ՀՀ և ՌԴ դիրքորոշումներում փոփոխություն չեղավ. Միրզոյանի Մոսկվա այցի արդյունքները
23 Հունվարի 2025, 11:30
(«Հարաբերությունների պարզաբանումը» հետաձգվում է)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«2023 թվականի ամռանից ի վեր առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Մոսկվա, որտեղ բանակցություններ է վարել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Բանակցությունների բաց մասում, ինչպես նաև բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում երկու երկրների ԱԳՆ ղեկավարների կողմից արվել են մի շարք կարևոր քաղաքական հայտարարություններ:
Սերգեյ Լավրովի կարծիքով՝ Միրզոյանի այցը վկայում է Մոսկվայի և Երևանի միջև շփումների դադարի հաղթահարման մասին: Լավրովը կրկին նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների պայմանավորվածությունները ՌԴ-ի համար մնում են արդիական: Վերստին բարձրացվել է Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսարանի բացման և Երևանում ռուսական դեսպանատանը կից դպրոց կառուցելու հարցը:
Իր հերթին Արարատ Միրզոյանը հայտարարել է՝ հույս ունի, որ Ռուսաստանը հաշվի կառնի տեղի ունեցող իրադարձությունների բոլոր բաղադրիչները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից: Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխող կուսակցությունը կողմ է քվեարկելու ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու նախագծին, ինչպես նաև ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցության անհնարինության մասով:
Հիշեցնենք, որ ի թիվս այլ բաների, այդ մասին խոսել էր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը ռուսական իշխանության համակարգում պատասխանատու է ԵԱՏՄ-ի համար: Արարատ Միրզոյանը կարծում է, որ Օվերչուկը պարզապես փորձագետ է, տեսաբան, քանզի, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, հենց այս կարգի սուբյեկտներն են հայտարարում վերոնշյալ երկու ինտեգրացիոն միավորումների միաժամանակյա մասնակցության անհամատեղելիության մասին:
Միրզոյանի այցի համատեքստում կարևոր է ընդգծել նաև այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Երևանում Միրզոյանի Մոսկվայում գտնվելու պահին ու դրանից հետո: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին մենակ է թողել, ՔՊ- ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը նշել է, որ «ռուսներն են հանձնել Արցախը», ինչպես նաև հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 24-ին քննարկելու է կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագիծը, որը կանաչ լույս է վառում հանրաքվե անցկացնելու համար։
Միրզոյանը, որ Մոսկվայում հայտարարել էր «Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին», չէր կարող չիմանալ, որ հունվարի 24-ին օրինագիծն արդեն պիտի լիներ խորհրդարանում: Սակայն Մոսկվայում նա պետք է խաղար իր դերը, և նա դա արեց:
Այդ ուժերը կամ անձը, ով կանգնած է վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ Մոսկվա այցելելու որոշման հետևում, «խաղադրույք են կատարել» շատ պարզունակ գործոնի վրա՝ Միրզոյանի այցը ՌԴ ղեկավարությունը կարող է ընկալել որպես ինչ- որ ազդանշան այն մասին, որ «իրականում ՀՀ-ն մտադիր չէ ավարտին հասցնել աշխարհաքաղաքական շրջադարձը», ինչը, իր հերթին, կարող է թուլացնել Մոսկվայի պոտենցիալ հակազդեցությունը Փաշինյանի գործողություններին։
Այս պահին կարելի է նշել, որ Ռուսաստանի Դաշնության համար 2020-2022 թվականների համաձայնագրերի արդիականության մասին հայտարարությունն ու հայկական կողմի գործողությունները վկայում են այն մասին, որ կողմերը չեն փոխել իրենց նախնական դիրքորոշումները, սակայն այժմ կողմերի «աշխարհաքաղաքական վեճը» հետաձգվել է։ Բայց հետաձգումը չի նշանակում չեղարկում։
Մտածե՛ք այդ մասին…»։