հիմա եթերում