ՀՀ արտաքին առևտրի անկումները
22 Հուլիսի 2025, 18:15
Հայաստանի արտաքին առևտրի հետ կապված զարգացումները մտահոգիչ են, ընդ որում, թե՛ պաշտոնական վիճակագրության տեղեկատվությունն է այդպիսին, թե՛ իրականում՝ հողի վրա տեղի ունեցողը:
Նախ՝ վիճակագրության մասին:
Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 28,8 տոկոսով: Ընդ որում, արտահանումը 39,3 տոկոսով է անկում ապրել, ներմուծումը՝ 20,4 տոկոսով: Եթե համեմատելու լինենք ընթացիկ տարվա հինգ ամիսների դինամիկան, ապա արտաքին առևտրի անկումը 49 տոկոս է: Եվ այդ անկմանն առավելապես նպաստել են ՌԴ-ի, Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ փոխադարձ առևտրի կրճատումը՝ համապատասխանաբար՝ 41,8 %, 21,8 % և 73,2 %:
Պատահական չէ մեր կողմից այս երկրների հետ առևտրի վիճակագրության ընտրությունը. նորից կրկնենք՝ սրանք այն երկրներն են, որոնց հետ առևտրի անկումը մեծ նպաստ է ունեցել ընդհանուր պատկերի վրա: Բայց, միաժամանակ, պատահական չէ նաև որ հենց ա՛յս երկրների հետ առևտուրն է ամենաշատը նվազել: Խոսքն արդեն բոլորին հայտնի ոսկու վերաարտահանման գործոնի չեղարկմանն է վերաբերում, որն էլ ձևավորել է այս պատկերը: Իրականում՝ վիճակագրություն, որը նախորդ տարվա բազային էֆեկտով է պայմանավորված, վիճակագրություն, որն ի վերջո կանխատեսելի էր: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ արտաքին առևտրի մասով մտահոգությունները չեն սկսվում և ավարտվում պարզապես բազային էֆեկտով պայմանավորված թվերի անկմամբ:
Իրականության մեջ մենք ունենք ընթացիկ և մտահոգիչ հեռանկարով իրավիճակ: Ընթացիկ իրավիճակը գրեթե ամենօրյա լրահոսով ստացվող տեղեկություններն են՝ կապված սահմանին հայկական ապրանքների արտահանման խնդիրների հետ: Ընդ որում, դրանք հիմնական արտահանելի ապրանքներ են՝ առանց այս կամ այն արտաքին անցողիկ գործոնի ազդեցության, դրանք հայկական արտադրության, գյուղատնտեսության տեսանկյունից նշանակալի արտահանումներ են: Տեսեք, մենք ունենք մի իրավիճակ, երբ գյուղատնտեսը, ջերմոցատերը կամ կոնյակագործը կանգնում է խնդրի առաջ, ում համար արտահանման ձգձգման ամեն օրը կարող է շատ թանկ արժենալ, բայց անգամ սպասելու արդյունքում ստանում է հատվածական, ոչ լիարժեք, գոնե այդպիսին է տպավորությունը, լուծումներ:
որում, երկու հարթության մեջ. գործող իշխանությունների՝ խնդիրներն արագ ու
արդյունավետ լուծելու ունակությունների և հիմնական առևտրային գործընկերոջ հետ ձեւավորված լարված հարաբերությունների:
Ավելորդ չէ ևս մեկ անգամ հիշատակելը՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության առյուծի բաժինը ՌԴ-ի հետ փոխադարձ առևտուրն է (ընդհանուրի 35,4 տոկոսը, 2025թ. մայիսի դրությամբ):
Իհարկե ավելորդ չէ նաև նշել, որ արտաքին տնտեսական հարաբերությունների, մասնավորապես՝ արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան կարևոր է բոլոր գործընկեր ուղղություններով, բայց ոչ երբեք չհաշվարկված գործողությունների արդյունքում: Երկար կարելի է ներկայացնել, օրինակ, մեզ համար այլընտրանք դիտարկվող ԵՄ շուկայի առանձնահատկությունները, Եվրամիության՝ որպես ինտեգրացիոն կառույցի տնտեսական կարողությունների, ստանդարտների պահպանման, փոխգործակցության կայացած մեխանիզմների և այլնի առավելությունների հարցը: Ձգտել՝ պետք է, փորձել հասնել պահանջներին ու ստանդարտներին՝ կրկին պետք է: Բայց դա աշխատանք և ժամանակ է պահանջում, իսկ այդ ընթացքում հարաբերությունները փչացնե՞լ այն ուղղության հետ, որով ապահովվում է քո առևտրաշրջանառության գրեթե կեսը….
Սա հռետորական հարց է, որի հասցեատերը ՀՀ քաղաքացին է: