Հայկական արտահանման ֆենոմենը․ աճ ու անկում միաժամանակ
06 Սեպտեմբերի 2024, 18:24
Առանց արտաքին գործոնի, այն է՝ ոսկու վերաարտահանման, հայկական ծագման ապրանքների արտահանումն անկում է ապրել։ Ֆինանսների նախարարության այս գնահատականը, ցավալի, բայց սպասելի էր։ Արտաքին գործոնների անխուսափելի չեղարկման ու դրա հետևանքների մասին բարձրաձայնել ենք բազմիցս․ այսօր, փաստացի, բախվել ենք մի իրավիճակի, երբ նույն արտահանման մասով վերաարտահանման ուռճացված աճերի ներքո քողարկվել են իրական հատվածում ընթացող բացասական պրոցեսները։
Ընթացիկ ցուցանիշներով փորձենք ներկայացնել պարադոքսալ իրավիճակը:
2024թ․ առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է 2,3 անգամ։ Աճի կառուցվածքի ուսումնասիրությունը, մինչդեռ, հստակ ցուցադրում է, որ այդ տպավորիչ ցուցանիշն ապահովվել է՝ ի հաշիվ թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների արտահանման 8,1 անգամ աճի։ Միևնույն ժամանակ մեզ համար ավանդաբար արտահանելի ապրանքախմբերն ավելի քիչ են արտահանվել։
Պատահական չէ, որ վերաարտահանման հանգամանքը եթե հաշվի չառնենք, իսկ դա հենց թանկարժեք ու կիսաթակնարժեք քարերն ու ոսկին է, որոնց համար Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր, մեր արտահանումը ոչ միյան 2,3 անգամ շլացուցիչ աճից կզրկվի, այլ՝ կհայտնվի անկման տիրույթում։
Ի դեպ, բավական մտահոգիչ է մեկ այլ հանգամանք․ 1-ին կիսամյակում անկում է ապրել նաև դեպի այն ուղղություններ արտահանման ծավալները, որոնք մշտապես հանդիսացել են մեր առևտրային ուղղությունները:
Դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալները կրճատվել են 19.7%-ով։ Սա լուրջ մտահոգության առիթ է, քանի որ եվրասիական շուկան մշտապես, և այսօր էլ՝ անկման այս իրավիճակում, մեր համար մեկ առևտրային ուղղությունն է, և կորցնելով այն, արտահանողը կկորցնի արտաքին շուկաներ դուրս գալու իր ամենամեծ հնարավորութունն՝ այլընտրանքներ չունենալով։ ԵՄ-ի պարագայում անկման միտումը նոր չէ, և հստակ ցուցադրում է՝ արտաքին շուկաների դիվերսիֆիկացիա չկա։
Փոխարենն առաջանցիկ տեմպերով աճել է դեպի ԱՄԷ արտահանումը, որը սակայն, ևս դիվերսիֆիկացիայի արդյունք չէ, այլ նույն՝ ոսկու վերաարտահանման ժամանակավոր գործոն։ Անկում է ապրում նաև Իրանի հետ առևտուրը, չնայած հայ-իրանական փոխգործակցության ուղղությամբ հնչող հայտարարություններին և բարեկամ Իրանի հետաքրքրվսածության աճին։
ՎԵրոնշյալ փաստերի արձանագրումից զատ կարևոր է հասկանալ՝ հայկական ապրանքների արտահանման անկման պատճառները։ Իսկ դրանք, մեր համոզմամբ, փոխկապվածության մեջ են հայկական արտահանելի արտադրատեսակի՝ արդեն տևական ժամանակ գրանցվող անկումների հետ։ Ընդ որում, այստեղ ևս գործ ունենք վիճակագրական քողարկման հետ․ մեր մշակող արդյունաբերությունն անընդհատ աճի թրենդի մեջ է, բայց դրա կառուցվածքի ուսումնասրրությունը ևս ցուցադրում է, որ աճը ոչ թե տեղական արտադրության հաշվին է, այլ՝ նույն ոսկու վերաարտահանման արդյունք, որը վիճակագրորեն արտացոլվում է մշակող արդյունաբերության համապատասխան հոդվածում (ոսկերչական իրեր, հիմնային մետաղներ)։
2023թ․-ի հունվար-դեկտեմբեր ամիսների կտրվածքով, օրինակ, արդյունաբերության 4,4 տոկոսանոց աճի ներքո անկում են գրանցել սննդի արտադրությունը, խմիչքի, հագուստի, հացի արտադրությունները և այլն։
Իսկ թե ինչու է նվազում հայկական ապրանքների արտադրությունն ու արտահանումը խորքային ուսումնասիրման հարց է։ Թերևս մի քանի կարևոր գործոններ առանձնացնենք․ ժամանակին հանրային ծառայությունների սակագների թանկացում, տևական ժամանակ դրամի արժևորում, որն արտահանողին դժվար իրավիճակի ներքո է դրել, դրամի արժևորման պատճառով ներմուծվող ապրանքների մրցունակության աճ, քաղաքական խնդիրներ ու լարվածություն հիմնական առևտրային գործընկերոջ՝ ՌԴ հետ և այլն։
Ամփոփելով՝ նշենք, որ փաստացի մեր արտահանումն այսօր խարսխված է բացառապես ժամանակավոր գործոնի վրա, իսկ դրա չեղարկումից հետո կանգնելու ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Հիշեցնենք, որ արտահանումն արտարժույթի կայուն հոսքերի հիմնական աղբյուրներից մեկն է, տնտեսությունում հավելյալ արժեք ստեղծող, զբաղվածություն ու եկամուտ ապահովող ճյուղ, ինչպես նաև մեզ նման փոքր տնտեսությունների համար՝ խիստ կարևոր՝ հաշվի առնելով մասշտաբի էֆեկտի անհաժեշտությունը։