ՀՀ-ում գործազրկության մակարդակն ամենաբարձրն է
19 Սեպտեմբերի 2025, 18:05
Հանրության բարեկեցության մակարդակի վերաբերյալ դրական քարոզչական պատկեր ձևավորելու փորձերն ու դրսևորումները քիչ չեն։ Հենց այդ քարոզչական իրականության մեջ դեռ ամենասկզբից պարզվեց, որ աղքատությունն իրականում մարդկանց գլխում է, մինչդեռ այս տարիների ընթացքում, եթե վիճակագրորեն անգամ աղքատության ցուցիչը մի փոքր կրճատվել է, բոլորս ուղղակիորեն բախվեցինք աշխատող աղքատի ամրապնդված կատեգորիայի հետ, երբ մարդն ունի աշխատանք, կայուն եկամուտ, բայց որը չի բավարարում իր կենսական կարիքներին, կամ դրանց բավարարմանն ամբողջ ծավալով։
Դրա բավական չափելի պարամետրերից մեկը, և նաև պատճառներից մեկը, չհաղթահարվող գնաճն է, առաջին կարևորության ապրանք/ծառայությունների անընդհատ ու շարունակական աճը։ Ամենաթարմ տվյալներով՝ հացը թանկացել է 3,5 %, կարագը՝ 14%, մակարոնեղենը՝ 5,3 %, բուսայուղը՝ 17,5 % և այլն։ Ի դեպ, գնաճի որոշակի արագացումն է պատճառը, որ օրերս հայտնի դարձավ՝ ԿԲ անփոփոխ թողեցՎերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Թանկացումների հաղթահարման ամենաարդյունավետ ճանապարհը հանրության եկամուտների պարբերաբար ինդեքսավորումն է՝ գնաճին զուգահեռ։ Մենք դեռ 2020թ-ից սկիզբ առած ու չհաղթահարված թանկացումների ֆոնին չունենք եկամուտների պատշաճ աճ։ Մինչդեռ, նորից` քարոզչական իրականությունում միջին աշխատավարձերն են «աննախադեպ աճել»։ Միայն քարոզչական իրականությունում, քանի որ միջին աշխատավարձի վիճակագրական աճը տեղի է ունեցել որոշ ուղղություններում՝ հիմնականում ֆինանսական և ՏՏ ոլորտի բարձր վարձատրվող մասնագետների վարձատրության զգալի աճով, որը միջինացված ցուցանիշը «տեղաշարժել» է վերև։ Բայց արդյոք այդ փոփոխությունը 150-200 հազար դրամ ստացող քաղաքացու մոտ իրավիճակ է փոխում։
Ընդհանրապես, մեր սոցիալ-տնտեսական կյանքը բաժանվել է քարոզչական և իրական իրականությունների միջև։ Ամենաթարմ օրինակներից՝Հայաստանի արտաքին առևտուրը կրճատվել է 35,8 %-ով։ Իհարկե, կարելի է որևէ մեկ ապրանք կամ մեկ ուղղություն՝ տվյալ պահին գրանցած դրական վիճակագրությունն ընդհանուրից դուրս բերել և բարձրաձայնել, բայց իրականությունը դրանից չի փոխվում։ Ճիշտ այնպես, ինչպես կարելի է անընդհատ խոսել արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի մասին, բայց վեց տարիների ընթացքում է՛լ ավելի մեծացնել կախվածությունն առևտրային մեկ ուղղությունից։
Եվ, ի վերջո, կարելի է անընդհատ խոսել աննախադեպ տնտեսական աճի մասին, համեմատություններ անել տարբեր երկրների հետ, ֆիքսել, որ որոշ վիճակագրություններով առաջ ենք անցել այս կամ այն երկրից՝ առանց իհարկե մանրամասնելու, որ դա ժամանակավոր ազդեցություններով պայմանավորված ժամանակավոր իրավիճակ է, բայց զուգահեռ իրականությունում ունենալ գործազրկության մակարդակ (14%), որը հարևան ու ոչ միայն հարևան երկրների թվում ամենաբարձրներից է։