.Հայաստանը շրջապատված է թշնամիներով, մեզ պետք են հայրենասերներ, բանակ և Հայ Առաքելական եկեղեցի․ «Ժողովուրդն է խոսում»
14 Փետրվարի 2026, 11:00
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։
Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին՝ քաղաքացիներից մեկը նշել է, որ թուրքերի հետ կարելի է հարաբերություններ պահպանել, բայց չի կարելի որոշակի սահմաններ հատել։
«Որքանով ես գիտեմ և լսել եմ, թուրքերի հետ չի կարելի ընկերություն անել։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ թուրքերի հետ իրական բարեկամություն չի կարող լինել»,-ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ քաղաքացու խոսքով՝ թուրքերի հետ կարելի է երկխոսել, բայց ոչ այն ձևաչափով, որով դա այժմ իրականացվում է Հայաստանում։
«Թուրքերը միշտ կասկածի տակ են դրել մեր ծագումը, ուստի ես չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է նրանց նկատմամբ բարեկամաբար տրամադրված լինենք։ Այո՛, կարելի է վարել քաղաքականություն, երկխոսություն. մենք պրիմիտիվ մարդիկ չենք, բայց ոչ այն ձևաչափով, որով դա այժմ իրականցվում է Հայաստանում»,-նշել է նա։
Քաղաքացիներից մեկի համոզմամբ՝ Թուրքիայի հետ կարելի է բանակցել միայն Հայոց ցեղասպանության ճանաչման պայմանով։
«Մեզ պետք է հայրենասեր հայ, ով առաջին հերթին կմտածի ժողովրդի մասին և կփորձի ամեն ինչ անել երկրի համար՝ անկախ արտաքին քաղաքական կամ այլ շահերից։ Այդպիսի մարդը պետք է առաջ մղի Հայաստանի շահերը, լինի իսկական հայրենասեր և դիմակայի արտաքին թշնամիներին»,-ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։
Պատասխանելով Հայաստանի անվտանգության մասին հարցին՝ քաղաքացիները նշել են, որ երկրին անհրաժեշտ են հայրենասերներ, որոնք կպաշտպանեն հանրապետության շահերը։
«Ես կարծում եմ, որ Հայաստանում հիմա էլ անվտանգ չէ, հատկապես հարևանների հետ հարաբերությունների համատեքստում։ Մեր տարածաշրջանում լարվածությունը պահպանվելու է, և անվտանգության պահպանման համար միակողմանի զիջումների գնալու փորձերը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ քաղաքականություն չեն։ Դա 10-15 տարի հետո կհանգեցնի էլ ավելի մեծ լարվածության և էսկալացիայի։ Հետևաբար, նման մոտեցումը չի կարելի հեռատեսական անվանել»,- ասել է հարցվածներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշել է՝ Հայաստանը գտնվում է շատ վտանգավոր և խոցելի իրավիճակում, քանի որ շրջապատված է թշնամիներով, որոնք ունեն միայն մեկ նպատակ՝ ոչնչացնել երկրի պետականությունը։
«Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ է հզոր և ուժեղ բանակ, որն ունակ կլինի պաշտպանել մեր սահմանները։ Մեր հակառակորդները միայն ուժի լեզուն են հասկանում, ոչ մի դիվանագիտություն այստեղ չի օգնի»,-ասել է նա։
Խոսելով այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի ղեկավարը՝ հարցվածներից մեկը նշել է, որ նա պարտավոր է սիրել իր ժողովրդին և պաշտպանել նրա շահերը․ «Նա պետք է նախևառաջ սիրի իր ժողովրդին, այնպես, ինչպես սիրում է իր ընտանիքը։ Եվ իր տան սահմաններից դուրս հարգանքով վերաբերվի իր հայրենակիցներին։ Դա ամենակարևոր հատկանիշն է։ Նա պետք է լինի ինտելեկտուալ, հեռատես և պատասխանատու իր որոշումների համար։ Պետք է տված խոսքը հարգել ոչ միայն սեփական անձի, այլև ժողովրդի առաջ»։
Հարցախույզի մասնակիցները նաև նշել են, որ իշխանությունների արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ որևէ արդարացում չունի։
«Մենք պետք է միասնական լինենք արտաքին թշնամիներին դիմակայելու համար, բայց դրա փոխարեն բախվում ենք ներքին հակասությունների։ Դա թուլացնում է մեր ժողովրդին։ Պետք է փոխզիջում փնտրել և երկխոսություն վարել, այլ ոչ թե առաջ քաշել միակողմանի մեղադրանքներ, առավել ևս Հայ եկեղեցու դեմ, որը դարեր շարունակ օգնել է պահպանել մեր ինքնությունը»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը։
Քաղաքացիները նաև արտահայտել են իրենց անհամաձայնությունը իշխանությունների քաղաքականության նկատմամբ՝ կապված գործարար և ազգային բարերար Սամվել Կարապետյանի հետ։
«Սամվել Կարապետյանը միշտ աջակցել է եկեղեցուն և շատ բան է արել Ռուսաստանում բնակվող հայերի համար։ Մյուս օլիգարխներին դրական կերպար ցույց տալու փոխարեն նրան փաստացի զրկել են ժողովրդի ձայնն արտահայտելու հնարավորությունից»,-ասել է քաղաքացիներից մեկը։