Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

ՀՀ ՍԴ որոշումը՝ պետականության կազմալուծման գործընթացի պաշտոնական սկիզբ

02 Հոկտեմբերի 2024, 12:00

 

(Ինչպե՞ս է Փաշինյանը հիմնավորելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողի իջեցումը»)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Գրեթե ամբողջ օրը հայ փորձագիտական հանրության մի մասն ակտիվորեն քննարկում է այն, որ ՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի իր որոշմամբ վճռել է՝ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։ ՍԴ-ն, ըստ էության, հայտարարում է, որ Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները 1995թ․ հուլիսի 13-ից սկսած որևէ նշանակություն, իրավական ուժ չունեն։

Ուշագրավն այն է, թե ինչ տոնայնությամբ է քննարկվում ՍԴ-ի այս որոշումը, հատկապես մեկնաբանություններն ու այն, որ «Փաշինյանն այս որոշմամբ ամբողջությամբ փակում է Արցախի էջը»։ Ըստ ամենայնի, Հայաստանի քաղաքական դերակատարների ճնշող մեծամասնությունը չի հասկացել, որ Փաշինյանը փակել է արցախյան էջը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպման ժամանակ։ Իսկ ընդհանրապես, ՍԴ որոշումը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի, իսկ ավելի կոնկրետ՝ հայկական պետականության կազմաքանդման պաշտոնական ընթացակարգերի մեկնարկի մասին էր:

Սահմանադրական դատարանի որոշումը քննարկելիս պետք է հասկանալ ոչ միայն դրա բովանդակային բաղադրիչը, այլև տեղի ունեցողի ենթատեքստը։ Իսկ ենթատեքստն այն է, որ Սահմանադրական դատարանի որոշումը կայացել է Փաշինյանի ԱՄՆ կատարած այցից անմիջապես հետո, որտեղ, ըստ Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն գործընկերների, պաշտոնական Երևանը մտադիր էր ԱՄՆ հովանու ներքո խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Ավելին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը ցանկանում է ստանալ ցանկացած մի փաստաթուղթ, որը կարող է ներքին կարգով ներկայացվել որպես «խաղաղության պայմանագիր» գոնե նոյեմբերի COP29-ի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաքում։

Սահմանադրական դատարանի միջոցով Անկախության հռչակագրին հղումն իրավաբանական ուժ չունեցող ճանաչելու մասին որոշումով՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ, որ կատարել է Բաքվի հիմնարար պահանջներից մեկը՝ փաստացի փոխել է Սահմանադրությունը, քանի որ դրա նախաբանը ճանաչվել է «իրավական ուժ չունեցող»։ Մինչդեռ Բաքուն ցանկանում է ստանալ ոչ թե Սահմանադրական դատարանի որոշում, այլ համազգային հանրաքվե, որտեղ կամրագրվի Անկախության հռչակագրին հղում կատարելու մերժումը։

Իհարկե, շատերը կարող են ասել, որ Բաքուն ժամանակ է ձգում։ Միգուցե դա ճիշտ է, բայց ինչո՞ւ է դա անում: Իլհամ Ալիևը փաստացի որսաց մի կարևոր նրբերանգ՝ Հայաստանի պատրաստակամությունը ստորագրել «խաղաղության պայմանագիր» (կամ ինչ-որ բան, որը կարող է ներկայացվել որպես այդպիսի փաստաթուղթ) ցանկացած պայմաններով, և այժմ պաշտոնական Բաքուն, ըստ երևույթին, օգտվելով ստեղծված իրավիճակից 2 զուգահեռ գործընթաց է իրականացնում՝ ՀՀ-ի նկատմամբ պահանջների ավելացում (հիշենք Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, ով պահանջում էր ՀՀ ապառազմականացում և Հայաստանը վերածել ապադաշինքային երկրի), ինչպես նաև սակարկում է միջազգային դերակատարների հետ, որոնց հարթակում կարող է լինել փաստաթուղթի ստորագրումը, Սակարկում է այն հարցի շրջանակներում, թե պոտենցիալ միջնորդը Հայաստանից էլ ի՞նչ զիջումների է պատրաստ երաշխավորել Բաքվին։ Ակնհայտորեն հասկանալով, որ Երևանը պատրաստ է հանձնել և՛ Սահմանադրությունը, և՛ «Զանգեզուրի միջանցքը», Ալիևն այսօր միջնորդներին ասում է. «Ես արդեն միջանցք ունեմ, ինձ էլ ի՞նչ կարող եք առաջարկել։ Ի՞նչ կարող են համոզել Հայաստանին անել»։

Փաշինյանի թիմի անդամները Նյու Յորք կատարած այցից հետո, բացահայտելով կուլիսային գործընթացների մանրամասները, նշել են, որ Փաշինյանն ԱՄՆ-ում պետք է համաձայներ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխգործակցության ինչ-որ տարածաշրջանային ձևաչափի ձևավորմանը, որտեղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է լիներ գործընթացների օպերատորը, իսկ Անկարան՝ որպես երաշխավոր, պետք է համոզեր Ադրբեջանին խաղաղություն կնքել Երևանի հետ: Այս սխեմայի գլխավոր հեղինակը Ջոշուա Հաքն էր՝ Ջեյմս Օ’Բրայենի տեղակալը: Սակայն հենց այն պատճառով, որ ԱՄՆ-ի առաջարկը չբավարարեց Ալիևին (ոչ ոք չի չեղարկել նաև Իրանի և Ռուսաստանի հակազդեցությունը), նա չգնաց Նյու Յորք և, հակառակ Պետդեպարտամենտի ծրագրին, չստորագրեց որևէ փաստաթուղթ։

Վերադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը, նշում ենք, որ այս ակտով ՀՀ իշխանություններն արդեն պաշտոնապես իջեցրել են հայկական պետականության նշաձողը, քանի որ իրականացրել են երրորդ կողմի պահանջով պայմանավորված քաղաքական ակտ։ Սա ինքնիշխանության նվազում չէ՞։ Մեզանում աշխատեց դասական բանաձևը՝ «Եթե երկիրը, ընտրություն կատարելով պատերազմի և խայտառակության միջև, ընտրում է խայտառակությունը, ապա նա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»:

Թեև կարող էր պատերազմ և խայտառակություն չլիներ, սակայն դրա համար անհրաժեշտ էր իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում արտացոլված պայմանավորվածությունները։ Այդ դեպքում Հայաստանի պետականությունը վտանգի տակ չէր լինի։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հիմա եթերում