Հիբրիդային միջամտություն՝ ընտրական գործընթացներին. «Ուշադրությունից դուրս»
05 Ապրիլի 2026, 15:00
«Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներն անցած շաբաթ «կանաչ լույս» են վառել Հայաստան հիբրիդային սպառնալիքների արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին»։ Այս մասին գրել է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր բրյուսելյան աղբյուրներին:
Արագ արձագանքման խումբը ժամանում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խնդրանքով: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ խումբը եկել է Հայաստան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «հիբրիդային սպառնալիքները» կանխելու նպատակով: «Ազատությունը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ առաքելությունը բաղկացած է լինելու 9-14 հոգուց:
Մինչ առաքելության ժամանումը՝ ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ չեն դադարում խոսել Հայաստանի դեմ տարվող խառնածին կամ «հիբրիդային պատերազմների» մասին, որոնց գերնպատակը, իբրև թե, Հայաստանի ներքաղաքական գործընթացներին միջամտությունն է: ՔՊ որոշ պատգամավորներ ճեպազրույցների ժամանակ լրագրողներին մեղադրում են այդ «պատերազմներին» ենթադրյալ մասնակցության համար: Որոշներն էլ խոսում են հյուսիսից եկող վտանգների մասին՝ այդպես էլ չհստակեցնելով, թե որ երկիրն է ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ վարողը, սակայն ակնարկելով, որ խոսքը Ռուսաստանի մասին է:
Ավելին՝ այն, որ այսպես կոչված հիբրիդային սպառնալիքներն առնվազն կարող են բխել նաև Ռուսաստանից, հստակ արձանագրվեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի մակարդակով: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասն անցյալ տարի Միրզոյանի հետ հանդիպմանը նույնպես չթաքցրեց, որ հիբրիդային սպառնալիքներ ասելիս ԵՄ-ն հիմնականում նկատի ունի Ռուսաստանին:
Ըստ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի՝ Եվրամիությունն, աղաղակելով Ռուսաստանից եկող աներևույթ վտանգների մասին, դրանով փորձում է ուղղորդել հայ ընտրողին․ «Ռուսաստանը սպառնում է ձեր ժողովրդավարությանը, հետևաբար հունիսի 7-ին գնացե՛ք և ընտրե՛ք այն ուժին, որը դեմ է հայ-ռուսական դարավոր հարաբերություններին»:
Ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի՝ իրավիճակն աննախադեպ է. «ՀՀ նախընտրական գործընթացին ներգրավվում է օտարերկրյա մանդատ ունեցող կառույց»:
Բադալյանի խոսքով՝ ՀՀ ներքաղաքական գործընթացներում որոշակի հետաքրքրություններ ունեն աշխարհաքաղաքական շատ կենտրոններ, սակայն միայն ԵՄ-ն է ստացել գործընթացներին միջամտելու հնարավորություն: