ՀՀ պետական կառավարումն անվստահության աղբյո՞ւր
16 Սեպտեմբերի 2025, 18:00
Moody’s վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Հայկական էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի վարկանիշը: Գործակալության կողմից ընկերության վարկանիշի վերանայման գործընթացը սկսվել է ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ որոշումից և դրա շուրջ տեղի ունեցած գործընթացներից հետո:
Մասնավորապես, գործակալությունն ընկերության երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշը (CFR) «Ba2»-ից նվազեցրել է «Ba3» մակարդակի, իսկ դեֆոլտի հավանականության վարկանիշը (PDR)՝ «Ba2-PD» մակարդակից մինչև «Ba3-PD»։
Գործակալության կողմից վարկանիշի կանխատեսումը «կայունից» փոխվել է «բացասականի», իսկ ահա ընկերության վարկունակության վարկանիշը «CIS-2»-ից նվազեցվել է «CIS-3» մակարդակի:
Առհասարակ վարկանիշային գործակալությունները ժամանակակից ֆինանսական աշխարհում ունեն առանձնահատուկ դեր ու նշանակություն, որոնք երկրների և կազմակերպությունների համար վարկանիշային գնահատումներ են իրականացնում: Վերջիններիս հիման վրա համաշխարհային ֆինանսական խաղացողները կողմնորոշվում են իրենց ռիսկերի գնահատման և որոշումների կայացման համատեքստում: Իրենց անհրաժեշտ տվյալները գործակալությունները երկու հիմնական ճանապարհով են ստանում՝ պաշտոնական վիճակագրությամբ կամ ընկերությունների հաշվետվությունների հիման վրա, երկրորդ՝ փորձագիտական դաշտում առկա գնահատականների, վերլուծությունների, հետազոտությունների ուսումնասիրություններով:
Ռեյթինգային գործակալությունների գործունեության առանձնահատուկ ակտիվությունը սկսել է նկատվել 2008թ-ի ֆինասնատնտեսական ճգնաժամից հետո: Ռեյթինգների «մշակույթը» սկիզբ է դրվել Միացյալ Նահանգներում: Թեև այսօր աշխարհում շատ են վարկանիշային գործակալությունները, սակայն ամենահեղինակավորները երեք են S&P, Moody’s և Fitch Ratings գործակալությունները:
Իհարկե փորձագիտական դաշտում կան քննարկումներ՝ որքանո՞վ են վստահելի այդ գնանատականները: Կան օբյեկտիվ կարծիքներ, որ քաղաքական ենթատեքստ կա, սակայն դա, կարծում ենք, գլոբալ հարցերի դեպքում է:
Ինչ վերաբերում է Moody’s-ի կողմից «ՀԷՑ»-ի վարկանիշի նվազեցմանն, ուշադրություն դարձնենք այն հագամանքին, որ, ինչպես նշված է կառույցի հաղորդագրության մեջ, կանխատեսումը «կայուն»-ից «բացասական»-ի փոխվել է՝ ելնելով ընկերության կորպորատիվ կառավարման շուրջ անորոշություններից: Վարկունակության վարկանիշի նվազեցումը պայմանավորված է կորպորատիվ կառավարման շուրջ վերջին իրադարձությունների ազդեցությունների անորոշություններով։ Վերջին իրադարձությունները «ՀԷՑ»-ի շուրջ բոլորին հայտնի զարգացումներն են, որի նախաձեռնողն ու իրականացնողը ՀՀ գործող իշխանությունն է: Ուստի այս ձևակերպման տողատակում գործակալությունն անվստահություն է հայտնում իշխանության կողմից իրականացված գործողությունների և՛ արդյունավետությանը, և՛ դրա տնտեսապես ու սոցիալապես հիմնավորված լինելուն, և՛ ընկալելիությանը և այլն:
Այսինքն, եթե բանաձևային ներկայացնենք, գործակալության գնահատմանբ՝ գործող իշխանության քաղաքականությունն անվստահության աղբյուր է: