ՀՀ քաղաքացիները «HelloBit» ֆինանսական բուրգի «փլատակների տակ».«Ուշադրությունից դուրս»
30 Նոյեմբերի 2025, 14:30
Վերջին շրջանում Հայաստանում ակնհայտորեն ավելացել է կիբերհանցագործությունների թիվը՝ հատկապես ֆինանսական գծով։ Թիրախում հատկապես այն քաղաքացիներն են, որոնք իրենց ֆինանսական խնդիրները լուծելու այլ ճանապարհ չեն գտնում։
Հերթական խարդախության զոհը դարձան «HelloBit» այսպես կոչված ներդրումային հարթակում գումար ներդրած քաղաքացիները։
Հարթակը խոստանում էր ֆինանսական տրամաբանությունից դուրս եկամուտ՝ ներդրված գումարի 2 տոկոսի չափով, այն էլ օրական։ Եվ ամենակարևորը. իր գործունեության սկզբնական շրջանում՝ մարդկանց ծուղակը գցելու համար, «HelloBit»-ը ոմանց վճարում էր։
Ոգևորված կայուն և պասիվ եկամտով՝ շատ քաղաքացիներ սկսեցին վաճառել իրենց ունեցվածքը կամ պարտքով գումար վերցնել ավելի մեծ ներդրում կատարելու համար, ավելի մեծ եկամտի ակնկալիքով։ Իսկ այլ մարդկանց ներգրավելու դիմաց, խարդախները խոստանում էին հավելյալ տոկոսներ։
Թեպետ մեքենայության հետևանքով տուժած քաղաքացիներն իրավապահներին բազմաթիվ հաղորդումներ են ներկայացրել, ներդրումային հարթակի անվան տակ գործող «HelloBit»-ի կայքը դեռ հասանելի է ՀՀ քաղաքացիներին։
«AlphaNews»-ը թեման քննարկել է ոլորտի մասնագետների հետ։