Ինչի՞ շուրջ են իրականում բանակցում Երևանն ու Բաքուն
27 Փետրվարի 2025, 11:35
(Խաղաղության պայմանագրի ոչ թե 2, այլ շատ ավելի հոդվածներ մնում են չհամաձայնեցված)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Նախօրեին՝ փետրվարի 25-ին, Հայաստանը ստացել է Ադրբեջանի պատասխանը խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը որոշակի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում՝ նշելով, որ կողմերն արդեն համաձայնեցրել են նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը, և որ բավարար քաղաքական կամքի դեպքում այն կարող է արագ վերջնական տեսքի բերվել և ստորագրվել։ Սակայն 3 ամիս Ադրբեջանը չէր արձագանքում հայկական կողմի առաջարկներին՝ կապված խաղաղության պայմանագրի նախագծի հետ, իսկ հիմա, հենց փետրվարի վերջին ստացվեց պատասխան։
Ադրբեջանն ընտրել է շատ նշանակալից պահ դա անելու համար: Պահը հատկանշական է, քանի որ անցյալ շաբաթ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովն ասել էր. «Այս պահին համաձայնեցված են խաղաղության պայմանագրի 17 կետերից 15-ը, իսկ երկու կետերը, որոնք համաձայնեցված չեն, վերաբերում են «Զանգեզուրի միջանցքի» բացմանը և Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներին»։
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակը ֆորմալ առումով հերքել է իր ադրբեջանցի գործընկերոջ հայտարարությունները՝ նշելով, որ խաղաղության պայմանագրում նման դրույթներ չեն քննարկվում, Ռուբեն Ռուբինյանն, ըստ էության, չի ասել, որ նման հարցեր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների օրակարգում չկան, այլ պարզապես ընդգծել է՝ նշված դրույթները չեն քննարկվում խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Ելնելով դրանից՝ կարելի՞ է ենթադրել, որ Բաքվի երեկվա պատասխանը Երևանին ներառում էր նաև Ասկերովի հնչեցրած դրույթները։
Ընդհանրապես, խաղաղության պայմանագրի, դրա կետերի վերաբերյալ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Հիշենք միայն, որ դեռևս 2024 թվականի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ Երևանն ու Բաքուն դեռևս չեն համաձայնեցրել պայմանագրում միջազգային հայցերից փոխադարձ հրաժարվելու և սահմանին երրորդ երկրների տեղակայման անթույլատրելիության մասին կետերը։ Իսկ դեռ 2023 թվականի ամռանը Ադրբեջանի գլխավոր բանակցողներից մեկը՝ դեսպան Էլչին Ամիրբեկովը, նշել էր, որ կողմերը պայմանավորվել են հաղորդակցության ուղիների հարցերը լուծել միայն խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Իսկ արդեն երեկ Անի Բադալյանը հայտարարել է, որ Բաքվից պատասխան է ստացվել խաղաղության պայմանագրի վերաբերյալ, և չգիտես ինչու նաև նշել, որ առաջարկներն այլ ոլորտներում՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակում և զենքի փոխադարձ վերահսկողության և ստուգման մեխանիզմ, մնում են անպատասխան։
Ուրեմն ի՞նչ են ի վերջո քննարկում Երևանն ու Բաքուն։ Տեղի ունեցած իրադարձությունների ողջ համալիրից կարելի է եզրակացնել, որ կողմերը քննարկում են ոչ թե պարզապես խաղաղության պայմանագիր, այլ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ, որն, ըստ ամենայնի, պարունակում է կետ միջանցքի մասին։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունները հանձնեցին Արցախը, որի գրեթե պաշտոնական բացատրությունն այն էր, որ Հայաստանը և Արցախը կապող Լաչինի միջանցքի բացակայությունը թույլ չի տա Բաքվին պահանջել «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանով, սակայն Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ակնկալիքները չարդարացան։ Մենք ականատես ենք լինում փաշինյանական քաղաքականության հերթական ֆիասկոն:
Ֆիասկո, որը կարող է Հայաստանի համար թանկ արժենալ…
Մտածե՛ք այդ մասին․․․»։