ՀՀ այցելող զբոսաշրջիկների մեծ մասը ՌԴ-ից է
24 Հուլիսի 2025, 18:00
Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի փոփոխությունը հակասական պատկեր է ստեղծում։ Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ հոսքն ավելացել է՝ շուրջ երեսուն հազարով։ Մասնավորապես, եթե 2025թ-ի հունիսին զբոսաշրջիկների թիվը կազմել է 215 253, ապա 2024թ-ի հունիսին մեր երկիր այցելել է 180 718 զբոսաշրջիկ։
Այս տարվա հունիսի տվյալներով էլ, ինչպես եղել է ավանդաբար, Հայաստան եկող զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունից է կամ ընդհանուրի շուրջ 36,9 տոկոսը։ Հաջորդիվ Վրաստանն է՝ 14,4 տոկոսով, ապա՝ Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները՝ ընդհանուրի մեջ 8,5 տոկոս ցուցանիշով։
Ռուսաստանի Դաշնության գործոնը դիտարկելիս, իհարկե, չենք կարող հաշվի չառնել հանգամանքը, որ զբոսաշրջիկների մեջ զգալի է ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների թիվը, և, հատկապես վերջին տարիներին, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, ոչ դասական զբոսաշրջային հոսքերը։
Վերջին տարիների մասին խոսք գնաց, դիտարկենք ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվի փոփոխությունը վերջին տարիների կտրվածքով՝ հունվար-հունիս ժամանակաշրջանների համեմատության մեջ։
Վերջին տարիներին, հատկապես 2022թ-ից հետո զբոսաշրջային հոսքը նշված ժամանակաշրջանում ավելացել է՝ անգամ 2023թ-ին հասնելով 1 մլն-ի, իսկ 2025թ-ի հունվար-հունիսին՝ կրճատվել։ Տեսեք, թեև հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ կա աճ, սակայն հունվար-հունիսին 2024թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ունենք նվազում։
Սա կարող է բացատրվել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՀՀ-ում ձևավորված դրական շոկի չեղարմամբ՝ ի դեմս ՀՀ տեղափոխվող ռելոկանտների գործոնի։ Կամ այլ կերպ ասած, զբոսաշրջային հոսքերը, ենթադրաբար, վերադառնում են իրենց ավանդական, պոտենցիալ հուն։
Հետաքրքիր է այս համատեքստում 2019թ-ի հետ համեմատությունը, որի արդյունքում տեսնում ենք, որ դեռ աճի թրենդի ներքո ենք։ Արդյոք այդ դրական տեմպը կպահպանվի, կհասկանանք միայն ժամանակի ընթացքում։
Եթե ավելի գլոբալ մոտեցում դրսևորենք, առհասարակ զբոսաշրջային այցերի, զբոսաշրջության զարգացման համատեքստում, ապա այդ դրական թրենդի պահպանման դեպքում մենք կունենանք դրական զարգացում, քանի որ զբոսաշրջությունը հարակից շատ ուղղությունների համար՝ առևտուր, սպասարկում, ծառայություններ, դրամական հոսքեր և այլն, աճի հնարավորություններ է ստեղծում։ Մենք այս իմաստով ունենք լավ պոտենցիալ։ Սակայն փոքր-ինչ մտահոգիչ է ընդհանուր առմամբ տնտեսության կառուցվածքի փոփոխված վիճակը՝ ի դեմս ավելի պակաս արդյունաբերության և ավելի շատ սպառման ծավալների։ Այսօրվա փոփոխվող աշխարհում սա կարող է տնտեսությանը կանգնեցնել լուրջ՝ այդ թվում պարենային մարտահրավերների առաջ, ի վերջո ոչ վաղ անցյալում էր բոլորիս աչքի առաջ տեղի ունեցողը, երբ զբոսաշրջությունից առավել կախված տնտեսությունները քովիդի արդյունքում կանգնեցին լուրջ խնդիրների առաջ։
Սա, թերևս պարզապես անկարկ՝ որպես ամփոփում հիշեցնելով, որ
• Մենք դեռ չգիտենք իրականում ինչ տենդենցների ներքո ենք, և որ կետում վերջնական կկայունանա զբոսաշրջային հոսքերի վիճակագրությունը
• Կարևոր է հանգամանքը, որը մեր երկիր ամենաշատը գալիս են ՌԴ-ից, իսկ հաշվի առնելով հայ-ռուսական ներկայիս անկայուն հարաբերությունները՝ այս ամենը ևս հարցականի ներքո է
• Ցանկացած պարագայում, ՀՀ տնտեսության համար առաջնային է կառուցվածքի լավարկման խնդիրը՝ ներկայիս դեինդուստրալացման վտանգանվոր միտումներից խուսափելու համար։